Ճանաչում, միացում, թե սպասում
00:00, October 22, 2010 | ՔննարկումներԵրեկ Գրողների միության լեփ-լեցուն դահլիճում Հայաստանի շուրջ 34 հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների մասնակցությամբ տեղի ունեցավ համաժողով, որտեղ քննարկվում էր Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը:
Համաժողովի ընթացքում հնչեցին կարծիքներ, որոնք կողմ էին Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, եւ կարծիքներ, որոնք անթույլատրելի էին համարում դա, բայց ոչ թե այն պատճառով, որ դա կարող է խանգարել Մինսկի խմբի շրջանակներում Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը, այլ որովհետեւ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է եւ Հայաստանը մեծ սխալ արած կլինի, եթե պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ելույթ ունեցան Արեւշատ Ավագյանը, Մանվել Սարգսյանը, Ստեփան Սաֆարյանը, Արթուր Սաքունցը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ այլք:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր ելույթում նշեց, որ եթե Հայաստանի իշխանություններն իրենց երկրի քաղաքացիների իրավունքներն են ոտնահարում, ապա նրանք չեն կարող ԼՂՀ բնակչության երաշխավոր դառնալ: Պարոն Սաքունցն այդպիսով ԼՂՀ ճանաչումը կապեց Հայաստանի եւ Արցախի ժողովրդավարացման հետ:
Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն իրեն բնորոշ արագ արտասանությամբ ներկայացրեց 2007-ի Ազգային ժողովի ընտրության ժամանակ իրենց կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագրի ԼՂ-ի ճանաչմանը վերաբերող հատվածը: «Տասնինը տարի ճանաչման պահը չի եկել, բայց այդ պահը եկել ու գնացել է, ուղղակի մենք չենք տեսել»,-իր ելույթի վերջում ասաց Սաֆարյանը: Կարծիքները տարբեր էին, բայց մի բանում համամիտ էին ելույթ ունեցողները, որ Արցախի ժողովրդագրական վիճակն աղետալի չափերի է հասել:
Այս խնդրի կապակցությամբ, իհարկե, դահլիճում ներկա գտնվողները եւ ելույթ ունեցողները հիշեցին ԼՂ-ից Հայաստան եկած ՀՀ նախագահներին, նրանց մերձավորներին ու հարազատներին, այն ղարաբաղցիներին, որոնք, Հայաստան տեղափոխվելով ու խոշոր բիզնեսի տեր դառնալով, մոռացել են հետդարձի քարքարոտ ճանապարհը: Թեեւ Դաշնակցությունից ելույթ ունեցող չեղավ, բայց ազգային խնդիրներով զբաղվող այդ կուսակցությունն անտարբեր չէր եղել համաժողովի նկատմամբ եւ ուղերձ էր ուղարկել:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը, որը համաժողովի կազմակերպիչներից է, կարեւորեց ԼՂՀ ճանաչմանը վերաբերող հարցերի քննարկումը: Նա ասաց, որ բոլոր կարծիքները, որ հնչեցին, քննարկման իրավունք ունեն եւ որ հնչեցված հարցերին պետք է կոնկրետ պատասխաններ գտնվեն, կոնկրետ իրավական ձեւակերպում տրվի:
Ելույթների մեծ մասը, որ հնչեցին համաժողովի ժամանակ, բարի ցանկություններից եւ չհիմնավորված դատողություններից այն կողմ չէին անցնում, բայց համաժողովի փաստը եւ հասարակական մակարդակում ԼՂՀ ճանաչմանը վերաբերող հարցերի քննարկումն արդեն իսկ դրական երեւույթ է:
Աղբյուրը` http://www.hraparak.am/2010/10/22/chanachum-miacum-te-spasum/