Նոր օրենսգիրքը նախատեսում է նվազեցնել կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում
11:40, February 4, 2013 | Նորություններ | ՔաղբանտարկյալներՓետրվարի 1-ին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել։
Նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի խոսքերով՝ իրենք փաստաթղթի վրա աշխատել են մոտ երկուսուկես տարի և ներկայացնում են մի նախագիծ, որն արմատապես տարբերվում է գործող օրենսգրքից ոչ միայն կառուցվածքով, այլև՝ գաղափարախոսությամբ:
Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հեղինակները համոզված են, որ նոր օրենսգրքի մշակման անհարժեշտությունը վաղուց էր հասունացել. 1999-ից գործող օրենսգիրքը հնացած էր և անկարող լուծում տալ դատաիրավական ոլորտում կուտակված խնդիրներին:
Հրայր Ղուկասյանի խոսքերով՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը մշակվել է դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պահանջները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան:
Հիշեցնենք, որ նախագիծը վերջերս է ներկայացվել կառավարությանը: Գործադիրի հավանությանն արժանանալուց հետո այն կներկայացվի Ազգային ժողովին: Աշխատանքային խմբի ղեկավարը, սակայն, ընդգծում է, որ իրենք այս քննարկումների միջոցով նպատակ ունեն նախագիծը բարելավել, և հնչած բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները պետք է հաշվի առնվեն օրենսգրքի մշակման ընթացքում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մասին մասնագիտական կարծիքներ
Հրայր Ղուկասյան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար
–Նոր օրենսգիրքը նախորդից տարբերվում է արմատապես ու սկզբունքորեն թե՛ իր փիլիսոփայությամբ ու գաղափարախոսությամբ, թե՛ կարգավորումներով ու նպատակներով, և թե՛ կառուցվածքով: Իսկ նպատակը մեկն է՝ ունենալ այնպիսի համապարփակ իրավական ակտ, որը կապահովեր քրեական գործերի արդյունավետ քննությունը անձի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքի հիման վրա:
Այս համատեքստում գերնպատակը եղել է քրեական արդարադատության ոլորտում հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
Ի՞նչ սկզբունքային տարբերություններ կան մշակված նախագծի և գործող օրենսգրքի միջև:
Առաջինը վարույթի, այսպես կոչված, օպտիմալացումն է: Նոր օրենսգիրքը փորձել է առավելագույնս արդյունավետ դարձնել քրեական գործերի քննության ընթացակարգը՝ հրաժարվելով անգամ վարույթի որոշ փուլերից:
Հաջորդ էական տարբերությունը քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներն են: Խոսքը մեղադրյալների, նրանց պաշտպանների, նաև՝ տուժողների ու վկաների մասին է: Այսինքն` սուբյեկտներ, որոնք, գործող օրենսդրությամբ բավական խոցելի են և շատ հաճախ են այդ անձանց իրավունքների սահմանափակման ոչ իրավաչափ դեպքեր արձանագրվում:
Նոր օրենսգիրքը պիտի փորձի քրեական վարույթում մեծացնել դատարանի անկախությունը, ընդգծել ու առաջնային դարձնել նրա դերակատարությունը:
Եվ, վերջապես, օրենսգիրքը արմատապես նոր լուծումներ է առաջարկում հարկադրանքի միջոցների՝ ձերբակալության, կալանքի կիրառման հարցերում: Այսուհետ ձերբակալումը դարձել է հարկադրանքի միջոց, որը բնութագրվում է որպես մարդու ազատության իրավունքի սահմանափակում: Կանոնակարգումները, մեր կարծիքով, վերջ կդնեն պրակտիկայում չարաշահվող բերման ենթարկելու, հրավերի, փաստացի ազատությունից զրկելու ինստիտուտներին:
Ինչ վերաբերում է կալանքին, ապա այն, որպես բացառիկ և ծայրահեղ դեպքերում կիրառման ենթակա խափանման միջոց, սահմանազատվել է այլընտրանքային խափանման միջոցներից: Սա, մեր կարծիքով, պետք է հնարավորություն տա առավելագույնս նվազեցնել կալանքների կիրառման պրակտիկան Հայաստանում:
Գագիկ Ղազինյան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
-Առաջին օրենսդրական կարևորագույն ակտն է, որը համապատասխանում է առողջ տրամաբանությանը: Այս օրենսգրքի պարագայում բախվում են բազմաթիվ շահեր` պետություն, հասարակություն, անհատ, իրավակիրառ պետական կառույցներ, և այս բոլորի շրջանակներում պետք է կարողանալ ձևավորել մի օրենք, որով այս բախումներում խնդիրներ չեն առաջանա:
Իհարկե, նաև մեկ այլ հարց է, թե հասարակությունը որքանո՞վ է պատրաստ այդ նորամուծություններին: Բայց, անկախ այդ հանգամանքից, ինձ համար ավելի կարևոր է այն, թե ինչքանով է պրակտիկայում կիրառվում օրենսգիրքը, քան թե՝ ինչքանով է այն կատարյալ, որովհետև ակնհայտ է, որ կարելի է ունենալ թերի օրենսգիրք՝ կատարյալ կիրառությամբ, և կամ ամենակատարյալ օրենսգիրքը՝ թերի կիրառությամբ կամ «չկիրառությամբ»: Իսկ օրենքի չկիրառման պատճառները երկուսն են. կա՛մ իրավակիրառողները հասկանում են օրենքի դրույթները, բայց չեն կիրառում, կա՛մ չեն հասկանում, չեն ընկալում, այդ պատճառով չեն կիրառում, այսինքն՝ մասնագիտական որակի խնդիր կա:
Ինձ համար շատ կարևոր է, որ այս օրենսգիրքը և՛ կատարյալ լինի, և՛, ամենակարևորը, ստեղծվի մի այնպիսի մեխանիզմ, որպեսզի այն աշխատի: Այս օրենսգիրքը դեռ համարվում է միջանկյալ փուլ, այսինքն` այս օրենսգրքով հիմքեր են ստեղծվում հետագայում ժողովրդավարական երկրին հատուկ քրեական դատավարության հասնելու համար: Շատ կարևոր է նաև օրենսգրքի լեզուն, որպեսզի այն ավելի ընկալելի լինի. ոճը լակոնիկ է, բայց ընկալման խնդիրն էլ պետք է ճիշտ լուծում ստանա:
Հայկ Ալումյան, ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան
-Օրենսգրքի նախագիծն, իհարկե, բավական դրական նորամուծություններ է բերում, բայց ես կցանկանայի դրա ամենամեծ թերությանը անդրադառնալ: Խոսքը վերաբերում է օրենսգրքի նախագծի 116 հոդվածին, որը կարծում եմ պարզապես անընդունելի է այս խմբագրմամբ: Ըստ դրա` առաջին մեկ ամիսը անձը կարող է գտնվել կալանքի տակ զուտ այն պատճառով, որ անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ: Եվ դատարանը կարող է որևէ կերպ չհիմնավորել անձի կալանավորումը` միայն հիմնվելով այն բանի վրա, որ կա ողջամիտ կասկած այդ անձի վերաբերյալ կամ նա մեղադրվում է վերոնշյալ հանցանքի կատարման մեջ:
Աշխատանքային խմբի անդամները բերում են փաստարկ, թե այդ հոդվածը չի հակասում Եվրոպական կոնվենցիային, բայց, կարծում եմ, դա լավ փաստարկ չէ: Մենք ունենք էլի հոդվածներ, որոնք կոնվենցիային չեն հակասում, բայց իսկական պատուհաս են դարձել մեր գլխին: Չպետք է մոռանալ, որ կոնվենցիան սահմանում է միայն նվազագույն չափանիշներ:
Սկսեմ նրանից, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի նպատակներից մեկն է հավասարակշռել հանրային և մասնավոր շահը: Այս պահին գործող օրենսդրությամբ մենք տեսնում ենք, որ հանրային ու մասնավոր շահի հավասարակշռությունը խախտված է և խախտված է ի վնաս մասնավորի: Եվ նոր օրենսգրքի նպատակն այս դիսբալանսի շտկումն է: Բայց ի դեմս իմ մատնանշած հոդվածի՝ մասնավոր շահն ավելի թուլացվում է հօգուտ հանրային շահի: Ես չեմ տեսնում որևէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու պետք է արդեն իսկ եղած անհավասարակշռության պայմաններում դեռ մի բան էլ մեծացնենք այդ անհավասարակշռությունը:
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ
-Նախագիծն ամբողջությամբ մշակելուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի հանրապետության դեմ կայացրել է դատական ակտեր, որոնցով արձանագրել է խախտումներ, Քրեական դատավարության օրենսգրքի անհամապատասխանություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանի գործով տրվել են որոշ ձևակերպումներ: Ես կցանկանայի, որ սրանք ևս ներառվեին նախագծում։ Օրինակ՝ խափանման միջոցի հարց լուծելու առումով Եվրոպական դատարանն այդ վճռով բավական կարևոր խախտումներ է արձանագրել:
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
-Իմ մտահոգությունը վերաբերում է ընթերակաների ներգրավման ինստիտուտին: Պետք է ներդրվի որոշակի հստակ մեխանիզմ, որպեսզի նույն ընթերական կամ ընթերակաների փաթեթը տարբեր քրեական գործերով մշտապես ներկա չլինի:
Ես կարծում եմ, որ այստեղ ամերիկյան ժյուրիի ինստիտուտը պետք է անպայման կիրառվի և պետք է հստակ ամրագրվի օրենսգրքում կամ, գուցե, կառավարության որոշմամբ: Օրինակ՝ ընտրանքի սկզբունքով պետք է դա կազմակերպվի, քանի որ ընթերական քաղաքացիական մասնակցության կարևոր ինստիտուտ է արդարադատության իրականացման մեջ: Այսինքն`օրենսգրքով պետք է ապահովվի հստակ ընթացակարգ, որպեսզի չարաշահումների տեղ չլինի:
Երկրորդ մտահոգությունս հետևյալն է. ինձ որպես վկայի հարցաքննության են հրավիրել Գորիսի կամ Երևանի ոստիկանության բաժին: Խնդրում եմ հստակ ամրագրել, թե ո՞վ է հոգալու իմ ճանապարհածախսը, որովհետև այսօրվա ձևակերպմամբ անհստակություններ կան: Ճանապարհածախսի, սննդի փոխհատուցման հարցերը պետք է հստակ ամրագրվեն:
Լուսինե Մինասյան, փաստաբան
-Ես կառանձնացնեմ երեք հարց, որոնք փաստաբանական գործունեության ընթացքում մեծ դժվարություններ են առաջացնում:
Նախ այն, որ թե՛ գործող օրենսգրքով, թե՛ նախագծով նախատեսված չէ համապատասխան փաստաթղթերից պաշտպանի կամ տուժողի ներկայացուցչի կողմից պատճենելու իրավունք: Այս անձինք իրավունք ունեն ծանոթանալու և ինչ–որ գրառումներ կատարելու, բայց ոչ պատճենները ստանալու: Եվ երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմնին պետք է մեկնաբանել օրենքը հենց տառացի, մեկնաբանվում է էսպես. թե գիտե՞ք ինչ, այստեղ դրույթ չկա, որ դուք պատճեն ստանալու իրավունք ունեք: Եվ, շատ հաճախ, մենք ստիպված ենք լինում ինչ-որ հնարքներ կիրառելու` սղագրել, լուսանկարահանել և այլն:
Երկրորդը վերաբերում է ցուցմունքների ձայնագրման, հատկապես՝ մեղադրական ցուցմունքներ տվող վկաների ձայնագրմանը: Այսինքն` հարցը քննիչը տալիս է, հարցաքննվողը պատասխանում է, հետո սկսում է պատասխանը սղագրել: Եվ սղագրումը միշտ կատարվում է ի վնաս մեղադրյալի: Իսկ եթե մենք ունենայինք հնարավորություն ցուցմունքը ձայնագրելու, շատ կարևոր հանգամանքներ ցուցմունքներից դուրս չէին գա ու հետագայում հնարավոր կլիներ ապացուցել, որ նման բան է ասվել: Իսկ հիմա, նույնիսկ եթե վերջում պաշտպանը նկատառումներ անի, որ այլ բան է ասվել, այլ բան գրվել, միևնույն է, հետագայում դա ապացուցելը դժվար է լինում:
Ես առաջարկում եմ քննչական գործողությունների ընթացքում տեխնիկական հնարքների կիրառումը դարձնել պարտադիր բոլոր դեպքերում, ինչը հիմա ուղղակի առաջարկի ձևով է: Կարծում եմ այս դեպքում մենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ ձեռքբերում կունենանք:
Եվ երրորդը վերաբերում է ձերբակալման ժամկետ սահմանված 60 ժամին: Ներկայիս 72 ժամի ընթացքում են շատ լուրջ խնդիրներ առաջանում: Իհարկե, հասկանում եմ, որ այս կերպ ժամկետը կրճատվում է, բայց 60 ժամ նախատեսելու դեպքում մենք կունենանք ավելի մեծ խախտումներ, քան ունենք 72 ժամվա ընթացքում: