Ով որտեղ է եղել 2008-ի փետրվարի 19-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում
21:57, April 16, 2013 | Մամլո հաղորդագրություններԹեև նախորդ ամիս ԱԺ պետաիրավական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Մարտի մեկի հարցի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ քառօրյայի օրակարգ ընդգրկելուն, սակայն օրերս ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծն արժանացավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների խիստ քննադատությանը: Ու թեև Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը քննարկվելու է հաջորդ քառօրյայում, բայց հանձնաժողովի ստեղծման հավանականությունը գնալով ավելի է նվազում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով հանձնաժողովի ձևավորմանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի քանի անհրաժեշտ նկատառումներ առանձնացրեց:
Մարտի մեկը, ըստ նրա, հանցագործություն էր պետության դեմ, իսկ մանավանդ նման նշանակության ցանկացած հանցագործություն, որը չի բացահայտվում, չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական իրադարձությունների, քաղաքական գործընթացների, քաղաքական որոշումների կայացման վրա: Ավելին՝ Մարտի մեկի հանցագործության մեջ հնարավոր կասկածյալներին չբացահայտելը կամ պատասխանատվության չենթարկելն անխուսափելիորեն ազդում է նաև այդ մարդկանց վարքագծի վրա, քանի որ նրանք այնպիսի մարդիկ են, որ շարունակում են ազդեցություն ունենալ մեր քաղաքական, հասարակական կյանքում:
Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ խնդիրը այստեղ անպատժելիությունը չէ, խնդիրն այն է, որ այդ հանցագործության ամբողջ մեխանիզմի բացահայտված չլինելը հնարավորություն է տալիս դրա կատարման մեջ լրջագույն ազդեցություն ունեցած անձանց մնալ ստվերում, ինչպես նաև ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում: Իսկ դա, ըստ Ա. Սաքունցի, կարող է դրսևորվել մեկը մյուսի նկատմամբ սպառնալիքով կամ մեկը մյուսի հետ համագործակցության գալով: Ըստ նրա՝ Մարտի մեկի չբացահայտված լինելը դառնում է քաղաքական նշանակության գործիք տարբեր բնույթի հարցերի վերաբերյալ որոշումների կայացման տեսակետից:
Առաջին կարևոր նկատառումը, ըստ Ա. Սաքունցի, Մարտի մեկին երկրորդ նախագահի լիազորություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, շտաբի պետ Սեյրան Օհանյանին, ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին, ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հարցաքննելն է: ՀՔԾ-ն և դատախազությունը պետք է լինեին այն գործիքները, որոնք, ըստ իրավապաշտպանի, պետք է այդ հանցագործությունը բացահայտեին, բայց որոնք անգործության մատնվեցին քաղաքական որոշման հիման վրա:
«Մարտի մեկից հետո ընկած հինգ տարիների ժամանակահատվածում և առաջիկա հինգ տարիներին միանշանակ գտնում եմ, որ Մարտի մեկի չբացահայտվածությունը էական նշանակություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա»,- ասաց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ նախևառաջ պետք է հարցաքննությամբ պարզել՝ 2008-ի փետրվարի 19-ից մինչև մարտի 20-ը ընկած ժամանակահատվածում ի՞նչ են արել, որտե՞ղ են գտնվել, ի՞նչ հրահանգներ են տվել, ի՞նչ որոշումներ են կայացրել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Հայկ Հարությունյանը, Վարդան Օսկանյանը: Ըստ նրա՝ այս հարցերը պետք է ՀՔԾ-ի կողմից պարզաբանվելիք հարցեր դառնային:
Մարտի մեկի հարցով խորհրդարանական հանձնաժողովը ձևավորվելու դեպքում, ըստ Սաքունցի, քանի որ ՀՔԾ-ն՝ որպես իրավական մեխանիզմ, թերի է աշխատում կամ չի աշխատում, խորհրդարանը՝ որպես ներկայացուցչական մարմին, պետք է փորձի մեխանիզմներ գտնել. այն է՝ պառլամենտական հանձնաժողովը ինքը սկսի լսել այդ պաշտոնատար անձանց, և նրանք հանձնաժողովի առջև բացատրություններ տան:
Ա. Սաքունցը նաև նշեց, որ տարբեր քաղաքական միջոցառումները՝ ԱԺ ընտրությունները, նախագահական ընտրությունները, հիմա էլ Երևանի ավագանու ընտրությունները հետին պլան մղեցին Մարտի մեկի հարցը: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության եզրակացությունների մեջ նշել էինք այն նախապայմանների կարևորությունը, առանց որոնց հնարավոր չեն ազատ և արդար ընտրություններ, նշել էինք 2008-ի մարտի մեկի դեպքերի բացահայտված չլինելը: Եվ հիմա կենսական անհրաժեշտություն է հանրության ուշադրության կենտրոնում պահել Մարտի մեկի մեխանիզմի բացահայտման անհրաժեշտությունը, որի չբացահայտման դեպքում քաղաքական բնագավառում որոշումների կայացումը վտանգի տակ է դրված»,- ասաց Ա. Սաքունցը՝ պնդելով, որ Մարտի մեկի բոլոր իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ-հետախուզական նյութերը, որոնք գտնվում են ռազմական ոստիկանությունում, ապացուցում են ինչը, որտեղ և ում կողմից է իրականացվել, այդ հարցերի բոլոր պատասխանները փաստաթղթերում և տեսանյութերում են:
Արդյոք Սերժ Սարգսյանը կցուցաբերի՞ քաղաքական կամք Մարտի մեկի բացահայտման համար: Ա. Սաքունցի կարծիքով՝ բացահայտումը ոչ թե կախված է Սերժ Սարգսյանի քաղաքական կամքից (որովհետև հանցագործությունը խմբակային է եղել), այլ՝ ՀՔԾ-ից և գլխավոր դատախազությունից, Մարտի մեկի հանցագործության բացահայտման նպատակով քննչական ծառայությունը պետք է ծանուցագիր ուղարկի Վարդան Օսկանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Հայկ Հարությունյանին, Գագիկ Ծառուկյանին, Գորիկ Հակոբյանին՝ որպես վկա հարցաքննելու, և սրա համար ոչ թե քաղաքական կամք է անհրաժեշտ, այլ սա օրենքի պահանջն է: Ի դեպ, Քլինթոնը ցուցմունք էր տալիս Կոնգրեսի հանձնաժողովի առջև Մոնիկա Լեւինսկու միջադեպի հետ կապված:
Եթե Մարտի մեկն ուսումնասիրող հանձնաժողովը չստեղծվի, կնշանակի, որ Մարտի մեկի թեմայով նախագահական ընտրությունների ժամանակ պարզապես ծածկադմփոց են արել, ինչը, Ա. Սաքունցի խոսքով, հերթական ապացույցն է, որ Մարտի մեկի հանցագործության մեխանիզմի չբացահայտելը էական և իրական ազդեցություն է ունենում քաղաքական որոշումների և քաղաքական դիրքորոշումների վրա, ինչը մարտահրավեր է, ինչն ապացուցում է, որ այս ֆոնին մյուս բոլոր խոստումները անիմաստ են դառնում:
Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_176684.html