Մարդու իրավունքների պաշտպանությունը խարխուլ հիմքերի վրա է
00:00, December 12, 2009 | Մամլո հաղորդագրություններՎանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, Հայաստանը իրավական խորը ճգնաժամի մեջ է, որով էլ քարուքանդ է արվում ողջ արդարադատությունը:
Վանաձորցիներից շատերն են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում իրավապաշտպանի ղեկավարած «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»: Տարեկան շուրջ 250 մարդ է դիմում իր խախտված իրավունքների պաշտպանության ակնկալիքով:
«Դատական իշխանությունը, լինելով ոչ անկախ, շատ դեպքերում դառնում է նոտարական գրասենյակ, որն ուղղակի հաստատում է մեղադրական եզրակացությունները,- ասում է իրավապաշտպանն ու շարունակում,- մարդիկ գոհ չեն դատարանների որոշումներից, այս համակարգին չեն վստահում: Պատճառն էլ դատարանների կողմից ակնհայտ անարդար որոշումներն են»:
Դատական ու, ընդհանրապես, իրավապահ համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահության պատճառներից մեկը, ըստ իրավապաշտպանի, անմարդկային վերաբերմունքն է, որին նրանք մշտապես արժանանում են: «Եթե նույնիսկ քաղաքացին մեղադրվում է հանցագործության մեջ, բայց դա ապացուցված չէ կամ կան թույլ փաստեր, դա իրավապահ մարմիններին հիմք է տալիս հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ դրսեւորելու ցանկացած անմարդկային վերաբերմունք»,- ասում է Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը, ով քաղաքացիների բողոքներ է լսում, որոնք ուղղված են պետական գերատեսչությունների կողմից իրավունքների խախտումներին, կարծում է, որ քաղաքացիների իրավունքները խախտում են նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է պաշտպանեն նրանց:
«Քաղաքացին դիմում է մեզ: Մեր կազմակերպությունը հաղորդում է ուղարկում համապատասխան մարմին, ինչի հիման վրա կատարվում է ծառայողական քննություն, բայց արդյունքում քրեական գործ քննիչի կամ հետաքննիչի նկատմամբ չի հարուցվում»,- իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների ենթարկված քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման փորձերի մասին է պատմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Զալյանը:
Իրենց խախտված իրավունքների պաշտպանությամբ քաղաքացիները դիմում են նաեւ «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակ:
Գրասենյակի տնօրեն, փաստաբան Կարեն Թումանյանը մինչ օրս քրեական գործերով արդար դատավճիռ չի տեսել, եթե նույնիսկ հարցեր են լուծվել, դրանք նա չի դիտում որպես մարդու իրավունքների պաշտպանություն:
Նա եւս այն կարծիքին է, որ քաղաքացիների իրավունքների պաշտպանության խոցելի կետը քրեական ոլորտն է: «Եթե նույնիսկ մեղավոր լինելու ապացույցները թույլ են, ամեն գնով ուզում են պատժել՝ նստեցնել»,- ասում է փաստաբանը:
Փաստաբանի կարծիքով, ամեն ինչ վճռում է նախաքննությունը. եթե այն սխալ ճանապարհով է ընթանում, դժվար թե դատարանում խնդիրն արդար լուծվի. «Մենք քրեական գործերով դատարան չունենք. դատախազության քննած գործերը բերում են՝ դատարանում հաստատում: Լուրջ քննություն, որպես այդպիսին, չի կատարվում»:
Իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումներին հաջորդում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից խախտումները:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի՝ վանաձորցիները քաղաքապետարանի հետ խնդիրներ են ունենում հիմնականում տեղեկատվություն չստանալու կամ վերացական պատասխաններ ստանալու դեպքում. «Նրանք խուսափում են տեղեկատվություն տրամադրել, որովհետեւ քաղաքացուն հիմնականում տեղեկատվությունը հարկավոր է դատարան դիմելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ խոչընդոտում է դրա տրամադրմանը, որովհետեւ քաղաքացին դատարանում իր կողմից կայացված որոշումներն է փորձում բողոքարկել»:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.aravot.am/am/articles/politics/0/view/all
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ,Վանաձոր