Չեչնիայում անհետացած է 4000-ից ավելի մարդ
00:00, December 28, 2006 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՉեչնիայում, ըստ դատախազության, հարուցված է 2700 քրեական գործ բռնի անհետացումների փաստերի վերաբերյալ: Դա վերաբերում է չեչենական առաջին պատերազմին: Երկրորդ պատերազմի ընթացքում անհայտ կորել է 1500 մարդ:
«Մեմորիալ» կազմակերպության ներկայացուցիչներ Նատալյա Էստեմիրովան և Շամիլ Տանգիևը այս մասին ներկայացնելով՝ միաժամանակ նշվել են, թե այս թվերը վերջնական չեն, քանի որ անհայտ կորածների հարազատները խուսափում են հայտնել անհետացումների փաստերի մասին ոչ միայն Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին, այլև իրավապահ մարմիններին և հասարակական կազմակերպություններին: Անհայտ կորածների հարազատների հետ ունեցած առանձին զրույցում պարզվել է, որ նրանք խուսափում են հայտնել փաստի մասին, հատկապես, եթե նրանց հարազատը մասնակցել է ֆեդերալ զորքերի դեմ ռազմական գործողություններին՝ այս կերպ խուսափելով ուժային կառույցների կողմից հետապնդումից:
Բերվեցին փաստեր, երբ անհետացումների մասին նույնիսկ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին տեղեկացնելուց հետո անհայտ կորածների հարազատների նկատմամբ կիրառվել են ուժային ճնշումներ, անօրինական ձերբակալումներ:
«Մեմորիալի» ներկայացուցիչների հավաստմամբ, քաղաքացիները բռնի կերպով անհետանում են: Դեռևս 2002թ-ին ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են իշխանության կառույցների, այդ թվում՝ իրավապահ և ուժային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ցավոք, հանձնաժողովը միայն գրանցում Է բռնի անհետացումների փաստերը, սակայն որևէ իրական արդյունքներ հայտնաբերման, անհետացումների, ինչպես նաև պատասխանատվության ենթարկման ուղղությամբ չի արձանագրել:
Ըստ «Մեմորիալի» ներկայացուցիչների, Գրոզնիում պաշտոնապես գործում է մեկ քրեակատարողական հիմնարկ Չերնակոզովայում և ժամանակավոր պահման մեկուսարաններ բոլոր շրջկենտրոններում, սակայն միաժամանակ գործում են նաև գաղտնի բանտեր, որտեղ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչները մուտք չունեն: Բացի «Մեմորիալից», Անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրներով զբաղվում են նաև 3 այլ կազմակերպություններ, որոնցից ըստ հանդիպման մասնակիցներից մեկի, առավել աչքի է ընկնում «Չեչնիայի մայրեր» կազմակերպությունը:
Անհայտ կորածների հարազատների հետ առանձնազրույցը ցույց տվեց, որ ո°չ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն, ո°չ պետական մարմինները և ո°չ էլ հասարակական կազմակերպությունները չեն տիրապետում անհայտ կորածների և բռնի անհետացածների վերաբերյալ տեղեկատվությանը: Իշխանության մարմինների կողմից մասսայաբար կիրառվող բռնությունները, անօրինական ձերբակալված անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները ձևավորել են անվստահություն իշխանության մարմինների նկատմամբ, որը չի կարող նպաստել բռնի անհետացումների հանգամանքների բացահայտմանը և մարդկանց ճակատագրի ու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերմանը: Տեղի լրատվամիջոցների կողմից բռնի անհետացումների մասին ցանկացած հրապարակում նույնպես անուշադրության է մատնվում իշխանության կողմից:
Նազրանում /Ինգուշեթիա/ «Մեմորիալի» գրասենյակի ներկայացուցչի՝ Ահմեդ Բալախոևի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ բռնի անհետացումների դեպքերը տարածվում են նաև Հյուսիսային Կովկասի շրջաններում և ձեռք է բերում տարածաշրջանային բնույթ:
CHO ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Տաիսա Իսաևի հավաստմամբ, մարդու իրավունքների խախտման և բռնի անհետացումների դեպքերի հրապարակումները նույնիսկ ինտերնետային կայքերում կարող են առաջ բերել իրավապահ մարմինների կողմից հրապարակողների նկատմամբ ճնշումների:
«Չեչենսկոյե Օբշեստվո» թերթի խմբագրի ներկայացմամբ, թերթի ինտերնետային էջի ձևավորումը /ֆինանսավորվել է ՌԴ-ում Բրիտանական դեսպանության կողմից/ հետաքրքրել էր անվտանգության ծառայության ներկայացուցիչներին:
Չեչնիայում և Գրոզնիում գործում է իրավաբանական խորհրդատվական 3 կենտրոն, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և պարտավորությունների պահպանումը, աջակցում նրանց կյանքի դժվարին իրավիճակներից դուրս գալու ուղղությամբ: Խորհրդատվական կենտրոններց մեկի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք դատական գործընթացներին չեն մասնակցում, քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ գրություն իշխանության ներկայացուցիչների չեն ուղարկում: Օրական Խորհրդատվական կենտրոն այցելում է 18-20 քաղաքացի:
Դեկտեմբերի 18-ից 20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աթուր Սաքունցը «Սինտեմ-Հոգու Հանգստություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության հրավերով գտնվում Չեչնիայի գրոզնի քաղաքում:
Նրա այցելության ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Գրոզնիում գործող հասարակական կազմակերպությունների և լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել մարդու իրավունքների, մասնավորապես անհայտ կորածների և բռնի անհետացածների իրավիճակը Չեչնիայում: Հանդիպումներ տեղի ունեցան «Մեմորիալ» կազմակերպության Գրոզնիի մասնաճյուղի, «Պոզիտիվ» կազմակերպության «Չեչենսկոյե Օբշեստվո» (չեչենական հասարակություն) թերթի խմբագրության, չեչենական մշակույթի տարածման և ուսումնասիրությունների «ԼԱՄ» կենտրոնի, CHO տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փորձը անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների սկզբունքների արտահայտումը ազգային օրենսդրության մեջ՝ որպես անհայտ կորածների հարազատների՝ իրենց անհայտ կորած անձի գտնվելու և ճակատագրի մասին իրավունքի ապահովման կարևոր երաշխիք:
Նշվեց, որ անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրը արդիական է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, և այդ նպատակով համատեղ ջանքերի ներդրումը և գործողությունների իրականացումը դարձել է անհրաժեշտություն:
Արթուր Սաքունց