Նախաքննության մարմինը հովանավորում է կոռուպցիոներներին
00:00, August 2, 2010 | Հայտարարություններ | Կոռուպցիայի կանխարգելում2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեին պատճառվել էր 11 մլն 665 հազար դրամ գումարի վնաս:
Կազմակերպության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանձնակի խոշոր չափերով յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի հիմքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն մինչ օրս շարունակում է պաշտոնավարել որպես Լեռնապատ համայնքի ղեկավար:
Այդ հանգամանքը գյուղացիների շրջանում մտահոգության տեղիք է տալիս:
Նախ` համագյուղացիները փաստում են, որ շարունակելով պաշտոնավարումը` համայնքի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է իր կողմից թույլ տրված քր. օրենսգրքով արգելված արարքները թաքցնելու, դրանք վերացնելու համար:
Մասնավորապես՝ փորձում է ազդել գյուղացիների վրա, ովքեր գործով ներգրավված են որպես վկաներ և իր դեմ ցուցմունքներ են ներկայացրել:
Նախաքննության ընթացքում պաշտոնավարումը շարունակող համայնքի ղեկավարի կողմից դրսևորվող վարքագիծն իր ազդեցությունն է թողնում քրեական գործի նախաքննության ընթացքի վրա:
Նման պայմաններում տրամաբանական էր՝ ելնելով կոնկրետ գործի շահերից՝ կասեցնել համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի լիազորությունները: Նախաքննություն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորում՝ ուղղակիորեն սատարելով կոռուպցիայի մեջ մեղադրվող գյուղապետին:
Տվյալ գործով ավելի ակնառու է դրսևորվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն հանցագործության բացահայտման ուղղությամբ հետևողականության, կամքի բացակայությունը: Մինչդեռ փոքր զանցանքների դեպքում իրենց ամբողջ լիազորությունները՝ չարաշահումների զուգորդմամբ կիրառում են սովորական քաղաքացիների նկատմամբ՝ ընդհուպ մինչև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ հանդես գալը:
Ելնելով վերը շարադրվածից՝ պահանջում ենք նախաքննություն իրականացնող մարմիններից՝ անհապաղ հանդես գալ միջնորդությամբ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի պաշտոնական լիազորությունները կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով՝ կոռուպցիոն հանցագործության լիարժեք և օբյեկտիվ բացահայտման համար: