Հիշեցում՝ ՀՀ իրավական ակտերի լեզուն հայերենն է
10:49, November 11, 2013 | Հայտարարություններ, ՍեփականԻրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով»: Նույն հոդվածի համաձայն՝ օտար լեզուներով նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունվել միայն քաղաքացիական ավիացիայի բնագավառում, իսկ ներքին իրավական ակտեր միայն քաղաքացիական ավիացիայի և ատոմային էներգիայի բնագավառում:[1]
Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքները, օրինագծերը, ենթաօրենսդրական ակտերը, կառավարության ծրագրերը, որոշումները, դրանցից բխող միջոցառումների ցանկերը, ներքին հրամանները, հրահանգները և այլ փաստաթղթեր, բացառությամբ նշված բնագավառների, անկախ իրենց բովանդակությունից՝ իրավական ուժ ունենալու համար պետք է պարտադիր լինեն ՀՀ միակ պաշտոնական լեզու հանդիսացող գրական հայերենով:
Օրենքի այս դրույթի հիմնավորվածությունը դժվար է գերագնահատել, քանի որ պաշտոնական լեզուն ոչ միայն պետականության և ինքնիշխանության կարևորագույն ու անվիճարկելի հիմքերից մեկն է, այլև իրավական ակտերի պարզ, հստակ և մատչելի լինելու օրենսդրական պահանջի ապահովման երաշխիք է:
Խորհրդային ժամանակաշրջանում իրավական ակտերի պաշտոնական լեզվով՝ ռուսերենով փաստաթղթերի համատարածությունը առաջացնում էր ընդհանուր պատկանելություն, որը որոշ ժամանակ շարունակվեց նաև Խորհրդային միության փլուզումից հետո: Այսպիսով խախտելով ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 36 հոդվածը՝ չի հաղթահարվում Ռուսաստանի՝ որպես Խորհրդային Միության իրավահաջորդի գերակայությունը Հայաստանի ինքնիշխան հանրապետությունում:
2013 թ. հոկտեմբերի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի ավտոմեքենան կանգնեցվել և խուզարկվել է Գյումրի – Վանաձոր ավտոճանապարհին: Խուզարկության հիմքերը պարզելու համար՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանության իրավաբանական բաժնից տեղեկացրել են, որ ավտոմեքենան կանգնեցվել և զննվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անցտանգության խորհրդի 2008 թ. սեպտեմբերի 15-ի որոշման, ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 – 2013 թ. հիմնական միջոցառումների պլանի 5-րդ կետի և ՀՀ ոստիկանության պետի կողմից 2013 թ. սեպտեմբերի 1-ին հաստատված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրամիջոցային օպերացիայի պլանի համաձայն: Պատասխան գրությանը կցվել է նաև ՀՀ ոստիկանապետի կողմից հաստատված վերոնշյալ պլանը, որը ռուսերեն լեզվով է: Ստացվում է, որ Հայաստանի հանրապետությունում Հայաստանի հանրապետության Ոստիկանապետը ընդունել է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքին հակասաող որոշում և այդ ապօրինի որոշման միջոցով անօրինական հանձնարարական տվել ոստիկանության ծառայողներին, որոնք էլ իրենց հերթին իրականացրել են անօրինական հանձնարարականը՝ առանց հստակ հիմնավորման զննելով քաղաքացիների ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն ունենք արձանագրված նախադեպ, երբ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային բյուրոն (ԱԴԲ), անարգել գործելով ՀՀ տարածքում, ոտնձգություն է կատարել ՀՀ քաղաքացու՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝ սահմանափակելով նրա ազատ տեղաշարժը առանց ՀՀ իշխանությունների թույլատվությամբ:
Այսպիսով հերթական անգամ ՀՀ Ոստիկանության կողմից հաստատվում է ռուսերեն լեզվով իրավական փաստաթուղթ, որով ՀՀ օրենսդրության պահանջները ստորադասվում են ՀԱՊԿ-ի մոտեցումներին: