Մամլո հաղորդագրություն
00:00, April 17, 2008 | Մամլո հաղորդագրություններ | ՔաղբանտարկյալներՀայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, ինչի արդյունքում հասարակության մոտ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ, հետամուտ ենք ՀՀ իշխանությունների նկատմամբ մեր պահանջներում, այն է`
անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ՀՀ քաղաքացիների համատարած քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումները,
վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շարունակվող գրաքննության.
և հայտարարում ենք,
որ մենք շարունակելու ենք բռնության եւ անօրինականության փաստերի հավաքագրումը եւ դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը, հնարավորինս օժանդակելու ենք արդար դատավարության իրականացմանը:
Ուստի խնդրում ենք ե’ւ ականատեսներին, ե’ւ տուժածներին, ե’ւ նրանց մասին որեւէ տեղեկություն ունեցողներին մարդու իրավունքների խախտման, քաղաքական հետապնդումների վերաբերյալ տվյալները տրամադրել կամ հաղորդել հետեւյալ հասցեներով`
– Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 322-42268, էլ. փոստ hcav@hcav.am,
– Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե», էլ. փոստ hca@netsys.am,
– Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ, հեռ. 093-447643, էլ. փոստ lalakap2000@yahoo.com,
– Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր, հեռ. 091- 403900:
Երեւան, 16.04.2008
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top