Հրամկազմը` փակաչք, զինվորն` անառողջ…
07:37, November 26, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները գտնվում են պետության պաշտպանության տակ:«Նրանց կյանքը,առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում է օրենքով: Զինծառայողին անվանարկելը, սպառնալիքը, բռնությունը կամ ոտնձգությունը նրա կյանքի, առողջության, ունեցվածքի նկատմամբ եւ զինծառայողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողությունները, ինչպես նաեւ նրա իրավունքների ոտնահարումը առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»: Բայց հիմա տեսնենք, թե ինչպես են կյանքի կոչվել օրենքով ամրագրված այս դրույթները: Ընդհանուր վիճակի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար, անանուն հարցումներ ենք արել զինծառայողների շրջանում եւ ուսումնասիրել որոշ քրեական գործեր` պարզելու բանակում մարդու իրավունքների խախտումների բնույթը, կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան, բուժօգնության տրամադրման, շարային եւ ոչ շարային ծառայության խնդիրների հետ կապված հարցերը, ինչպես նաեւ կատարված իրավախախտումների համար պատասխանատվությունը:
Սկսենք Երեմ Ն-ի դեմ հարուցված քրգործի օրինակից. նա, լինելով շարքային, պարտադիր ժամկետային զինծառայող, նռնականետորդի օգնական, 2012-ի մարտ ամսին, հենակետի գետնատնակում անհարկի լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ պատահաբար դիպել զենքի ձգանին. առաջացած կրակոցից նռնականետորդ Վահագն Ս.-ին պատճառվել է կյանքին սպառնացող առողջության ծանր վնաս: Երեմ Ն-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օրի 373 հոդվածի 2-րդ մասով /զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս/: Այն նախատեսում է պատիժ` կարգապահական գումարտակում պահելով 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման, որը բողոքարկել է մեղադրողը եւ պահանջել` պատիժը կիրառել ազատազրկման ձեւով:
Մեկ այլ քրեական գործով` գումարտակի հրամանատարի օգնական, կոչումով կապիտան Գարիկ Կ-ն, լինելով մարտական հենակետի պատասխանատու, 2012 թ-ի հուլիսին, դիտախորշում ծեծի է ենթարկել իրեն ենթակա սերժանտ Գրիգոր Տ.-ին` նրան պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Իսկ պատճառը եղել է սերժանտի` սաղավարտ չկրելը, որի առիթով կապիտանը դիտողություն է ստացել իր վերադասից: Կապիտանին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության համար, սակայն դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Այս դեպքում, փաստորեն սպան մարտական հերթապահության կանոնը խախտած զինվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական հանցագործություն է «կատարել»: Այսինքն, չի գործել կարգապահական պատասխանատվության օրինական մեխանիզմը:
Նկատենք, որ միեւնույն զորամասում կատարված այս երկու դեպքերում էլ հենակետերի պատասխանատուների զգոնությունն է թույլ եղել կամ ընդհանրապես չի եղել: Հակառակ դեպքում, գումարտակի հրամանատարի օգնականը շատ ավելի շուտ կնկատեր անսաղավարտ զինվորին ու հենակետ այցելող վերադասին եւ ՙզգաստ՚ հրաման կտար իր ենթականերին: Իսկ մյուս դեպքում, մինչ շարքայինի կրակոց արձակելը, հենակետի պատասխանատուն կհասցներ կանխել զենքի` անհարկի լիցքավորումը,հետեւաբար նաեւ կրակոցը: Ուշագրավն այն է, որ անզգույշ կրակոցները հենակետերում հաճախակի են լինում եւ չգիտես ինչու` զենքի փողերն ուղղված են լինում համածառայակիցների վրա: Իրավախախտման այս տեսակը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. հանցավորների եւ տուժողների դիրքերի, կրակոցների ուղղությունների վերլուծությունից կարող է պարզ դառնալ` դրանք իսկապե՞ս պատահականության, անփութության հետեւանք են, թե՞ որոշ զորամասերում որոշակի նպատակներով հովանավորվող դիտավորյալ հանցատեսակ, որը թաքցնում կամ մեղմացնում են նաեւ իրավապահ մարմինները:
Ըստ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 3-րդ հոդվածի`«Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների /պետերի/ խիստ վերահսկողությունը եւ նրանց անձնական օրինակը օգնում է զինծառայողին` արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները»: Իսկապես կան նաեւ օրինակելի, կարգապահ, զինվորի հանդեպ սրտացավ սպաներ, որոնց պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ հանգամանքներ են լինում: Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան գերազանցությամբ ավարտած սպան` Գուրգենը /անունը փոխված է/, ով վերջերս է կասեցրել զինվորական ծառայությունը` իր նկատմամբ դրսեւորված անարդար վերաբերմունքի պատճառով, պատմում է իր ծառայության ժամանակ եղած իրավիճակը:
Զրուցակիցս նշում է, որ զորակոչի կազմակերպման վայրերից սկսած արդեն աչքաթող են արվում առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկները: Գուրգենի խոսքով` զինակոչիկներ կան, ովքեր խելոք են, լռակյաց, չեն կարողանում կամ չեն բարձրաձայնում իրենց առողջական խնդիրների մասին, բժշկական հանձնաժողովներն էլ, նկատելու դեպքում` աչք են փակում դրանց վրա եւ հիվանդ զինվորին ուղարկում ծառայության: Մինչդեռ կամ պետք է չուղարկեն, կամ` բուժեն հետո ուղարկեն: Չի արվում: ՙՀիվանդ զինվորը մտնում է զորամաս ու համարվում ՙառողջ՚, սակայն պատասխանատվությունն արդեն ընկնում է սպայի ուսերի վրա՚,-պատմում է Գուրգենը` նշելով, թե ինչ է սպասվում զինակոչիկին` զորամաս մտնելուց հետո: Սպան, ում ենթակայության տակ հայտնվել է զինվորը, պետք է 40 օր հետեւողականորեն աշխատի զինվորի հետ, զարգացնի նրա ֆիզիկական պատրաստվածությունը, նախապատրաստի շարային ծառայության: Այսինքն, 40 օր պետք է մեծացնի զինվորի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որպեսզի ծառայության մնացած 2 տարին շատ ավելի հեշտ անցնի: Բայց երբ հիվանդ զինվորը չի կարողանում հանձնարարությունը կատարել` խնդիր է առաջանում: Գուրգենն այսպես է նկարագրում վիճակը.«Ասենք կարող ա երկու կռուգ, որպես տույժ` շարային շարահրապարակում վազքուղիով վազի, որպեսզի ինքն իր սխալը հասկանա, դու էլ իրան կարողանաս բացատրել: Բայց հետո պարզում ես, որ դա արդյունավետ չի, ուրիշ խնդիր կա. օրինակ, ես ասենք, վազքի եմ հանել զինվորներին ու ինչից եմ իմացել, որ էդ երեխու մեջքը ծուռ ա: Գյուղի երեխա,մինչեւ բերանից երկու բառ հանում էի` երեք օր համոզում էի, որ մի երկու բառ խոսա…Չեք պատկերացնի` ինչ կարգի խելոք երեխա պիտի լինի: Ու ըտենց խելոք երեխեքին ես հարգում եմ, թույլ չեմ տալիս,որ էն աշխույժը նեղացնի, նայում եմ, բայց ֆիզպատրաստության ժամանակ մոտը չի ստացվում: Ստիպված` մի հատ տույժ ես տալիս, որ ուժերը հավաքի ու ավելի լավ կատարի առաջադրանքը, ու էդ տույժի ընթացքում դու իր հետ բացատրական աշխատանքներ ես կատարում, ոտքերը բացում ես, որ ասենք շարայինը մոտը ստացվի: Ֆիզիկական աշխատանքը ավելացնում ես էլի»: Բայց արդյո՞ք դա ավելորդ եւ վտանգավոր ծանրաբեռնվածություն չի հիվանդ զինվորի համար: Գուրգենը պատասխանեց. «Նորակոչիկի վրա միշտ էլ ֆիզիկական ծանրաբեռնվածություն լինում ա. կոնկրետ տրվում ա 40 օր, 40 օրը ինքը ծանրաբեռնված ծառայություն ա տանում: Առավոտվա վերկաց… Դե, ասենք, քաղաքացիական կյանքում ինքը հանգիստ էր, եւ իր մոտ արդեն ծանրաբեռնվածություն է…Հիմա էդ ֆիզիկականը պարտադիր պայման ա. եթե ինքը ֆիզիկապես առողջ, կոփված չեղավ, ինքը հաստատ էդքան բռոնիժիլետով, կասկով, զենքով ծառայություն չի կարա տանի: Սաղ դրանից ա գալիս: Եթե կարանտինում ինքը թույլ ծառայություն տարավ, սպաները աչքաթող արին, ֆիզիկապես իրան չաշխատացրեցին, չվազեցրեցին, ասեցին` դե հիմա երեխա ա,թող գնա մի քիչ նստի, մնացած 2 տարին իր համար ավելի ծանր կանցնի: Դրա համար շարային հրապարակում վազացնում եմ, բայց էդ ընթացքում զգում եմ` արդեն լացելով ա վազում: Կանգնեցնում եմ, հարցնում եմ, ասում ա` մեջքս ա ցավում: Բացում եմ, տեսնում եմ` մեջքը ծուռ ա: Ակնհայտ ա երեւում: Ոչ թե ռենտգեն պետք ա անեն,որ տենան, ասենք` զինվորներ են եղել,որ ռենտգեն են արել, նոր ա երեւացել, բայց իրենը ակնհայտ էր: Ես ներկայացրել եմ, զեկուցել եմ, բայց ոչ մի արդյունք չի եղել: Ես չնայած իրան էլ չեմ վազեցրել, արդեն իրա հանդեպ մի քիչ ուշադիր էի, որովհետեւ եթե իր հետ մի բան լինի, իմ վրա ա պատասխանատվությունը»: Սակայն, ըստ Գուրգենի, եղել են դեպքեր, երբ հիվանդ զինվորին կարգապահական տույժի չենթարկելու համար իրեն են պատժել: Եղել են նաեւ դեպքեր,երբ հիվանդ զինվորին զորամասից ուղարկել են հոսպիտալ` կրկին բժշկական հանձնաժողովում ստուգվելու, զննել են ու նորից ուղարկել շարային ծառայության: ՙՇատ ա տենց եղել…Նորից զորամաս են ուղարկել: Ընդեղ կամ պիտի բուժեն` նոր ուղարկեն,կամ ավելի հանգիստ ծառայության /ոչ շարային/ ուղարկեն, եւ ոչ թե դիրքային… Ոչ շարայինի դեպքում ծառայությունը զենքով չի իրականացվում, բայց զենք ունենում են: Ասենք, զենքով ինքը չի կարա դիրքերում կանգնի. պետք ա լինի` օրինակ վաշտի օրապահ…Մեզ մոտ կային, որ դիրքեր դուրս էին գալիս, բայց հենակետեր դուրս չէին գալիս: Եթե անձնակազմը չէր հերիքացնում, նոր գալիս կանգնում էին, բայց տենց իրավունք էլ չկար` իրանք զենքով ծառայություն չպիտի տանեին: Հոգեպես ոչ կայուն վիճակ էր իրենց մոտ՚:
Նկատենք, որ այս դեպքում էլ, փաստորեն, հրամանատարական մի օղակը գործել է, սակայն վերադաս եւ համակարգի որոշ օղակների անգործության պատճառով պետությունը «խախտել է» զինվորի առողջության իրավունքը պահպանելու իմպերատիվ պահանջը: Սրան հավելենք նաեւ մյուս օրինակները:
Գուրգենը պատմում է, որ առողջական այլ խնդիրներ ունեցող զինվորներ էլ են հայտնվում բանակում, այդ թվում` հոգեկան արատներով, ողնաշարի խնդիրներով, մաշկային հիվանդություններով, որը կարող է ծառայության ժամանակ առաջանալ: Զրուցակիցս ներկայացնում է դրանց առաջացման պատճառներն ու դրանք վերացնելու ձեռնարկվող միջոցները. «Մաշկային հիվանդությունները հիմնականում հենակետերից ա գալիս, որովհետեւ կահավորանքը մի քիչ լավ չի. ոջիլ ա, ասենք` աչքի ճպուռներ ա, որ մի շաբաթ լվացվում ես, աչքերիցդ արդեն ճպուռ ա գալիս, գրիբոկ ա` ոտքերի հիվանդություն, տարածված են սնկայինները… Մեծամասնության մոտ էդ կեղտոտությունից թարախակալում ա մաշկը, ձեռքերը…Դե դրա դեմ անում են ինչ-որ բան, բայց զինվորն իր իմունիտետով ա բուժվում.ինչքան էլ քսուկ են անում, ինքը որոշակի ժամանակահատված ունի` մոտ մի ամսից ավելի տեւում ա: Բուժվում ա, հետո նորից առաջանում ա: Էդ սաղ գալիս ա հենակետերում ջրի պակասից, ընդեղ կեղտոտ ա, բլինդաժները մուր ա, որովհետեւ վառարան են վառել: Պտի գարնանը մի քիչ կահավորեն, չեն անում: Էդ ֆինանսավորումը կա. պաշտպանության նախարարությունը զորամասերին մել, համապատասխան նյութեր ա տրամադրում, որ էդ բլինդաժը սպիտակեցվի, կահավորվի ու մաքրվի, զինվորների համար լավ պայմաններ ապահովվի, դրանք չի արվում»: Մինչդեռ Գուրգենը, որպես սրտացավ սպա, իր միջոցներով, իր գրպանի հաշվին է կարգի բերել իր պատասխանատվության տակ գտնված հենակետերի գետնատնակները, սակայն նրան խրախուսանքի արժանացնելու փոխարեն, հրամանատարները դժգոհել են` մտածել են, թե ինքը փող է հավաքել զինվորներից: Այսինքն սանիտարա-հիգիենիկ պայմանների ոչ պատշաճ պահպանումը «հանգեցրել է» առողջական խնդիրների առաջացմանը: Մինչդեռ այդ վիճակը պետք է վերահսկեր գնդի բուժծառայության պետը, զեկուցեր վերադասին` գնդի հրամանտարին, եւ բուժկանխարգելիչ միջոցառումներ իրականացներ: Վերոնշյալ կանոնագրքի համաձայն` գնդի բուժծառայության պետը պարտավոր էր ստորաբաժանումների հրամանատարների եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրանց տեղակալների, գնդի զինվորական հոգեբանի հետ համատեղ ի հայտ բերել ֆիզիկական եւ հոգեւոր զարգացման շեղումներ ունեցող զինծառայողներին, միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար: Այս դեպքում փաստորեն կամ բուժծառայության պետն է անգործություն դրսեւորել, կամ գնդի հրամանատարը, ինչը քրեորեն պատժելի արարք է /թեեւ մեծ հաշվով մեղավորը հիվանդ զինվորին բանակ ուղարկող հանձնաժողովն է/, սակայն ոչ ոք չի պատժվել, եւ հիվանդ զինվորը ստիպված շարունակել է իր ծառայությունը:
Գուրգենի ներկայացմամբ` զորամասը նույնիսկ անհրաժեշտ քանակությամբ սիգարետով չի ապահովում զինվորներին: Դրա համար էլ նրանցից ում ծնողը հնարավորություն է ունենում` ինքն է բերում որդու սիգարետը, եւ ի զարմանս մեզ` այդ երկու տարվա ընթացքում այնքան գումար է սովորաբար ծախսում, ՙոր դրա 40 տոկոսը կարար տար` երեխուն ազատեր՚:
Մինչդեռ ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ: Հարկ է նշել նաեւ, որ հիշատակված խնդիրներն այնքան էին արմատավորվել զինված ուժերի համակարգում, որ զորահավաքը կազմակերպող եւ նման խախտումներ թույլ տված որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ վերջերս ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, իսկ ոմանց մեղադրանք առաջադրվեց: Բայց հավատալ, որ դրանից հետո ամեն ինչ միանգամից փոխվել է` առնվազն միամտություն կլինի, քանի որ տարիներ շարունակ արատավոր գործելաոճ որդեգրած զորամիավորումների պատասխանատուներն ուղղակի ի վիճակի չեն` միանգամից փոխվելու, մանավանդ եթե համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների մեջ ունեն անպատիժ մնացած հովանավորներ: Սա եւս շատ լուրջ խնդիր է` բանակում զինվորի առողջության եւ կյանքի իրավունքը պաշտպանելու ճանապարհին…
Էլմիրա Մարտիրոսյան
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի
շրջանակներում: Սույն զեկույցի մեջ արտահայտված տեսակետները,
մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր
է, որ չհամապատասխանեն ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետներին:
Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր
դրամաշնորհների շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի
գրասենյակի կողմից: