Պաշտպանակա՞ն, թե՞ դիրքավորման պատ
00:00, October 13, 2011 | Մամլո հաղորդագրություններԱդրբեջանն իր պետական միջոցների հաշվին ղարաբաղաադրբեջանական շփման գծում 3 մետր բարձրությամբ պաշտպանական պատ է կառուցում, հաղորդում է «ANS Press» գործակալությունը:
«Շփման գծից ոչ հեռու գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչները տուժում են շփման գծում հաճախակի գրանցվող հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով»,- նշված է որպես պատճառաբանություն: Լրատվամիջոցի հաղորդմամբ, պատի կառուցման աշխատանքներն սկսվել են դեռեւս 7 ամիս առաջ, Աղդամի շրջանի Քարվանդ գյուղից, իսկ պատը ձգվելու է Թարթառի շրջանի գյուղերի տարածքով: Քարե պատի ընդհանուր երկարությունը հասնելու է 2 հազար 700 մետրի:
«Եթե մերոնք 7 ամիս շարունակ լռել են այդ մասին կամ գաղտնի պահել, դա տարաբնույթ ենթադրությունների առիթ կարող է հանդիսանալ»,- այս առիթով մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նկատելով. «Դիրքերն այդքան մոտ են, շինարարական աշխատանքները ո՞նց են իրականացվում: …Եթե մերոնք լռել են, ուրեմն պետք է մտածել, որ նրանք այլ՝ գաղտնի հարթություններում են քննարկել հարցը»:
Իրավապաշտպանը, սակայն, մտավախություն հայտնեց, որ կառուցվող պատը ոչ թե պաշտպանական նկատառումներով է, այլ «ռազմական գործողություններին նախորդող քայլ է՝ դիրքավորման նկատառումներով»: «Ինչո՞ւ երեք-չորս տարի առաջ նման կառույցների մասին խոսք չէր գնում»,- հարց հնչեցրեց Սաքունցը: