Նորիկ Մելիքյանն ընդդեմ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի
00:00, August 9, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Աշխատանքային իրավունքներ, Արդար դատաքննության իրավունք2011 թ. օգոստոսի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց վիրաբույժ Նորիկ Մելիքյանն ընդդեմ Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի գործի քննությունը:
70-ամյա Նորիկ Մելիքյանը դատական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջելով Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ից 01.06.2010 թ. թիվ 193/6 որոշակի ժամկետով կնքված լրացուցիչ համաձայնագիրն անորոշ ժամկետում կնքված աշխատանքային պայմանագիր համարել:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Ն.Ավետիսյանը, նիստին մասնակցում էր հայցվոր Նորիկ Մելիքյանը, հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա.Զալյանը, իսկ պատասխանողը և պատասխանողի ներկայացուցիչը, չնայած նրան, որ ժամանակի եւ վայրի մասին պատշաճ կերպով ծանուցված էին, նիստին չէին ներկայացել:
Դատարանը որոշեց գործը քննել առանց պատասխանողի և նրա ներկայացուցչի:
Նիստի ընթացքում Ա.Զալյանը հստակեցրեց պահանջը. այն է՝ 01.06.2010 թիվ 193/6 որոշակի ժամկետով կնքված լրացուցիչ համաձայնագիրը համարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, անվավեր ճանաչել «Վանաձոր թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի 19.05.2011 թ. թիվ 34 հրամանը և 19.05.2011 թ. ծանուցումը, Նորիկ Մելիքյանին վերականգնել նախկին աշխատանքին և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը:
Ա.Զալյանի կողմից ներկայացվեց նաև առարկություն ի պատասխան Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի կողմից ներկայացված գրության վերաբերյալ:
Դատարանն ավարտեց գործի քննությունը և հեռացավ վճիռ կայացնելու:
Վճիռը կհրապարակվի օգոստոսի 22-ին՝ ժամը 17:30-ին: