ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անվավեր ճանաչել
00:00, October 26, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Ա. Ալավերդյանի նախագահությամբ կայացավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ Ստեփանավան համայնքի ավագանու ոչ իրավաչափ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում էր անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու որոշումը, որով քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների յուրաքանչյուր էջի տրամադրման համար սահմանվել էր 500 դրամ վարձավճար:
Դատական նիստի ընթացքում դատավորը ներկայացրեց հայցվոր և պատասխանող կողմերի ներկայացրած գրավոր փաստարկները և կողմերին առաջարկեց հիմնավորել դրանք:
Կազմակերպության ներկայացուցիչ Ա. Զալյանը հիմնավորեց հայցի պահանջը, ըստ որի Ստեփանավան համայնքի ավագանին խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52 հոդվածի 3-րդ մասը, « Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդածի 1-ին և 2-րդ մասերը:
Պատասխանող կողմը, որի շահերը դատական նիստի ժամանակ ներկայացնում էր Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակից Հ. Մխիթարյանը, չկարողացավ հիմնավորել Ստեփանավանի համայնքի կողմից կայացված թիվ 19-Ն որոշման իրավաչափ լինելը: Վերջինս դատարանին գրավոր առարկություն ներկայացրեց կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ: Մինչդեռ դատավորը պատասխանող կողմին բացատրեց, որ այն հայցի առարկայի հետ որևէ կապ չունի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Ա. Զալյանը նշեց, որ Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առարկությանը ծանոթ չէ, քանի որ այն կազմակերպությանը չի տրամադրվել:
Նշենք, որ նշված փաստաթուղթը դատավորի կողմից ևս չհրապարակվեց:
Կողմերի պնդումները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու նպատակով:
Վճիռը կհրապարակվի 2010 թ. նոյեմբերի 9-ին` ժամը 17:45-ին: