Նախատեսվում է իրականացնել արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ
00:00, February 9, 2009 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2009թ. փետրվարի 7-8-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց՝ «Արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ» թեմայով:
Դասընթացին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 8 կամավորներ: Մասնակիցներին արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգի իրականացման համապատասխան կարողություններ տրամադրեցին ՄԱԿ-ի «Թմրամիջոցների հակազդման ծրագրի» իրավական փորձագետ Արման Թաթոյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով մասնակիցներին ներկայացվեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային օրենսդրությունը:
Դասընթացի առաջին օրը Արման Թաթոյանը ներկայացրեց արդար դատաքննության իրավունքի սկզբունքներն՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի: Հատկապես ուշադրության արժանացավ «քրեական մեղադրանք» հասկացությունը՝ որպես ինքնավար իրավական հասկացություն, ինչպես նաև նրա հիմնական տարրերը և այն, թե ինչպես են դրանք արտացոլված ՀՀ օրենսդրության մեջ: Որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարրեր ներկայացվեցին նաև մրցակցության և կողմերի հավասարության, գործի՝ ողջամիտ ժամկետում քննության հասկացությունները: Արման Թաթոյանն այս հասկացությունները ներկայացրեց ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի:
Վերջինս կարևորեց ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային՝ որպես անձի անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքի պաշտպանության ապահովման երաշխիք:
Դասընթացի երկրորդ օրը փորձագետ Էդմոն Մարուքյանի օգնությամբ մշակվեց դիտարկման քարտ, որի միջոցով հետագայում իրականացվելու է արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ: Դիտարկման քարտի մշակման ժամանակ օգտագործվեցին նաև Մարդու իրավունքների Լեհական Հելսինկյան հիմնադրամի և «Front Line» իրավապաշտպանական կազմակերպության կողմից մշակված արար դատաքննության իրավունքի մոնիթորինգի դիտարկման քարտերը:
Արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգն իրականացվելու է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 8 աշխատակիցների կողմից Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց գործերով:
Դասընթացը կազմակերպվել էր Բաց Հասարակության Ինստիտուտի Հայաստան- հիմնադրամի ֆինանսական օժանդակությանբ իրականացվող «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Ասյա Դերձյանին:
Հասցե՝ Տիգրան Մեծի 59
Հեռ. 0322 4 22 68
Էլ. փոստ hcav@hcav.am