Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012թ.» զեկույցը
21:05, April 20, 2013 | ՆորություններԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012թ.»իր տարեկան ընդհանրական զեկույցը, որտեղ երկիր առ երկիր առանձին զեկույցներով ներկայացվում է մարդու իրավունքների ոլորոտում առկա իրավիճակը: Հայաստանի վերաբերյալ զեկույցը շուրջ 30 էջ է, որից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:
Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: «Օրենսդիր մարմնի մայիսի 6-ի ընտրություններում տեղ գտած արատների թվում էին իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսների օգտագործումը, քվեներ գնելու մասին հավաստի պնդումները, բողոքարկման և բողոքների քննության գործընթացների թերությունները, ինչպես նաև ընտրական օրեսնգրքում դեռևս առկա թերությունները՝ չնայած բարելավումներին: Իշխանության բոլոր մակարդակներում շարունակվող կոռուպցիայի մասին պնդումները վտանգել են օրենքի իշխանությունը, թեև իշխանությունները որոշ սահմանափակ քայլեր արել են՝ կոռուպցիայի համար պատժելով ցածր և միջին մակարդակի պաշտոնյաների: Դատարանները շարունակել են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների»,- նշված է զեկույցում:
Տարվա ընթացքում արձանագրված մարդու իրավունքների այլ խախտումների թվում զեկույցը նշում է նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում կասկածելի մահվան դեպքերը: Զեկույցն արձանագրում է, որ ոստիկանությունը շարունակել է քաղաքացիների նկատմամբ տանջանքներ կիրառել խոստովանություն կորզելու համար և մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրել ձերբակալության և հարցաքննության ընթացքում: «Բազմաթիվ բանտեր գերծանրաբեռնված են եղել, այնտեղ չեն եղել պատշաճ սանիտարական պայմաններ և բանտարկյալների համար բժշկական ծառայություններ: Դատավարությունները հաճախ երկարաձգվել են, և դատարանները չեն կարողացել կիրարկել օրենքները արդար դատավարություն ապահովելու համար»,- նշված է փաստաթղթում:
Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցը նշում է, որ թեև նախընտրական շրջանում ԶԼՄ-ները ներկայացրել են բազմազան տեսակետներ, սակայն ընտրարշավի ժամանակահատվածից այն կողմ չեն ապահովել քաղաքական տեսակետների բազմազանությունն ու անաչառ լուսաբանումը:
Զեկույցը նաև արձանագրում է հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի նկատմամբ գործադրված բռնությունը, որը հանգեցրել է մահվան: Ավետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները քննիչներին մեղադրում էին հետաքննությունը դիտմամբ անփույթ և կիսատ իրականացնելու և հանցագործների նկատմամբ մեղմ պատիժներ նախատեսելու համար:
Լեռնային Ղարաբաղի մասով զեկույցում նշված է. «Անջատողականները՝ Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և հարակից ադրբեջանական տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մնացել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկ խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա լինել»:
«Քաղաքական բանտարկյալներ և ձերբակալվածներ» բաժնում զեկույցը նշում է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Տիգրան Առաքելյանի անունները՝ վկայակոչելով Հայաստանի տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, ըստ որոնց՝ ակտիվիստների նկատմամբ դատավճիռները քաղաքական շարժառիթներ են ունեցել:
«Խոսքի և մամուլի ազատություն» բաժնում զեկույցն անդրադառնում է լրագրողների հետ տեղի ունեցած մի քանի դեպքերի, այդ թվում՝ մայիսի 6-ի ընտրությունների օրը ընտրատեղամասից դուրս «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանի վրա անհայտ անձանց հարձակումը, որի վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ էր բացել, ապա և փակել հուլիսի 13-ին:
Նույն՝ «Խոսքի և մամուլի ազատություն» բաժնում անդրադարձ կա Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործին: «Մայիսի 25-ին Ազգային անվտանության ծառայությունը փողերի լվացման կասկածանքով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցեց այն բանից հետո, երբ Օսկանյանի կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», հայտարարեց իշխող կոալիցիային չմիանալու իր որոշման մասին: Սիվիլիթաս հիմնադրամը գործարկել է ամենամեծ լրատվամիջոցներից մեկը՝ ՍիվիլՆեթը, որը մայիսի 6-ի ընտրությունների հարցում իշխանություններին քննադատող մի շարք նյութեր է ներկայացրել: ՍիվիլՆեթը հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայության գործակալները անհանգստացրել և հետևել են իր լրագրողներին և իր գրասենյակ են մտել՝ առանց համապատասխան թույլտվության: Բազմաթիվ մեկնաբաններ համարում են, որ քրեական այս գործը և ընտրություններից հետո այն հարուցելու ժամանակահատվածը քաղաքական շարժառիթներ է ունեցել»:
Ինտերնետի ազատության մասով զեկույցը նշում է, որ չնայած սահմանափակումներ չկան, բայց մայիսի 6-ի ընտրությունների օրը ընտրությունները դիտարկող iDitord կայքը կիբերհարձակման է ենթարկվել: Զեկույցը, վկայակոչելով Հեռահաղորդակցության միջազգային միության տվյալները, նշում է, որ Հայաստանի բնակչության 32 տոկոսը օգտվում է ինտերնետից:
«Կոռուպցիան և թափանցիկության պակասը կառավարությունում» բաժնում նշվում է, որ կառավարությունը պատշաճ կերպով հետամուտ չի լինում կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ օրենքի դրույթների կիրառմանը: Այս համատեքստում նշվում է բնապահպանության նախկին նախարար, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի անունը: «Սեպտեմբերի 6-ին օտարերկրյա դատարանը Ազգային ժողովի պատգամավոր և խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի նկատմամբ 37,5 միլիոն դոլար տուգանք նշանակեց, որը բնապահպանության նախարար եղած ժամանակ Global Gold Mining ընկերությունից կաշառք էր պահանջել: Տարեվերջին Այվազյանը շարունակում էր մնալ Ազգային ժողովում իր պաշտոնին, և կոռուպցիայի մեղադրանքով որևէ հետաքննություն չսկսվեց»:
Նույն բաժնում անդրադարձ կա նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, որը 2011թ. պաշտոնից հեռացվել էր մահացած մարդկանց թոշակները՝ 113 միլիոն դրամ, յուրացնելու համար:
Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան նվազեցնելու համար կառավարությունը նախաձեռնել «Կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրը, որը նվազեցրել է բիզնեսների գործունեության համար նախատեսված մի շարք հարկային և մաքսային ընթացակարգեր: Փաստաթուղթը, վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի«2012-2013թթ. գլոբալ մրցունակության զեկույցը», նշում է, որ կոռուպցիան նշանակալից ազդեցություն ունի տնտեսական աճի վրա:
Աղբյուրը՝ http://civilnet.am/2013/04/20/պետդեպը-հրապարակել-է-մարդու-իրավուն