Մատաղիսի գործը խճճվում է
00:00, March 31, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2003 թ. Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 3 նախկին զինծառայողներ (Ռազմիկ Սարգսյան, Արայիկ Զալյան, Մուսա Սերոբյան) մեղադրվում են երկու ծառայակիցների` Ռոմա Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, նրանք ազատ են արձակվել, և գործն ուղարկվել էր նախաքննության:
Սահմանադրական դատարանը, սակայն, ավելի ուշ որոշեց, որ Վճռաբեկը իրավունք չունի գործը լրացուցիչ քննության ուղարկելու: Եվ քանի որ մեղադրող կողմը իր դիրքորոշումը դատարանի վճռից հետո չի փոխել, ապա նորից երեքի նկատմամբ գործ է հարուցվել:
Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը:
Նախորդ դատական նիստի ժամանակ սպանված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հայրը պնդում էր, որ 2004 թվականի դեկտեմբերի 31-ին իր հարևանի տնից խոսել է իրեն ծանոթ մի վարորդի հետ:
Վերջինս տեղեկացրել է, որ Հովսեփը և նրա հետ կորած մյուս զինվորը հայտնաբերվել են և գտնվում են ռազմական ոստիկանությունում: Պետմեղադրողները ցանկանում էին համոզվել, որ դա իրոք այդպես է եղել, ուստի տուժողի իրավահաջորդը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել իր հարևաններին, որոնց ինքը հայտնել է իր ուրախության մասին:
Վկաներից Արշակ Հարությունյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը եղել է Մովսես Մկրտումյանի տանը, իսկ վերջինս գնացել է իրենց տուն՝ զանգահարելու մի ծանոթի՝ տղայից լուր ստանալու համար:
«Ինքն ինձ ասաց, որ լավ լուր է լսել երեխայից, որ նա ռազմական ոստիկանությունում է: Ինքն ինձ ասաց՝ մենք էլ ուրախացանք: Այդ ուրախությունն այն էր, որ մի երկու օր առաջ ասում էին՝ չկա երեխան: Իսկ հիմա իմացել էր, որ ողջ-առողջ է»,- ասում է Արշակ Հարությունյանը: Այլ մանրամասներ վկան չգիտեր:
Այնուհետև դատական նիստերի դահլիճ հրավիրվեց հաջորդ վկան՝ Մկրտումյանների մյուս հարևան Գարիկ Կարապետյանը: Նա շատ լավ հիշում էր, որ Հովսեփից լուր ստանալու համար 2004-ի դեկտեմբերի 31-ին զանգել են ոմն զինվորական Սաշայի:
Գարիկ Կարապետյանը պնդեց, որ հարցրել է ոչ թե վերացական երկու զինվորների, այլ կոնկրետ Հովսեփ Մկրտումյանի մասին: «Դեկտեմբերի 31-ին, մենք ծանոթ ունեինք, զանգեցինք իրեն, ասացինք, որ երեխան չկա: Ինքը կապվեց, իմացավ, որ երեխաները ոստիկանությունում են: Հետո՝ արդեն հունվարի 2-ին, Մովսեսն ասաց, որ երեխաները չկան»,- ասում է Գարիկ Կարապետյանը:
Նրանք դարձյալ կապ էին հաստատել Սաշայի հետ, որը տեղեկացրել էր, թե սխալմունք է եղել, ոստիկանությունում գտնվողներն այլ զինվորներ են: Արշակ Հարությունյանի տանը տեղի ունեցած հեռախոսազրույցից այլ մանրամասներ իմանալու համար ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել նաև նրա կնոջը՝ Թերեզա Հակոբյանին:
Իսկ որպես մյուս սպանված զինվոր Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ` այս անգամ ներկայացել էր նրա մայրը՝ Մարի Մելքումյանը:
Այսուհետ նիստերի ընթացքում նա փոխարինելու է որդու հորեղբայր Արթուր Եղիազարյանին, որը մեկնել է արտագնա աշխատանքի: Տիկնոջ տեղեկացմամբ, իրեն հարկավոր է քսան օր, որպեսզի ծանոթանա գործի նյութերին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին: