Պահանջում ենք
00:00, March 25, 2011 | ՀայտարարություններԱրդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է Ազատության հրապարակում: Մենք, ներքոստորագրյալներս, ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին և կիսում ենք նրա բոլոր մտահոգությունները առանձին և ամբողջությամբ վերցված, որոնք և ստիպեցին նրան դիմել այս միջոցին:
Եվ միայն իշխանությունների վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, որ ստիպոմ է մեզ հանդես գալ այս հայտարարությամբ:
Այն պահից ի վեր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է այս առավել ծայրահեղ, բայց խաղաղ միջոցին, իշխանությունները ուժ չեն խնայում նսեմացնելու նրան և ի չիք դարձնելու նրա հսկայական ջանքերն` ուղղված երկրում ճչացող անարդարության վրա ուշադրություն գրավելուն: Իշխանությունները դրանք անում են թե ուղղակի` ոստիկանական ուժերի միջոցով և թե անուղղակի` իրենց կամակատար լրատվամիջոցների օգնությամբ:
Մենք հանդես ենք գալիս այս հայտարարությամբ, պահանջելով մեր հայրենակցի իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունը, որին և նա, և յուրաքանչյուր այլ քաղաքացի անվերապահորեն արժանի է:
Մենք պահանջում ենք.
1. Հայաստանի իշխանությունների կողմից անհապաղ ներողության հայցում` ի դեմս Ոստիկանության, որը հետևողականորեն և անմարդկայնորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները և շարունակական ոտնձգություններով նվաստացնում է նրա անձը` հակաօրինական ձևով չթույլատրելով վրանի տեղադրումը և չապահովելով պայմաններ նրա քաղաքացիական իրավունքների իրականացման համար:
2. Երաշխավորել բոլոր անհրաժեշտ միջոցները` ներառյալ, բայց ոչ միայն, տաքացվող վրանի տրամադրումը, բուժանձնակազմի շարունակական ներկայությունը և ամենակարևորը` ողջ ընթացքում քաղաքավարի և հարգալից վերաբերմունք ոստիկանության կողմից:
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Երևանի մամուլի ակումբ ՀԿ
Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Ասպարեզ» լրագրողական ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ