Ոստիկանությունը տուժած քաղաքացիներին համոզում է բողոք չգրել. Սաքունց
13:37, August 7, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգում է, որ ոստիկանության աշխատակիցներն ու քննչական մարմիններն այս օրերին աշխատանք են տանում, որպեսզի վերջին շրջանում տեղի ունեցած գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիները բողոքներ չներկայացնեն:«Հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ապօրինությունների, բռնությունների ու ծեծի հետևանքով տուժած քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության հարցում խնդիրների առաջ են կանգնել: Փաստորեն, ոստիկանության աշխատակիցներն ու քննչական մարմիններն ամեն ջանք գործադրում են՝ քաղաքացիներին համոզելու, որպեսզի նրանք հրաժարվեն բողոքներ ներկայացնելուց: Համոզում են, ճնշում, տարբեր մեթոդներ են կիրառում, այդ թվում՝ հարազատներին են ներգրավում՝ հղում կատարելով ավանդական արժեքներին, ընդհուպ մինչև ասում են՝ մեկ է, որևէ արդյունք չի տալու: Ամեն ինչ անում են, միայն թե մարդիկ հրաժարվեն բողոք ներկայացնելուց»,- Lragir.am-ին փոխանցեց Սաքունցը՝ հավելելով, որ մեծ թվով փաստեր ունի այս ամենի վերաբերյալ:Իրավապաշտպանի խոսքով՝ ստացվում է, որ քաղաքացիները կրկնակի են տուժում: Մի դեպքում տուժել են ոստիկանության կողմից ապօրինի բերման ենթարկվելու, բռնությունների հետևանքով, հիմա էլ տուժում են այս ապօրինի գործողությունների պատճառով, երբ թույլ չեն տալիս, որ մարդիկ վերականգնեն իրենց խախտված իրավունքները:
«Այսինքն՝ ամեն կերպ վախի ու անելանելիության մթնոլորտ են ուզում ստեղծել, որ քաղաքացիները չբողոքեն: Սա ոստիկանական պետությանը բնորոշ խայտառակ վարքագիծ է, և ես վերստին կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել, չվախենալ, սկզբունքային լինել ու իրենց խախտված իրավունքի մասին բողոքները ներկայացնել ուղղակի Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց իրավապաշտպանը:Իսկ ոստիկանության ղեկավարներին ու աշխատակիցներին Արթուր Սաքունցը հորդորում է դադարեցնել իրենց ապօրինի գործելաոճը, Հատուկ քննչական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը՝ ավելի արդյունավետ գործել և ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Նա նաև իրավասու մարմիններին հորդորում է միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու այդ ոստիկանական ճնշումները, որպեսզի մարդիկ կարողանան ազատ ենրկայացնել իրենց բողոքն ու վերականգնել խախտված իրավունքը:
Աղբյուրը՝ www.lragir.am