Մանկապղծության մեջ մեղադրվող Տեր-Պողոսյանի դատը հետաձգվեց մինչև հուլիսի 21-ը
00:00, July 6, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներՄանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը դատավոր Մուշեղ Հարությունյանի որոշմամբ, անցկացվեցում է դռնփակ:
Մինչ այդ, Սերոբ Տեր-Պողոսյանը, մոտենալով դատական նիստերի դահլիճին, անմիջապես հետ քաշվեց ու այլևս չմտավ նիստերի դահլիճ: Նա, իրեն ուղեկցող կարգադրիչների միջոցով փոխանցեց, որ չի ուզում, որ տեսախցիկներ ու լուսանկարահանում լինի նիստերի դահլճում:
Այնուհետև, դատավոր Մուշեղ Հարությունյանը հայտարարեց, որ դատական նիստի նախապատրաստական մասի վրա սահմանափակում ինքը չի տարածել, սակայն, միևնույնն է, առանց ամբաստանյալի հնարավոր չէ դատական նիստ սկսել: Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չի ուզում ամբաստանյալը ներկայանալ, քարտուղարը պատասխանեց, որ չի ցանկանում նրան տեսա և լուսանկարահանեն:
Այնուհետև դատավոր Հարությունյանն ասաց, որ գործի քննության այս փուլում ամբաստանյալի ներկայությունը շատ կարևոր է, և «ելնելով արդարադատության շահերից և ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին ապահովելու անհրաժեշտությունից» նա որոշեց գործի քննությունն անցկացնել դռնփակ:
Դատավորի այս հայտարարությունից հետո լրագրողներն ու կողմնակի անձինք դուրս եկան նիստերի դահլիճից: Նիստում նաև հայտարարվեց Սերոբ Տեր-Պողոսյանի նոր փաստաբանների անունները. Նրանք են` Գիվի Հովհաննիսյանը և Տիգրան Սաֆարյանը: Այս գործով որպես մեղադրող կողմ ներկայացված են Գլխավոր դատախազության ՀՀ Ազգային անվտանգության գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը և վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը:
Արդյոք դատարանն իրավունք ուներ ամբաստանյալի բացակայությամբ և առանց նրա գրավոր միջնորդության որոշում կայացնել հարցին, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը, վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, նշեց, որ դատական նիստը բացվում է կողմերի ներկայությամբ: «Մեր օրենքը դռնփակ դատական նիստի համար հրապարակայնության բացարձակություն չի նախատեսում, այսինքն, նախատեսում է դռնփակ դատական նիստ, բայց որոշակի գործողություններ նախատեսում է հրապարակային», -հավելեց փաստաբանը:
Դատական նիստի լուսաբանումից հրաժարվելու համար ամբաստանյալը կամ կողմերից մեկը, ըստ փաստաբանի, պետք է գրավոր միջնորդություն ներկայացներ: «Դա կարող էր ներկայացնել թեկուզ ամբաստանյալը», -հավելեց փաստաբանը:
Լրագրողների` դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո մի քանի րոպե անց դուրս եկավ նաև մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը և տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է և կկայանա հուլիսի 21-ին: «Նոր պաշտպանական կողմը պետք է ծանոթանա գործի մանրամասներին մինչև հուլիսի 21-ը, ժամը 12:00-ն», -հայտարարեց Սարգսյանը, ով նաև այս գործով հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար, Ախթալայի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար, նրանց անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ:
Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, ըստ մեղադրական եզրակացության, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով` նրանց կամքին հակառակ` օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը:
Այդպիսով, Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):
Աղբյուրը՝ http://www.panorama.am/am/law/2011/07/06/t-poghosyan/