ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քվեաթերթիկներում «Բոլորին դեմ եմ» տողը ներառելու առաջարկով դիմել է ԿԸՀ
11:11, February 20, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` առաջարկելով ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում ներառել «Բոլորին դեմ եմ» տողը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով փետրվարի 12-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրենց իրականացրած կարճաժամկետ դիտորդական առաքելության արդյունքներին` Սաքունցը նշեց, որ դիտորդական առաքելության նպատակն էր գնահատել, թե համապետական ընտրություններից առաջ ի՞նչ տրամադրություններ ունեն հասարակական տարբեր շրջանակներ:
«Դիտորդական առաքելություն անցկացրել ենք Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք ընտրատեղամասերում: Հատկանշական է, որ ընտրական հանձնաժողովները պատշաճ չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին: Սա բավական բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա:
Մյուս խնդիրն այն է, որ հանձնաժողովների անդամները համարյա միշտ իշխանության հովանավորությունն ունեցող թեկնածուի կողմնակիցներ են, այլ ոչ` անկախ անձինք: Բացի այդ, ընտրական հանձնաժողովներից շատերն իրենց աշխատանքներն այդ օրը սկսում էին ոչ թե օրենքով սահմանված կարգով` ժամը 07:00-ին, այլ, ասենք, 07:30-ին:
Հարցերից մեկն էլ այն է, որ, մեր կարծիքով, իրավապահ մարմիններն ընտրակեղծիքներ հայտնաբերելու և կանխելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն տարել: Կոնկրետ Հրազդանում դիտորդական առաքելության ընթացքում ականատես եղանք դեպքերի, երբ անվավեր քվեաթերթիկների ճնշող մեծամասնությունում մարդիկ չէին նշել ոչ մի թեկնածուի, մի քվեաթերթիկում էլ նույնիսկ ընտրողը ուղղանկյուն էր ավելացրել ու դրա մեջ գրել՝ Աբրահամ Լինքոլն, ու այդ անվան դիմաց էլ նշում կատարել: Մեկ այլ ընտրող էլ քվեաթերթիկում գրել էր` «ում փող եք տվել, նա էլ թող ընտրի»»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նաև տեղեկացրեց, որ իրենց գրասենյակը օրերս դիմել է ԿԸՀ` առաջարկելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում ներառել «բոլորին դեմ եմ» տողը, որի բացակայությունը գրասենյակը դիտարկում է որպես ընտրողների իրավունքի խախտում:
Ասուլիսին ներկա՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին նկատեց, որ քվեաթերթիկներում նման տող ներառելու առաջարկի պատասխանը կստանան հավանաբար այս շաբաթ:
«Այս նորմի ճանաչումը շատ կարևոր է: Եթե ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին, ապա մարդիկ հնարավորություն և իրավունք ունեն թափուր թողնել տվյալ պաշտոնը և ստիպել նոր ընտրություններ կազմակերպել»,- ասաց նա:
Ամփոփելով` Արթուր Սաքունցը նշեց, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը բավական ակտիվ է եղել` այդ թվում` ավտոբուսներով բերված ընտրողների թվաքանակի մասով:
«Բոլոր ընտրակեղծիքներն արվում էին ընտրատեղամասերից դուրս, ներսում ամեն ինչ պատշաճորեն էր կազմակերպված: Եթե անգամ ընտրությունների ընթացքի հետ կապված դիտողություն էիր անում, միանգամից ուղղում էին թերացումը: Միաժամանակ, եթե դրանց մասին չբարձրաձայնեիր, չէին էլ ուղղի»,- ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ պետությունը ընտրությունների ընթացքում պատշաճ նորմեր չէր կիրառել կեղծարարությունները բացառելու համար: