Հիմնավոր կասկածներ կան, որ Պերմյակովը միակ մեղավորը չէր. Սաքունց
16:31, August 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕգոստոսի 19-ին կայանալու է Պերմյակովի գործով դատական նիստը, պաշտպաններից մի քանիսը նշել են, որ այլևս իմաստ չունի մասնակցել դատական նիստերին, քանի որ նրանց ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել են: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ չնայած դատարանը բոլոր միջնորդությունները մերժել է, սակայն անհրաժեշտ է մասնակցել նիստերին: «Մենք մասնակցելու ենք և ներայացնելու ենք մեր դիրքորոշումը Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքի վերաբերյալ»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
«Պերմյակովը, որը առնվազն տեղյակ է եղել այդ հանցագործությանը և մասնակցել է, դա դեռ հիմք չէ ասելու, որ միայն Պերմյակովն է մեղավոր: Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել և չի տրվել իրավական գնահատական բոլոր այն գործողություններին, որոնք վերաբերում են թե՛ ռուսական բազայի հրամանատարութայնը, թե՛ Պերմյակովի անմիջական ղեկավարներին, որոնց այդպես էլ դատարանը միջոցներ ձեռք չառավ հրավիրելու դատարան, հարցաքննելու, որի պարագայում մենք կարող էինք այլ պատկեր ունենալ: Նաև կարող էինք վկաների ցանկն ընդլայնել, մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ Ավետիսյանների տանը հարակից տների բնակիչները հրավիրվեն ՝ որպես վկաներ, այդ միջնորդությունը ևս մերժվեց»:
Ըստ իրավապաշտպանի՝ հանցագործությունը կարող է համարվել բացահայտված, երբ բացի հանացագործության գործիքներից՝ հայտնի է նաև առնվազն դրդապատճառը: «Այս սպանությունների դրդապատճառը շատ թույլ է. իբրև թե Պերմյակովը Ավետիսյանների տուն է մտել գողության նպատակով, վերցրել է 8000 դրամ, որ Թուրքիայով գնա Ռուսաստան: Նման դրդապատճառի արդյունքում համարել, որ տեղի է ունեցել արդարադատություն, ես չեմ կարող»:
Իրավապաշտպանը նաև տեղեկացրեց, որ արդեն տուժողների իրավահաջորդների դիմումը ներկայացվել է ՄԻԵԴ. «Ավետիսյանների սպանության հարցում մեղավոր ենք ճանաչում Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ ռուսական բազայի զինվոր է սպանել: Շատ կարևոր է Եվրոպական դատարանի իրավական գնահատականը»:
Աղբյուրը՝ www.1in.am