ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հակակոռուպցիոն գործունեությունը
00:00, September 3, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Կոռուպցիայի կանխարգելումՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
Ծրագրի իրականացման շուրջ 2 տարիների ընթացքում իրավական աջակցություն է տրամադրվել ավելի քան 410 կոռուպցիա եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող դիմումներով կազմակերպությանը դիմած քաղաքացիների:
Տարբեր պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կոռուպցիա եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումների ու գործողությունների վերաբերյալ կազմակերպության կողմից ՀՀ դատախազություն ուղղված դիմումների թիվը կազմել է 25, դատարան ուղղվածը՝ 13:
Միայն 2009 թ. մայիս 2010 թ. մայիս ամիսների ընթացքում քաղաքացիների կողմից ներկայացված կոռուպցիոն ռիսկեր պարունակող դիմումներից բավարարվել է 39-ը, մերժվել է 18-ը, բողոքից հրաժարվել է 26 քաղաքացի:
Ներկայումս քննվում են 13 դատական գործեր:
Չնայած 2010 թ. օգոստոսի 1-ից դադարեցվել է «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ֆինանսական աջակցությունը, սակայն կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը կոռուպցիայի հետեւանքով տուժած քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ: