Մայիսի 6-ը խաղաղ կանցնի, եթե…
13:28, May 7, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքԳործընկերություն հանուն բաց հասարակության կոալիցիայի նախաձեռնությամբ մայիսի 4-ին հասարակական 5 կազմակերպություններ (Երևանի մամուլի ակումբ, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) համատեղ ներկայացրեցին նախընտրական շրջանում իրենց կողմից արձանագրված խնդիրներն ու իրավախախտումները:
Ունեցանք սպասվածից ավելի «ճոխ» արդյունք, բայց չկողմնորոշված ընտրողները դեռ շատ են
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ակնկալում էր, որ այս ընտրություններին հեռարձակվող լրատվամիջոցներն ավելի հավասարակշռված կաշխատեն, քան սովորաբար, քանի որ նախ՝ մեզ համար մեծ նշանակություն ունի միջազգային կառույցների գնահատականը, և հետո՝ հեռուստատեսությունները հասկացել են, որ ինտերնետային ժուռնալիստիկայի հետ մրցակցելու և չպարտվելու համար պետք է ավելի բաց և անկախ աշխատեն:
«Չնայած մեր համեստ սպասելիքներին՝ ունեցանք ավելի ճոխ արդյունք»,-հայաստանյան 8 հեռարձակվող լրատվամիջոցների եթերի մոնիտորինգի արդյունքում այս եզրակացությանն է եկել ԵՄԱ նախագահը:
Կազմակերպությունը տասնօրյակը մեկ հրապարակում է իր միջանկյալ զեկույցները, որոնք արձանագրում են, որ հեռուստաընկերություններն սկսել են ավելիհավասարակշռված աշխատել:
«Հեռարձակվող լրատվամիջոցները միանգամայն բաց հարթակ առաջարկեցին քաղաքական ուժերին, թեկնածուներին՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, բանավիճելու և այլն: Այլ բան է, որ քաղաքական ուժերը պատրաստ չեղան այդ հարթակը ճիշտ օգտագործելու և, ցավոք, կարող ենք ասել, որ բովանդակությունը շատ քիչ օգնեց մարդկանց ընտրություն կատարել»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Քվեարկությանը մնացել է 1 օր, սակայն, նրա կարծիքով, դեռ կան բավական շատ չկողմնորոշված ընտրողներ:
ԵՄԱ նախագահը կարևորում է նաև հետընտրական շրջանում հեռուստաընկերությունների կողմից բաց հարթակի տրամադրումը հասարակության բոլոր շերտերին և քաղաքական բոլոր ուժերին: Նրա կարծիքով՝ դա շատ ավելի պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում, և միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում լուրջ և կտրուկ փոփոխություններ են եղել:
Արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը խախտվել է
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահԼևոն Բարսեղյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը կրկնակի խտրականություն է կիրառում ՀՀ սահմանադրությամբ իրավահավասար հայտարարված ընտրողների միջև:
«Արտերկրում գտնվող և ընտրելու իրավունք ունեցող 600-700 հազար ՀՀ քաղաքացիները զրկվեցին ընտրելու իրավունքից: Սա խտրական վերաբերմունք է: Եվ կրկնակի խտրական վերաբերմունք է այն, որ արտասահմանում գտնվող 230 հազարից ավելի քաղաքացիներ, որոնք աշխատում են դիվանագիտական ներկայացուցչություններում, այնուամենայնիվ, հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին»,- նշում է Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքերով՝ իշխանությունը չկամեցավ թափանցիկություն ապահովելու համար ընտրատեսամասերում տեղադրել տեսախցիկներ և նկարահանել քվեարկության և ձայների հաշվարկման ողջ գործընթացը՝ պատճառաբանելով, որ դա կարող են անել լրագրողները, դիտորդները, վստահված անձինք:
«Մեր առաջարկության իմաստն այն էր, որ պետությունն ինքը պետք է ստանձներ պարտավորություն թափանցիկության ապահովման համար, որը գոնե ընտրատեղամասը զերծ կպահեր ընտրական հանցագործություններից, որոնց մենք ականատես ենք եղել տարիներ առաջ՝ լցոնումներ միջազգային դիտորդների աչքերի առաջ, ծեծ, լրագրողների նկատմամբ բռնություններ, կրկնակի քվեարկություն, մատյանների չներկայացած ընտրողների տվյալների դիմաց լրացումներ և այլն»,- ասում է Բարսեղյանը:
Իրենց մյուս առաջարկությունը, որը նույնպես մերժվել է, վերաբերում էր կրթական ոլորտը (դպրոցներ, քոլեջներ, բուհեր) ընտրական գործընթացներից զերծ պահելուն, որպեսզի ուսումնական հաստատությունների ղեկավարները, աշխատակիցները և աշակերտներն ու ուսանողերը «չօգտագործվեն» իշխանության թեկնածուների կողմից և չներքաշվեն քարոզարշավի մեջ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մեկ ամիս առաջ հարցումներ է արել և պարզել, որ Գյումրու 42 պետական դպրոցների և վարժարանների տնօրեններից 32-ը, իսկ Վանաձորի 29 ուսումնական հաստատություններից՝ 26-ի տնօրենները ՀՀԿ անդամ են, և նրանց կեսն այդ կուսակցությանն են անդամակցել վերջին 10 ամիսների ընթացքում:
«Այսինքն, իմ գնահատմամբ, տեղի է ունենում վարչական ռեսուրսի այլանդակ չարաշահում: Մարդիկ, որպեսզի շարունակեն աշխատել, դատապարտված են մտնել իշխող կուսակցության շարքեր»,- եզրակացնում է Լևոն Բարսեղյանը:
Հայաստանում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերն ավելի վտանգավոր են
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ Հայաստանում վարչական ռեսուրսի չարաշահումը տարբերվում է միջազգային պրակտիկայում տարածված պրակտիկայից (օրինակ՝ պետական պաշտոնյայի կողմից ծառայողական մեքենան քարոզարշավի համար օգտագործելը) և ավելի վտանգավոր ու տհաճ դրսևորումներ ունի:
Դրանցից մեկը, ըստ Հոկտանյանի, կրթական, առողջապահական հաստատությունների համատարած կուսակցականացումը և այդ ռեսուրսների օգտագործումն է քարոզչական նպատակներով:
«Մյուս տհաճ և տարածված երևույթն այն է, որ մարզպետերին, գյուղապետերին կանչում են և առաջադրանք ենք տալիս՝ այսքան ձայն ապահովել իրենց տարածքում: Հենց այսպիսի չարաշահումներն են, որ բավականին լուրջ ազդեցություն կարող են ունենալ ընտրությունների վրա»,- նշում է նա:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը համեմատել է 2010-2011թթ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը և ընտրացուցակները: Պարզվել է, որ հանրապետության 34 բնակավայրերում ընտրացուցակներում առկա ընտրողների թիվն ավելի մեծ է, քան մշտական բնակչության թիվը:
Քվեարկության օրը կլինի խաղաղ, եթե…
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահԱվետիք Իշխանյանը բազմիցս նշել է, որ եթե գնահատական ենք տալիս ընտրություններին, ապա պետք է գնահատել ոչ միայն քվերկության օրը կամ նախընտրական ու հետընտրական ամիսները, այլ՝ նախորդ ընտրություններից մինչև հաջորդ ընտրություններն ընկած ողջ ժամանակահատվածում իրավունքների և ազատությունների ապահովման մակարդակը:
«Դուք բոլորդ էլ գիտեք՝ ինչ վիճակում է եղել Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում»,- նշում է Իշխանյանը:
Ավետիք Իշխանյանի համար անհանգստացնող է այն հանգամանքը, որ մարդիկ ընտրախախտումների մասին չեն բողոքում կամ հաղորդելիս խուսափում են իրենց անունը նշել, ինչը վախի մթնոլորտի նշան է:
«Փորձը ցույց է տալիս, որ որքան երկիրն ազատ է, բողոքների թիվն այնքան շատ է: Բողոքներ չլինելը չի նշանակում, որ խախտումներ չկան և վախի մթնոլորտ չկա, հակառակը՝ բռնապետական երկրներում են բողոքները քիչ»,- ասում է նա:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավարի տպավորությամբ՝ Հայաստանում ամեն ինչ արվում է, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում ամեն ինչ լինի հավուր պատշաճի:
«Դա կստացվի, թե՝ ոչ, հիմա դժվարանում եմ պատասխանել: Դա կախված է մինչև քվեարկության օրը ռեսուրսների օգտագործումից: Եթե իրենց հաշվարկներն իրականանան, կարողանան ցանկալի ցուցանիշն ապահովել, քվեարկությունը նորմալ կլինի, եթե չապահովեն, ես, ճիշտ ասած, անհանգստանում եմ. այդ ժամանակ ամեն ինչ կարող է պատահել»,- ասում է Իշխանյանը:
Ընտրական գործընթացների արդարության նկատմամբ վստահությունը փոքր է
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հիմնական մտահոգությունը ընտրախախտումների նկատմամբ իրավապահ մարմինների անգործությունն է: «Ի՞նչ են արել իրավապահները բարեգործությունը բացահայտելու և կանխելու համար»,- հռետորական հարց է հնչեցնում նա:
Սաքունցի կարծիքով՝ Հայաստանում ամենալեգիտիմ ընտրություններն անցկացվել են ամենավատ օրենք ունենալու ժամանակ: «Այսօր թվում է, թե ունենք լավագույն օրենքը, բայց վստահությունն ընտրական գործընթացի ազատ և արդար լինելու նկատմամբ ցածր է»,- կարծում է նա:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ դիտորդական առաքելությունը իրավական տեսանկյունից խոցելի է, քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ թեկուզ մեկ դիտորդի կողմից օրենքի խախտումը կարող է հիմք դառնալ տվյալ կազմակերպության բոլոր դիտորդներին դիտորդական իրավունքից զրկելու համար, իսկ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից խախտումը հիմք չէ ամբողջ կուսակցությանը հանձնաժողովների անդամությունից զրկելու համար: