Ո˚վ է մեղավոր զինվորին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու համար. Փաստաբանը պատասխան է պահանջում
08:53, July 2, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՋրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործով կրկնակի կամ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կարիք բնավ չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվող դատական գործի քննության ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:
Նրա խոսքով՝ իսկապես, կան հարցեր, որոնց պատասխաններն անգամ դատաքննության՝ ապացույցների հետազոտման ժամանակ, չեն ստացել, սակայն դրանց պետք է տրվեն իրավական գնահատականներ դատավճռի հրապարակման մեջ: Փաստաբանը պնդեց, որ նախաքննական մարմինը գործով ամբողջական քննություն չի իրականացրել: Նա դատարանին ներկայացրեց իր և իր պաշտպանյալի կողմից ստորագրված միջնորդություն:
«Ըստ պաշտոնական վարկածի՝ Հայկ Խաչատրյանի մոտ ջրծաղիկը հայտնաբերվել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու մասին կազմվել է ուղեգիր և տեղափոխման էպիկրիզ, որը ստորագրվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի կողմից, սակայն այդպես էլ նա չի տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ շարունակելով գտնվել զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում, որտեղ նրա վիճակը գնալով վատթարացել է:
Առաջին հարցը, որը պատասխան է պահանջում հետևյալն է՝ ո˚վ է պատասխանատու Հայկ Խաչատրյանին 2011 թվականի դեկտեմբերի 28-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու համար: Եթե չտեղափոխելու պատճառը եղել է նրա մոտ որովայնի շրջանի սուր ցավերի առկայությունը և այդ կապակցությամբ նրա նկատմամբ վիրաբուժական հսկողության սահմանումը, ապա պարզված չէ, թե ո˚վ է ընդունել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու որոշումը. ամբաստանյալ Մինաս Մկրտչյա˚նը, ում ղեկավարած բաժանմունքում բուժում էր ստացել Հայկ Խաչատրյանը, Վահան Գևորգյա˚նը, ում ղեկավարած վիրաբուժական բաժանմունքի հսկողության տակ դեկտեմբերի 29-ին գտնվել է Հայկ Խաչատրյանը, թե ամբաստանյալ Միքայել Միքայելյա˚նը, ով, հանդիսանալով զինվորական հոսպիտալի պետը, ստորագրել էր Հայկ Խաչատրյանին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու ուղեգիր և տեղափոխման էպիկրիզ:
Ո˚րն է եղել պատճառը, որ չի դիտարկվել Հայկ Խաչատրյանի նկատմամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դինամիկ վիրաբուժական հսկողություն իրականացնելու հնարավորության հարցը: Պարզ չէ, թե սկսած այն բանից, երբ Հայկ Խաչատրյանի մոտ սահմանվել է վիրաբուժական հսկողություն որովայնի շրջանի սուր ցավերի պատճառով, ո˚ւմ պատասխանատվության տակ է գտնվել կամ այլ կերպ ասած ո˚ւմ հիվանդն է հանդիսացել Հայկ Խաչատրյանը. նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանի˚, թե˚ վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գրիգորյանի և վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահբազյանի, ով իրականացրել է այսպես կոչված դինամիկ վիրաբուժական հսկողություն»,- միջնորդության մեջ նշել էր Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանի համար բաց էր մնացել նաև այն հարցի պատասխանը, թե ինչո˚ւ չի հրավիրվել վարակաբան, և ո˚վ պետք է դա աներ:
«Դեկտեմբերին 28-ին, լույս 29-ի գիշերը Հայկ Խաչատրյանն առաջին ցնցումն է տարել, որն ուղեկցվել է գիտակցության կորստով: Ո˚րն է պատճառը, որ ամբաստանյալ Մինաս Մկրտչյանը, ով ողջ օրը գտնվել է բաժանմունքում և գիշերը հերթապահել է այնտեղ, անհետաձգելի, շտապ միջոցներ չի ձեռնարկել Հայկ Խաչատրյանի սաստկացող ցավերի պատճառը պարզելու և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումն ապահովվելու համար»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով՝ մինչդատական վարույթում որևէ մեկը չի փորձել այդ հարցերը տալ ու պատասխան ակնկալել: Եթե փորձեին, ապա պարզ կդառնար, որ հոսպիտալում Հայկ Խաչատրյանի նկամամբ դրսևորվել է անփույթ, անպատասխանատու վերաբերմունք բժիշկների կողմից:
Շուշեղ Շուշանյանը միջնորդեց, որպեսզի դատախազությունը նոր քրեական գործ հարուցի և որպես մեղադրյաններ ներգրավվի` վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գրիգորյանին և ավագ օրդինատոր Սևակ Շահբազյանին՝ մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդված 2-րդ մասով և 376 հոդվածի 2-րդ մասով:
Փաստաբանի խոսքով՝ եթե Հայկ Խաչատրյանը դեկտեմբերին զորամասում անօրինական 16 ժամյա պարեկային ծառայության մեջ չգտնվեր, ապա չէր մրսի, դեմքի շրջանում ցավեր չէր ունենա, դիմային նյարդի բորբոքում չէր ստանա, չէր տեղափոխվի զինվորական հոսպիտալ և չէր վարակվի ջրծաղիկ հիվանդությամբ: Նրա միջնորդության համաձայն՝ քրեական գործի շրջանակներում պետք է քննություն կատարվի նաև պարկեային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակելու փաստի շուրջ՝ մեղավոր պաշտոնատար անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Նախաքննության մարմնին այդ փաստը հայտնի է եղել, սակայն այդ մասով քննություն ևս չի իրականացվել, իսկ իրենց միջնորդությունը մերժվել է:
Շուշեղ Շուշանյանը միջնորդեց դատարանին, եթե դատախազության կողմից նոր քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը մերժվի, ապա դատարանը իր նախաձեռնությամբ նոր քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմի զինվորական դատախազին: Փաստաբանը միջնորդեց դատախազին խստացնել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին առաջադրված մեղադրանքները:
Մեղադրող դատախազ Անահիտ Եղիազարյանը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Պաշտպանները կողմ էին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ http://iravaban.net/2013/07/01/ո˚վ-է-մեղավոր-զինվորին-նորք-ինֆեկցի