Շոո՞ւ, թե ներկլանային «ռազբորկա» կամ` Զարմանում է իշխանությունը, զարմանում ենք մենք
06:36, June 23, 2013 | Նորություններ | ՈստիկանությունԱվանդույթի համաձայն այս տարի ևս Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանում ներկայացրեց ՎՊ աղմկոտ բացահայտումները: 2012 թ. հաշվետվությունը մանրամասնելիս Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ պետական միջոցների տնօրինման կոպիտ խախտումներ են տեղի ունեցել: Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել հատկապես շինարարության և գնումների ոլորտում:
Օ՜, զարմանք… Զաքարյանի ելույթն անակնկալի բերեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Մի՞թե Հայաստանում պետական մակարդակով մսխումներ են կատարվում: Այս փաստը խիստ «զարմացրեց» ու «զայրացրեց» ԱԺ նախագահին:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ելույթից հետո խորհրդարանի խոսնակն «անկեղծորեն արտահայտեց իր զարմանքը». «Ես ինչ-որ տեղ նախկինում համոզված էի, որ դրանք` այդ խախտումները, իրականությանը չեն համապատասխանում, բայց հիմա, որ այս ամբիոնից հայտարարում եք այդ խախտումների մասին, ճիշտն ասած, զարմացա: Այսինքն, կոպիտ ասած, գործ ունենք թալանչիների հետ: Ուզում եմ հասկանալ, պարոն Զաքարյան, դուք, որ այդ չինովնիկներին ներկայացնում եք այս խախտումները, ի՞նչ են ասում: Իրական փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք անում: Էսպես չի լինի»:
Արդյո՞ք ԱԺ նախագահի զարմանքը վկայում է, որ իսկապես` երկրի երկրորդ բարձրագույն դեմքը տեղյակ չէ, որ ապրում է թալանչիների երկրում:
«Իհարկե, տեղյակ է: ԱԺ նախագահը չի՞ լսում խայտառակ շինարարությունների մասին, փողոցներով չի՞ երթևեկում, չի՞ տեսնում, թե ինչպիսի ասֆալտ է:
Դա հենց այդ «ատկատների» արդյունքն է», մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` հակառակ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ իրական գործարարներն իրենց բիզնեսը փակում են և երկիրը լքում, իսկ պաշտոնատար անձինք հրաշքով հարստանում են, այն էլ, երբ երկրում ճգնաժամ է: Ա. Մարտիրոսյանի խոսքով` ՎՊ բացահայտումների վերաբերյալ ԱԺ նախագահի զարմանքն ու զայրույթն ընդամենը շոու են. «Մենք տեսանք ընդամենը խոսքերի առատություն: Մինչդեռ ցանկացած նման բացահայտման դեպքում «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՎՊ-ն այդ նյութերը պետք է անմիջապես ուղարկեր գլխավոր դատախազություն, ինչը չի արել` պատճառաբանելով, թե պատժիչ ուժի իրավասություն չունի»: Մինչդեռ Ա. Մարտիրոսյանը լավ հիշում է, թե ինչպես դեռ 2010 ին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծ մշակեց, որի նպատակն էր պարտավորեցնել Վերահսկիչ պալատին` վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում կազմած արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները ոչ թե ըստ հայեցողության, այլ պարտադիր կարգով ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: «Եթե չկան իրական մեղավորներ, որոնք պետք է պատժվեն, եթե չկան ՎՊ բացահայտումներին հետևող պատժիչ քայլեր` սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի ունեցածը շոու է», ասաց Ա. Մարտիրոսյանը:
Ի տարբերություն «Ժառանգության» ներկայացուցչի` ՎՊ բացահայտումներն ու ԱԺ նախագահի կոշտ արձագանքը ոչ թե շոու, այլ «ներկլանային ռազբորկա» է համարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա` այն, ինչ բացահայտվել ու ներկայացվել է Վերահսկիչ պալատի կողմից` խայտառակություն է: «Դա հանցագործությունների մասին հաղորդումների մի ամբողջ փաթեթ է, և եթե ԱԺ նախագահն է գնահատական տալիս պետական բյուջեի միջոցները լափելուն` նշանակում է շատ ծանր իրավիճակ է»: Սաքունցի կարծիքով տեղի է ունենում ներխմբակային հարաբերությունների պարզում: «Կարծես թե ռեսուրսները քչանում են, սկսել են մեկը մյուսի չափաբաժինների հետ կապված կռիվներ տալ: Սա դիրքերի, խմբավորումների պայքար է, որը վերածվում է «ռազբորկայի» ու արդեն ներկայացվում է հրապարակայնորեն: Այսինքն հանրության առջև անպատասխանատվության աստիճանն այն մակարդակի է հասել, որ եթե մինչ այժմ կարող էինք ենթադրել, որ նստած ինչ-որ հարցեր են լուծվում, քննարկվում, հիմա արդեն ամեն ինչ արվում է հրապարակային ձևով», ասաց Սաքունցը:
Ինչ վերաբերում է ՎՊ-ի բացահայտումները գլխավոր դատախազություն չհանձնելու փաստին, Սաքունցի կարծիքով ԱԺ-ում նման փաստերի հրապարակումը պետք է անհապաղ իրավապահ մարմինների քննարկման առարկա դառնար: «Գլխավոր դատախազությունը չպետք է սպասի` իրեն հաղորդում կտա՞ն, թե ոչ: Նա անմիջապես օրենսդրության տրամաբանությամբ պետք է նյութեր նախապատրաստեր, քրեական գործ հարուցեր, քննություն իրականացներ: Պետական մարմինն իր պարտականությունների կատարումը չպետք է պայմանավորի բողոքի լինել-չլինելու հետ», ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա` հնչած գնահատականներն արդեն բավարար հիմք են հետաքննություն սկսելու համար: Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ Հայաստանում միակենտրոն իշխանություն է: «Դատախազությունն ինքնուրույն քրեական գործ հարուցել կամ նյութ նախապատրաստել ասենք նախարարի կամ վարչապետի նկատամամբ` չի կարող: Հայաստանում քաղաքական նպատակահարմարությունն է որոշիչ, ոչ թե օրենքի գերակայությունը: Այդ պատճառով ես մեղադրում եմ Գլխավոր դատախազին, որ քայլեր չի անում, բայցև հասկանում եմ, որ նա չի կարող քայլեր անել` առանց նախագահի հրահանգի»:
Եվ ուրեմն շոուն շարունակվո՞ւմ է
Գոնե այս անգամ ՎՊ բացահայտումներին իրավական որևէ գործողություն կհետևի՞, որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի՞: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով չի բացառվում, որ այս անգամ էլ Վազգեն Խաչիկյանի նման մեկ-երկու քավության նոխազներ հայտնաբերվեն: Բայց քանի որ զրուցակիցս շարունակում է այս ամենը համարել ներխմբային պայքարի հետևանք, ուստի գրեթե համոզված է, որ ոչ մի էական քայլ զեկույցին չի հետևի:
Արմեն Մարտիրոսյանը ևս կարծում է, որ պատժի կենթարկվեն «սլաքավարները»: «Կպատժվեն մի քանի երրորդական, չորրորդական դեմքեր, ինչպես օրինակ` Եղեգնաձորի գյուղատնտեսության վարչության պետը: Դա ծիծաղելի է, բնական է, որ նա առանց բարձրաստիճան ղեկավարի չէր կարող գումարներ մսխել»: Ա. Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց ԱԺ նախագահի այն հայտարարությանը, թե թալանչիները պետք է ազատվեն պաշտոններից: «Թալանչիները պատժվում են Քրեական օրենսգրքով ու որոշ ժամանակահատված անցկացնում են ոչ հեռավոր վայրերում, էլ չեմ ասում, որ նյութական պատասխանատվության են ենթարկվում: Բայց քանի որ լայնածավալ պատիժների դեպքում ի հայտ կգային ցուցմունքներ, թե ինչպես են կատարվել այդ յուրացումները, ում և ինչպես են ատկատներ տվել, բուրգը չբացահայտելու համար նրանք միայն աշխատանքից կազատվեն»: Ա. Մարտիրոսյանի կարծիքով դա հաստատում է, որ կատարվածը շոու է ու ինչպես միշտ` կրելու է «իմիտացիոն բնույթ»:
ՀՀԿ-ն շահագրգռվա՞ծ է, որ թալանչիները պատժվեն
Պետական մսխումների վերաբերյալ ԱԺ նախագահի զարմանքն արդյո՞ք վկայում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը տեղյակ չէ թալանչիների երկրում ապրելու մասին: Մեր հարցադրմանն ի պատասխան` ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց. «Մենք չենք ապրում թալանչիների երկրում, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում»: Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի 2012 թ. բյուջեի ուսումնասիրություններով հայտնաբերված չարաշահումներին, ապա ՀՀԿ ներկայացուցչի խոսքով այս օրերին բազմաթիվ շահագրգիռ քննարկումներ են լինում: «Կարծում եմ` հենց Հանրապետական կուսակցությունն է ամենաշահագրգիռը, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում տեղ գտած թերությունները, անընդունելի երևույթները, խախտումները, միտումնավոր յուրացումները բացառել», ասաց Ա. Զաքարյանը:
Ինչ վերաբերում է չարաշահումների «հերոսներին» պատասխանատվության ենթարկելուն` Ա. Զաքարյանն ասաց. «Պատասխանատվության ենթարկելն առաջին հերթին ոչ թե մարդկանց ցանկությունն է, այլ օրենքի պահանջը: Քաղաքական առումով Հանրապետական կուսակցությունն ինքն է շահագրգիռ, որպեսզի բավարար ապացույցների, հիմքերի պարագայում նաև արդարադատության համակարգն զբաղվի համապատասխան անձանցով: Կարծում եմ` անհետևանք ոչինչ չի լինելու»:
Թե Վերահսկիչ պալատի այս անգամվա ճչացող բացահայտումների կապացությամբ Հայաստանի դատարանները քանի մեղադրական դատավճիռ կկայացնեն` կանխատեսելը դժվար է: Համենայնդեպս նախկինում դրանց թիվը զրոյից չի անցել:
Աղբյուրը` http://sobesednik.am/am/politic/4112—-lr