Հայտարարություն Շահեն Հարությունյանը Հայաստանի Հանրապետության առաջին անչափահաս քաղաքական հետապնդյալն է
15:48, April 2, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Խտրականության արգելում | Քաղբանտարկյալներ02.04.2014 թ.
2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ:
Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը այդպես էլ քննության առարկա չդարձրեցին 2013 թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության փաստը, ավելին մեղադրանքներ առաջադրվեցին բռնության ենթարկվածների նկատմամբ:
Երկու օր առաջ նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց արդեն վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող Շանթ Հարութունյանին:
Մեղադրանքի առաջադրումը անչափահաս Շահեն Հարությունյանին որակում ենք որպես.
- Ճնշման հերթական գործողություն Շանթ Հարութունյանի նկատմամբ
- Քաղաքական հետապնդում անչափահաս քաղաքացու նկատմամբ
Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը, ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հրապարակային պատժիչ գործողությունները և քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ, վերացնել անչափահաս Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի մեղադրանքը: