Պարզաբանում. «Արագ արձագանքման» ծառայության գործունեության վերաբերյալ
00:00, March 30, 2011 | ՆորություններՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է, որ, անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:
Պարզաբանելով իրավիճակը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկ անգամ եւս հայտնում է, որ 091 008 817 հեռախոսահամարը կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով` դա չդիտարկելով որպես արագ արձագանքման ծառայություն:
Նախկինում, թեեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գործում էր արագ արձագանքման ծառայություն եւ այդ մասին հայտարարված էր հասարակությանը, կար հեռախոսահամար, սակայն իրականում, այդպիսի ծառայության իրականացման կարգը իրավական կարգավորման ենթարկված չէր: Ընդամենը, աշխատակիցներից մեկը, զուտ բարի կամքի դրսեւորմամբ, պատասխանում էր այդ զանգերին նաեւ աշխատանքային ժամերից դուրս: Հնարավորության դեպքում նա նաեւ ներկայանում էր դեպքի վայր, սակայն այդպիսի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովված չէին` ոչ տեխնիկապես եւ ոչ էլ իրավասությունների եւ պատասխանատվության շրջանակների առումով: Հիմա էլ բողոքները կընդունվեն եւ կփոխանցվեն նամակների եւ ընդհանուր բաժին` գործերին հրատապ ընթացք տալու նպատակով: Այսինքն, աշխատանքային ժամերին, ըստ էության, բողոքների ընդունման եւ արագ ընթացք ապահովելու տեսակետից ոչինչ չի փոխվում, այս փոփոխության արդյունքում որեւէ բողոք անուշադրության չի մատնվի:
Արագ արձագանքման բարդ, շուրջօրյա գործունեությունը` առանց աշխատանքային հստակ ժամերի, անվարձահատույց եւ միայնակ իրականացնելու պարտականությունը մեկ աշխատակցին հանձնարարելը (ինչ կարգով գործել է այդ ծառայությունը), նույնպես մարդու իրավունքների խախտում է: Բացի այդ, նման կարեւոր, պատասխանատու աշխատանքը պետք է դրվի ավելի լուրջ հիմքերի վրա, լինի հստակ կանոնակարգված, պարտադիր` կատարման համար, շուրջօրյա ու միանգամայն վստահելի: Մարդիկ, ովքեր զանգահարում են մարդու իրավունքների պաշտպանին` իրենց իրավունքների խախտման վերաբերյալ հրատապ բողոք ներկայացնելու, ակնկալում են շտապ արձագանք, եւ նրանք պետք է վստահ լինեն, որ այդ արձագանքը կլինի անհապաղ, եւ որ դա պատասխանատվություն ենթադրող հստակ պարտականություն է:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման շուրջօրյա ծառայությունը` չլինելով օրենքի պահանջ, չունի օրենսդրական կարգավորում:
Աղբյուրը՝ http://www.ombuds.am/main/am/9/27/2429/