”Մնացածը մասովկա է”
00:00, December 11, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, մարդու իրավունքների իրազեկությունն ու պաշտպանվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է,- «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Դա, ըստ նրա, պայմանավորված է մի շարք պատճառներով` փաստաբանների, ՀԿ-երի, լրատվամիջոցների գործունեությամբ:
Շատ մարզերում, օրինակ` Տաշիրում, չկան փաստաբաններ, իսկ ՀԿ-ներից էլ մեկ-երկուսն են, ըստ նրա, իրապես աշխատում: Նույնն էլ վերաբերում է փաստաբաններին, որոնցից միայն մի քանիսն են Արթուր Սաքունցի կարծիքով` փորձառու կամ կարողանում են դիմագրավել ճնշումներին ու հանդես գալ իրապես իբրեւ փաստաբան:
Ամեն տարվա վերջին նրա ղեկավարած կազմակերպությունը վիճակագրական տվյալներ է հավաքում, թե վարչական իրավախախտումներից քանիսն են բողոքարկվել:
«Ըստ էության` 1200-ից ավելի վարչական տուգանք կարող է լինել մեկ տարվա ընթացքում, սակայն հազիվ 1-2-ը բողոքարկվի: Դա ակնհայտ խոսում է ճնշման մասին»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Սակայն, ըստ նրա` եթե չկա անկախ դատարան, ապա միեւնույն է` մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը կմնա ցածր, քանի որ մարդկանց մոտ կորում է հավատը, որ դատարանը կարող է վերականգնել իրենց իրավունքները: Հատկապես դա վերաբերում է մարզային դատարաններին, որոնք նրա կարծիքով` մեծապես կախվածության մեջ են գործադիր իշխանությունից` դատախազությունից, մարզպետից կամ ոստիկանության մարզային վարչության պետից:
Արթուրի Սաքունցի ասելով` մարդիկ միայն անելանելի վիճակում, հույսը կտրած, էլ ուրիշ ելք, ավելի ճիշտ փող ու ծանոթ չունենալով են դիմում դատարան` այն հույսով որ գոնե ինչ-որ տեղ մարդկային խիղճը, մտածողությունը կաշխատի:
Դրան գումարվում է նաեւ այն, որ պաշտոնատար անձանց ոտնձգությունների վերաբերյալ ցանկացած հաղորդում քննություն սկսելու եւ պատասխանատվության ենթարկելու համար հիմք չի հանդիսանում:
«Լավագույն դեպքում կարող է քրեական գործ հարուցվել, պաշտոնական կեղծիքը վերափոխվի պաշտոնական անփութության, համաներում կիրառվի, ու տվյալ պաշտոնյան քրեական պատասխանատվության չենթարկվի: Արդյունքում` մարդու իրավունքների խախտման փաստը մնում է չվերականգված, անուշադրության մատնված»,- նկատեց Արթուր Սաքունցը:
Իսկ այն պետական կառույցները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության առումով օրենքով սահմանված գործառույթներ ունեն, ըստ նրա` սկսել են աշխատել իրենք իրենց համար:
«Նրանք իրենց գործառույթներն իրականացնում են` ելնելով միայն իրենց նեղ անձնական, խմբակային շահերից կամ բավարարելով իրենց բիզնեսի շահերը: Մնացած մարդկանց խումբը նրանց համար համարվում է զանգված, որը զուտ շահագործման նպատակ ունի, ֆոն է, մասսովկա է, մի թատրոն, որտեղ, դերակատարողներն իրենք` պաշտոնյաներն են, իսկ մնացածները մասովկա են: Դա շատ մռայլ է»,- ցավով արձանագրեց Արթուր Սաքունցն` ավելացնելով, որ Հայաստանում իրականում իրավական ճգնաժամ է սահմանադրական խորը ճգնաժամ, երբ պետական մարմինները` դատարանը, իրավապահ մարմիններն իրապես չեն աշխատում:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.a1plus.am/am/politics/2009/12/11/arthur-sakunc