Մատաղիսի գործով երկրորդ նիստն էլ հետաձգվեց
00:00, July 17, 2008 | Արդար դատաքննության իրավունք2008թ. հուլիսի 17-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսված Մատաղիսի գործի դատաքննության երկրորդ նիստը կրկին հետաձգվեց մինչև 2008թ. հուլիսի 18-ը՝ ժամը 12:00-ն:
Երկրորդ նիստի ժամանակ Մատաղիսի գործով շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատավորներ՝ Մ.Սարոյանին և Ա.Խաչատրյանին՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատավորները ինքնաբացարկ են հայտնում դատավորների անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ լինելու պարագայում: Այդ դեպքում դրվում է դատավորներին փոխելու հարցը:
Թեև Մատաղիսի գործը քննվում է Հյուսիսային քրեական դատարանում, սակայն դատավորներից երկուսը չեն հանդիսանում Հյուսիսային քրեական դատարանի դատավորներ:
Ըստ Հ. Ալումյանի՝ այս հանգամանքը ուղղակիորեն հանդիսանում է Եվրոպական Կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության իրավունքի և անաչառության սկզբունքի խախտում:
«Այս դեպքում տվյալ դատավորների մասնակցությամբ դատարանը չի կարող համարվել «օրենքի հիման վրա ստեղծված»,- նշված է Հայկ Ալումյանի միջնորդությունում:
Դատավորներ Մ. Սարոյանը և Ա. Խաչատրյանը ՀՀ Հյուսիսային քրեական դատարան են գործուղվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի N 57 հրամանով:
Ընդ որում, հրամանում որևէ ձևով չի պատճառաբանվում, թե ի՞նչ չափանիշներով են որոշվել գործուղվող դատավորների թեկնածությունները, և ի՞նչ հատկանիշներ են հաշվի առնվել: Հայկ Ալումյանը գտնում է, որ այդ որոշում ընդունողը չի ղեկավարվել որևէ իրավական ակտով և գործել է սեփական հայեցողությամբ ու կամայականորեն:
Ներկայացված հիմնավորումներով միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմը հիմնավոր առարկություն չներկայացրեց:
Միջնորդության ընդունելու կամ մերժելու վերաբերյալ տեղեկությունը դատարանը կհրապարակի 2008թ. հուլիսի 12:00-ին: