ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելու հեռանկար չունի, որովհետև Ադրբեջանն իր համաձայնությունը չի տալիս. կարծիքներ
10:03, April 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանը Մաքսային միությանն անդամակցելու հեռանկար չունի, և դա շատ լավ է, որովհետև այն առնչվում է Հայաստանի համար լուրջ նշանակություն ունեցող ղարաբաղյան հարցին. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։
Հարցին, թե ի՞նչ պատճառներով ու կողմերից ո՞ր մեկի նախաձեռնությամբ է գործընթացը դանդաղում կամ կասեցվում՝ Ղուկասյանը պատասխանեց. «Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանն առանց Ադրբեջանի համաձայնության և տեսանելի է, որ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տալիս: Մաքսային միության պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանի հետ ունեն բազմաթիվ տնտեսական, քաղաքական, ռազմական հարաբերություններ, և Ադրբեջանի կարծիքը և դիրքորոշումն այդ հարցում իրենց համար էական նշանակություն ունեցող հարց է: Բնականաբար, նման պայմաններում, երբ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տալիս, այսօրվա իշխանությունները Հայաստանում ունեն այլընտրանք՝ մաքսակետ դնել ԼՂ-ի հետ սահմանի վրա, ինչն իրականցվելի ծրագիր չէ»,-ասաց նա։
Քաղաքագետի պնդմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու փորձը լուրջ մարտահրավեր է այսօր գոյություն ունեցող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերություններին: «Տեսնում ենք, որ Ադրբեջանը դեմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ մաքսակետ տեղադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների սահմանում, հետևաբար, այդ բոլոր խոսակցությունները՝ Մաքսային միություն, անդամակցություն Եվրասիական միությանը իմ կարծիքով ՝ հանրային ուշադրությունը շեղելու համար են»,-նշեց նա։
Անդրիաս Ղուկասյանը վստահ է՝ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցելու քաղաքականությունը եղել է պարզապես Ռուսաստանի կողմից բարի ցանկություն, իսկ մեր կողմից՝ փորձ հանրային ուշադրությունը շեղելու:
Իսկ թե այդ դեպքում ինչու՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը երկու օրվա մեջ երկու իրար հակասող հայտարարություն արեց, (ավելի ուշ դա որակվեց թյուրիմացություն ), որոնցից մեկն այն է, որ ապրիլի 29-ին Հայաստանը կստորագրի ՄՄ պայմանագիրը, իսկ մյուսով դա հերքվում էր, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Հենց այն պատճառով է Վահրամ Ավանեսյանը իրարամերժ հայտարարություններ անում, որովհետև այդ ծրագիրը ծերից ծեր բլեֆ է: Իշխանությունները պարզապես փորձում են իրենց անզորությունը քողարկել»:
Քաղաքագետի ընդգծմամբ՝ Հայաստանը չի կարող դառնալ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ՝ առանց ՄՄ-ին անդամակցելու։ Իսկ թե այդ դեպքում ինչպե՞ս էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն բաժնի պետը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել, որ ՀՀ-ն հունվարի մեկից դառնալու է միանգամից ԵՏՄ-ի անդամ, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ նման հայտարարություններ դեռ կլինեն, «որովհետև քաղաքականությունը ցուցադրել, որ իբր, Հայաստանը կարող է մտնել ՄՄ և Ռուսաստանն էլ պատրաստ է դրան, դեռ երկար ժամանակ ծավալվելու է, մինչև որ կողմերին վերջնական պարզ դառնա, որ այս ոլորտում որևէ իրական հնարավորություն չկա: Որ ո՛չ Ռուսաստանը կզոհաբերի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, ո՛չ էլ Հայաստանը՝ իր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Սա մի գործընթաց է, որ հանրության մոտ թվացյալ տպավորություն է ստեղծում, որ Սերժ Սարգսյանը, իբր, մի բան բանով զբաղված է»,-նշեց նա և հավելեց, թե սա հերթական անպտուղ գործընթացներից մեկն է, ինչպիսիք են եղել հայ-թուրքական արձանագրությունները, ԵՄ-ին ասոցացումը և այլն։
Հարցին, թե հնարավոր է՝ նման գործընթաց սկսելով՝ Ռուսաստանն ուղղակի կասեցրեց Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի՞ հետ, բանախոսը պատասխանեց. «Այսօր ակնհայտ է, որ Ռուսաստանն աշխարհի ամենասուտասան, խաբեբա երկիրն է, որն անտեսում է միջազգային հարաբերությունները, և նրա պահվածքը հիմք ընդունել քաղաքական վերլուծության համար, պարզապես չի կարելի: Ռուսաստանը մի օր մի բան է ասում, մի օր՝ մի բան և այն վիճակում է գտնվում, որ այսօր այդ երկիրը որևէ մեկի համար դաշնակից, ռազմավարական գործընկեր չի կարող հանդիսանալ, ինչպես նաև հենարան դառնալ որևէ մեկի համար: Ռուսաստանը կանգնած է միջազգային սանկցիաների առջև և օր օրի կորցնում է իր տնտեսական հզորությունը»։
Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համար էլ դժվար է որևէ խելամիտ հիմնավորում գտնել քաղաքական կուրսի նման փոփոխության համար, բայց մի բան նրա համար պարզ է՝ ՀՀ ուղղությունը դեպի ռուսական գերիշխանության ենթարկման տակ՝ միանշանակ է:
«Հայաստանի իշխանությունների վարքագծում կամ իրականացվող քաղաքականության մեջ տրամաբանություն հասկացությունն այնքան հեռու է, որ իրապես շատ դժվար է որևէ խելամիտ հիմնավորում գտնել նման փոփոխության համար։ Միակ տրամաբանությունն այն է, որ ուղղությունը դեպի ռուսական գերիշխանության ենթարկման տակ գտնվելը միանշանակ է: Հիմա մաքսային, թե Եվրասիական միություն, որևէ նշանակություն չունի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Սաքունցի՝ այլ հարց է, թե Վլադիմիր Պուտինի համար Հայաստանն ինչքանով է կարևոր։ «Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չի»,-ասաց նա և ավելացրեց, թե Հայաստանի կապվածությունը Ռուսաստանի հետ այնքան մեծ է, որ անիմաստ է լրացուցիչ պատասխանատվություն վերցնել Հայաստանի համար։
Արթուր Սաքունցի խոսքով՝ այն պատճառաբանությունը, որի հիման վրա ՀՀ իշխանությունը հապճեպ որոշում կայացրեց անդամակցել ՄՄ-ին, այդպես էլ չհրապարակվեց, ու նույն տրամաբանությամբ էլ շարունակվում է գործել մինչ օրս։
«Ռուսաստանի նկատմամբ հավատարմությունն այնքան կարևոր է իրենց համար, որ պատրաստ են Եվրասիական տնտեսական միության հնգամյա պլանը ժամկետից շուտ անել»,-ասաց նա, բայց նկատեց, թե բոլորն են փաստել, որ այստեղ Հայաստանը տնտեսական շահեր չունի, և վիճակն ավելի վատթարանալու է։
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հակասական հայտարարություններին, ապա Սաքունցը նշեց, որ Հայաստանում որևէ մեկը, այս թվում Նախագահ Սերժ Սարգսյանն ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից վաղուց զրկվել են։
«Դա սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ապացուցեց: Դրա համար փնտրել պատճառներ, թե ինչու էկոնոմիկայի նախարարը մի օր հայտարարեց մի բան, մյուս օրը՝ մեկ այլ բան, իմաստ չունի, երևի թե պետք է փնտրել Եվրասիական տնտեսական միության պոտենցիալ անդամների՝ Բելառուսի, Ղազախստանի վարքագծի փոփոխություններով, որովհետև Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները կամ տարակարծություններն են որոշիչ: ՀՀ իշխանությունները ուղղակի ստիպված են ենթարկվելու փոփոխություններին: Այդ երկրների վարքագծի փոփոխությունը ցույց է տալիս, որ Եվրասիական միության հիմնադիր երկրների միջև հարաբերությունները ներսում սահուն չի: Դրա համար մեր իշխանության ներկայացուցիչները ընդամենը արձագանքում են կոնյունկտուրայի փոփոխություններին: Մենք որոշումներ կայացնելու իրավունքից արդեն իսկ զրկված ենք»,-ասաց նա:
Աղբյուրը՝ www.tert.am