Մենք չենք հաշտվելու մարդու իրավունքների խախտման հետ. Արթուր Սաքունց
13:01, November 1, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013 թ. հոկտեմբերի 30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «2013 թ. գարնանային զորակոչի ընթացքում զորակոչի գործընթացի և զորակոչիկների իրավունքների վիճակը» թեմայով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նախ նշեց, որ այս զորակոչի ընթացքում, որն այս տարի երկարաձգվեց մեկ ամսով, գրասենյակ են դիմել 20 զորակոչիկ և զորակոչիկի ընտանիքի անդամներ: Զորակոչիկներից 18-ն ունեցել են առողջական խնդիրներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկներից 5-ը ճանաչվել են պիտանի շարային ծառայությանը, 7-ը` սահմանափակումով շարային ծառայությանը: 2 զորակոչիկ ստացել են տարկետում 3 տարի ժամկետով, 2-ը ճանաչվել են պիտանի շարային ծառայության համար, բայց չեն մեկնել ծառայության՝ զինծառայությանը իրենց պիտանիության վերաբերյալ որոշման հետ համաձայն չլինելով:
Հարկ է արձանագել, որ այն զորակոչիկներն, որոնց մեկ կամ մի քանի անգամ նույն առողջական խնդրի պատճառով նախորդ զորակոչերի ժամանակ տրամադրվել են տարկետումներ, այս զորակոչին ճանաչվել են պիտանի զինվորական ծառայությանը՝ չնայած այն հանգամանքին, որ առողջական վիճակի բարելավում չի արձանագրվել:
Իրավապաշտպանը նշում է, որ այս զորակոչն արտառոց էր մյուսների համեմատ, այն առումով, որ զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության հարցը կարգավորող 2010 թ-ի ՀՀ պաշտպանության նախարարի 175 հրամանը 2013 թ-ի գարնանային զորակոչի ընթացքում` հունիսի 11-ին, փոխարինվեց նոր՝ ՀՀ ՊՆ 410 հրամանով: Արդյունքում, միեւնույն զորակոչի ընթացքում զորակոչիկների մի մասը զորակոչվեց 175 հրամանի, իսկ մյուս մասը 410 հրամանի կիրառմամբ: Ավելին, դա այն դեպքում, երբ հրամանում կատարվել են զինվորական ծառայությանը պիտանիության հետ կապված հասկացությունները: Նախկին՝ ՀՀ ՊՆ 175 հրամանում առկա «ոչ շարային» ծառայության տեսակը դուրս է եկել եւ ՀՀ ՊՆ 410 հրամանով սահմանվել է միայն «շարային» եւ «ծառայություն՝ սահմանափակումներով» տեսակները՝ չնայած, ինչպես նախկինում, այժմ եւս բացակայում է ծառայության կարգը սահմանող իրավական ակտը:
Արթուր Սաքունցը նշեց նաեւ առկա օրենսդրական բացերի մասին: Մասնավորապես՝ բժշկական եզրակացության ակտի բողոքարկման մեխանիզմի, բացակայության, մի քանի հիվանդությունների զուգակցմամբ զինծառայությանը զորակոչիկի պիտանիության կարգը:
Իրավապաշտպանը արձանագրեց, որ պաշտպանության նախարարի հրամանը հակաիրավական և ոչ սահմնադրական է, քանի որ իրավունքները սահմանափակող իրավական ակտը, որպիսին հանդիսանում է ՀՀ ՊՆ 410 հրամանը, պետք է կարգավորվի ոչ թե ենթաօրենսդրական կարգով, այլ միայն օրենքով, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածով: Ինչպես նշում է Արթուր Սաքունցը՝ այս զորակոչի ընթացքում մոտեցումը հետևյալն էր. թաքցնել իրական առողջական վիճակը և զորակոչել:
Իրավապաշտպանը արձանագրում է, որ զինված ուժերում առկա է մարդու իրավունքների վիճակի վատթարացում:
Առկա խնդիրներից նշվեց նաև հանրապետական բուժզննության ներկայանալու համար զորակոչիկներին հատկացվող գումարը, որով անձը չի կարող հասնել Երևան, մնալ մի քանի օր և անցնել համալիր բուժզննություն, որը զինված ուժերում առողջական խնդիրներ ունեցող զինվորներ ունենալու պատճառներից մեկն է:
Արթուր Սաքունցը առանձնացրեց այն փաստը, որ առողջական խնդիրներ ունեցող զինվորի գտնվելը ծառայության մեջ հանգեցնում է միջանձնային խնդիրների առաջացմանը:
Ըստ իրավապաշտպանի՝ պետության անվտանգությունը չի կարելի ապահովել մարդու իրավունքների խախտման գնով: