Մեղավոր կլինի Աղվան Հովսեփյանը
00:00, July 16, 2010«Եթե Սողոմոն Քոչարյանին մի բան պատահի, ապա ամբողջ պատասխանատվությունն անմիջականորեն ընկնելու է գլխավոր դատախազի վրա, և մենք նրա նկատմամբ քրեական գործ ենք հարուցելու,- այսօր հայտարարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը,- ում ենք դիմելու այդ հարցով, հենց իրեն` Աղվան Հովսեփյանին»:
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հացադուլ է հայտարարել մայիսի 24-ից: Ստացված վերջին տեղեկությունը մեկ շաբաթ առաջ էր, որ նա «անհուսալի վիճակում է»: Սողոմոն Քոչարյանի բողոքն ու պահանջը քրեական գործի վերանայումն է: Իրավական տեսանկյունից միակ ինստիտուտը, որը քրեական գործի վերանայման հարցում իրավասու է և կարող է միջնորդությամբ հանդես գալ, դա դատախազությունն է:
«Հենց դատախազությունն է, որ հիմք ընդունելով այդ մարդու բողոքները, պետք է քայլ անի: Եթե դատախազությունը չի անում, ուրեմն պետք է իրավապաշտպանները գործի վերանայման պահանջը դնեն: Սողոմոնի մի քանի փախուստը հենց այդ բողոքի արտահայտությունն է: Եթե մարդը փախուստի է դիմում կամ հացադուլ է հայտարարում, ապա դա արդեն իսկ նոր ի հայտ եկած հանգամանք է գործի վերանայման համար, ինչը և պիտի ձևակերպեն իրավապաշտպանները», ասում է Սաքունցը:
Եթե Սողոմոնը այլ տարբերակ չունի և դիմում է ծայրահեղ քայլի, ապա զուտ մարդկային կամ իրավական տեսանկյունից ձևը դա է, նկատում է իրավապաշտպանը:
«Սակայն առայսօր որևէ արձագանք չի հնչել, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանում գործող իրավական համակարգը հակամարդկային է: Հայաստանում այս համակարգը գործում է ոչ թե մարդու համար, այլ մարդու դեմ: Սողոմոն Քոչարյանի դեմ բռնություն են գործադրել մեկուսարանի ներսում և քրեական գործ չի հարուցվել: Հայաստանում մարդը որպես արժեք գոյություն չունի», ասել է նա: