ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
00:00, July 23, 2008 | Հայտարարություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունԻրավապաշտպան մի քանի կազմակերպություն հուլիսի 22-ին բաց նամակ են հղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին, իսկ պատճենը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
«Հարգելի պարոն Միրզոյան
Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Ըստ ոստիկանության վարկածի, Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Գուլյանի հարազատների պնդմամբ՝ Լեւոնի մահը ոստիկանների կիրառած ծեծի եւ խոշտանգումների հետեւանք է: Այս գործում շոշափվում են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ: Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ձգձգվել է եւ տեւել շուրջ մեկ տարի: Գործը ստացել է հասարակական լայն հնչեղություն: Լեւոն Գուլյանի գործը նախ քննել է դատախազությունը, հետո` հատուկ քննչական ծառայությունը եւ 2008 թվականի մարտի 12-ին կարճել` հանցակազմի բացակայության պատճառով: Դատախազությունը 2008 թվականի մարտի 26-ին մերժել էր Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` վերսկսել գործի քննությունը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան) 2008 թվականի հունիսի 6-ին բավարարեց գործի քննությունը վերսկսելու Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը:
Ընդհանուր իրավասության դատարանը 26 էջանոց որոշման մեջ 17 կետով ներկայացրել է նախաքննության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումներն ու թերությունները:
Ընդ որում, ոչ միայն չեն պարզվել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները, այլեւ՝ Լեւոն Գուլյանին եւ այլ վկաների (Հայկ Մելքումյան, Մարինե Գրիգորյան) ազատությունից ապօրինի զրկելու եւ նրանց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու փաստերը, որոնք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ են:
2008 թվականի հուլիսի 21–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Մանուշակ Պետրոսյան), անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ մերժելով դատախազության վերաքննիչ բողոքը:
Մենք, Լեւոն Գուլյանի մահվան օրվանից հետեւողական լինելով այս գործի բացահայտմանը, պահանջում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ողջամիտ ժամկետներում իրականացնել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն եւ բացահայտել հանցագործությունը, ինչի արդյունքում պատասխանատվության կենթարկվեն մեղավոր անձինք»,- ասված է բաց նամակում:
Այն ստորագրել են.
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ՝ Արտակ Կիրակոսյան,
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝ Արթուր Սաքունց,
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ՝ Ավետիք Իշխանյան,
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝ Միքայել Արամյան,
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ՝ Միքայել Բաղդասարյան:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top