Հիմնական վարկածը` կասկածի տակ
00:00, August 26, 2010 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀուլիսի 28-ին ԼՂՀ ՊԲ Մարտունու N զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հիմնական վարկածը իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար այնքան էլ արժանահավատ չէ:
Հիշեցնենք, որ զոհվել էր 6 հոգի` 5 զինվոր, մեկ սպա: Ըստ այդ վարկածի`սպան` Վարդգես Թադեւոսյանն (հենակետի պատասխանատուն) ու սերժանտը (դիրքի ավագը) մարտական դիրքում զինվորներից մեկին քնած լինելու պատճառով սկսել են վիրավորել, նվաստացնել, որին ի պատասխան` հերթապահող մյուս զինվորը` Կարո Այվազյանը, գնդակահարել է նվաստացնողներին, այնուհետեւ կրակել ձայնի վրա իրենց մոտեցող 3 զինվորներին ու ինքնասպան եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Կարո Այվազյանի սպանություն կատարելու եւ ինքնասպանություն գործելու հետ կապված բավականին հարցեր են առաջանում, այսինքն` նրա հասակը թույլ չի տալիս, որ նա կարողանար ինքնասպան լինել РПК հրազենով` փողի երկարության պատճառով:
Դրանից բացի, նրա մարմնի աջ երիկամի ուղղությամբ կապտուկի հետք է եղել, ինչը կարող էր առաջանալ միայն կենդանության ժամանակ:
Սակայն նա միակը չէ, ում վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Ըստ իրավապաշտպանի` ժամկետային զինծառայող Գարեգին Հովսեփյանի վրա եւս եղել են բռնության հետքեր, անգամ որոշ մատներ կոտրված են եղել:
Հակասություններ են ի հայտ եկել նաեւ սպանության ժամերի վերաբերյալ: Արթուր Սաքունցը հարազատների հետ զրույցում պարզել է, որ ծնողների զավակները անհասանելի են եղել տարբեր ժամերի եւ ժամերի համեմատությունը հիմք է տալիս ենթադրելու, որ սպանության ժամերը տարբեր մարդկանց դեպքերում տարբեր են. «Փորձաքննությունը մահվան հասնելու վերաբերյալ դեռ ավարտված չէ, դեռ հարազատները ծանոթացված չեն»,-ասաց նա:
Ի դեպ, իրավապաշտպանի մոտ հարց է ծագում, թե ինչ գործ է ունեցել այնտեղ գումարտակի հրամանատար Հովիկ Դանիելյանի վարորդ Ռոբերտ Հովհաննիսյանը. նա սպանվածների մեջ է. «Ռոբերտ Հովհաննիսյանը դիրքում ընդհանարապես անելիք չունի: Միայն կարող էր հրամանատարի հետ հայտնվել դիրքում, որը մահացածների մեջ չի եղել: Եթե անգամ առանց հրամանատարի է հայտնվել, ապա ո՞րն է եղել մոտիվացիան: Եթե հրամանատարի հետ է եղել, գնդի հրամանատարը ինչո՞ւ է եղել»:
Արթուր Սաքունցը չի հավատում նախաքննության անաչառությանը, քանի որ ըստ նրա` վկաների եւ այլ մանրամասների մասին որեւէ տեղեկատվություն չի հրապարակվում:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2010/08/26/saqunc