Նորիկ Պողոսյանի գործով դատաքննությունը շարունակվում է
00:00, September 24, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2010թ-ի սեպտեմբերի 24-ին ժամը 14.00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մ. Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բեկանված Նորիկ Պողոսյանի գործով հերթական դատական նիստը:
Նշենք, որ Ն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ 2008թ օգոստոսի 17-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող իրենց տան տնամերձ հողամասում ապօրինի աճեցված կանեփ տեսակի բույսից Ալավերդի քաղաքի բնակիչ Ա. Լ-ին թույլատրել է քաղել տերևներ:
2010 թ-ի սեպտեմբեր ամսին կայացած նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին գործով ներգրավված վկայի՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Թամրազյանի բացակայության պատճառով: Վերջին դատական նիստին որոշում էր կայացվել վերջինիս բերման ենթարկելու մասին:
Նշենք, Ա. Թամրազյանը դեռևս 2008թ-ին Ն. Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության ընթացքում ստանձնել է Ն. Պողոսյանի շահերի պաշտպանությունը, թեև դա արվել էր վերջինիս կամքին հակառակ, նրա և Ն. Պողոսյանի միջև պայմանագիր չէր կնքվել:
2009 թ-ի ապրիլի 9-ից Ն. Պողոսյանի շահերի պատպանությունը ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգավված փաստաբաններ Կ. Թումանյանն ու Է. Մարուքյանը: Վերջիներիս կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ Փաստաբանների պալատ, որի արդյունքում Ա. Թամրազյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ և նշանակվել տույժ՝ նկատողություն, քանի որ վերջինս որևէ գործողություն չի կատարել ի պաշտպանություն Ն. Պողոսյանի, պարզապես իր ներկայությամբ օրինականացրել է քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները:
2009 թ. հոկտեմբերի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ն. Պողոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամանակով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկման արդյունքում Ն. Պողոսյանի պատժաչափն իջեցվել է մինչև 1 տարի 6 ամիս:
Ն. Պողոսյանի պաշտպաների կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը, մասնակիորեն բավարարելով բողոքը, գործը ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Ն. Պողոսյանը կալանքի տակ է գտնվել 1 տարի 6 ամիս ժամանակով, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ կալանքի առավելագույն ժամկետը 1 տարի է: Փաստորեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը դեռեւս ուժի մեջ չմտած ՝ Ն. Պողոսյանի նկատմամբ պատիժ է կիրառվել, եւ նա ազատազրկման մեջ է գտնվել 1 տարի 6 ամիս ժամանակով:
2010թ-ի սեպտեմբերի 24-ին կայցած դատական նիստի ժամանակ որպես վկա հարցաքննված Ա.Թարազյանը նշեց, որ ինքը, լինելով վճարովի փաստաբան, ստանձնել է Ն. Պողոսյանի պաշտպանությունը՝ ելնելով նրա սոցիալապես անապահով վիճակից, թեև իրեն Ն. Պողոսյանը կամ նրա հարազատները այդ մասին չէին խնդրել և իր հետ պամանագիր չէր կնքվել:
Նշենք, որ Ա. Թամրազյանի ներգրավվելուց հետո քննիչի կողմից որոշում չի կայացվել՝ նրան որպես Ն. Պողոսյանի շահերի պաշտպան ներգրավելու մասին:
Դատաքննութան ժամանակ պաշտպան Կ. Թումանյանը պնդեց իր միջնորդությունը՝ Ա. Թամրազյանի մասնակցությամբ ձեռքբերված ապացույցները անթույլատրելի ճանաչելու մասին:
Դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց, իսկ դատական նիստը հետաձգվեց մեղադրող կողմի միջնոդությամբ՝ դատական վիճաբանությունների փուլին պատրաստվելու համար:
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2010թ-ի հոկտեմբերի 1-ին ժամը 16.00-ին: