ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
00:00, August 11, 2011 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. օգոստոսի 11-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից տարածվել է հայտարարություն, որով նրանք խնդրում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը քրեական գործ հարուցել «Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գեորգի Վանյանի դեմ:
Նման հրապարակային պահանջը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիմնավորում է Գ. Վանյանի կողմից ադրբեջանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նրա արտահայտած դիրքորոշումների և կարծիքների համար:
Գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ, անկախ պետական սահմաններից, իրավունք ունի արտահայտել իր կարծիքը ցանկացած երևույթի և փաստի վերաբերյալ, որն իրականացրել է նաև Գ. Վանյանը:
Գտնում ենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության պահանջը հարիր է վաղուց մոռացված, բայց դեռևս կենդանության նշույլներ ցույց տվող տոտալիտար համակարգին բնորոշ հասարակությանը և ուղղված է ժողովրդական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի`բազմակարծության դեմ:
Դատապարտելով նման դիրքորոշումները` գտնում ենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նույնպես ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, որի համար չպետք է հետապնդվի` ժողովրդական արժեքները չպահպանելու համար. միևնույն ժամանակ կարծում ենք` ՀՀ իշխանությունները կցուցաբերեն ողջամտություն` հարգելու Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկի կարծիքը, տեսակետները արտահայտելու ազատությունը: