Ռոժի դեմ խաղ չկա
00:00, November 1, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԵրկու օր առաջ գրավի դիմաց կալանքից ազատվել են դրամաշորթության կասկածանքով կալանավորված, Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանը եւ նրա զինակից, նույն զորամասի գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը:
Գրավի չափը ՌոԺ մականունով Վարդան Մարտիրոսյանի դեպքում կազմել է 1 միլիոն դրամ, իսկ Արթուր Կարապետյանն ազատվել է 820.000 դրամ գրավի դիմաց: Նշենք, որ սույն անձինք կալանքի տակ գտնվեցին ընդամենը երկու շաբաթ:
Հայտնի է, որ Հայաստանում գրավի դիմաց կալանքից ազատվելը լուրջ խնդիր է, եթե ոչ անհնար, անգամ ամենափոքր հանցագործության դեպքում: Նշանակում է տեղին էին մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը գլխավորող Յուրի Խաչատուրովի համար, ում որդու մտերիմն է Ռոժը, նրան ազատելու խնդիրը հեղինակության ու պատվի հարց է եղել, և նա, փաստորեն, պատվով է դուրս եկել այդ իրավիճակից:
Խաչատուրովի ազդեցության սահմանները հասկանալու համար պետք է նշենք, որ ՊՆ քննչական ծառայությունն այս դեպքում իր առջև խնդիր էր դրել մինչև վերջ գնալ և աղմկահարույց այս հանցագործությունը բացահայտել: Բնական է, որ քննչական ծառայությունը ստացած է եղել Պնախարար Սեյրան Օհանյանի համաձայնությունն այդ հարցում, սակայն ցանկությունը մի բան է, իսկ իրականությունը` բոլորովին այլ: Կալանքից ազատելով Ռոժին, Խաչատուրովը տարել է իր հերթական հաղթանակը:
Սակայն մեզ մտահոգող հարցը ամենևին սա չէ, այլ այն, որ Ռոժի ազատության մեջ գտնվելը վտանգավոր է և սպառնում է քրեական գործի տապալմանը, իսկ որն ավելի կարևոր է` նրա ազատությունը վտանգավոր է գործով անցնող վկաների համար: Գտնվելով ազատության մեջ, նա հնարավորություն ունի ուղղակիորեն ճնշում գործադրելու վկաների վրա` տված ցուցմունքներից հրաժարվելու, կամ փոխելու համար: Ո՞ր շարքային զինվորը ցուցմունքներ կտա հրամանատարի դեմ կամ առերես հարցաքննության ժամանակ կպնդի իր ասելիքը: Կալանքի իմաստը հենց սա է, որպեսզի ճնշում չգործադրվի վկաների վրա, իսկ այս կարգի հանցագործության պարագայում և բանակում կատարվող անպատժելիության ֆոնի վրա` առավելևս:
Իսկ եթե հաշվի առնենք նաև գումարտակի հրամանատարի կողմից զինվորներին ստորացնելու, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ապա պարզ կդառնա այն վտանգները, որ սպասվում է ցուցմունք տվող զինվորներին:
Քրեական այս գործը հարուցվել է զորացրված մի զինվորի ցուցմունքների հիման վրա, ով առանց իր անունը հայտնելու թերթերից մեկին պատմել էր սույն հրամանատարի կողմից զինվորներին բռնությունների ենթարկելու ու ստորացնելու բազմաթիվ օրինակներ: Ներկայացնենք դրանցից մեկը:
«Հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ: Ճիշտ է, դա լավ բան չէ, եւ դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ: Տիգրանը կրտսեր սերժանտ էր: Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ համբուրի իր կոշիկները:
Զինվորը դա չարեց, եւ Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին: Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին: Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ուղիղ կանգնել: Մենք էինք օգնում, որ շորերը հագնի»,պատմել էր զինվորը` հավելելով, որ այս զորամասը միակողմանի ծնողազուրկ երեխաների զորամաս է, ու հրամանատարները լավ գիտեն, որ ծնողի ձեռքին ճար չկա, դրա համար էլ ամեն ինչ անում են, իսկ զինվորները չեն պատմում այդ մասին:
«Եթե ես հիմա ծառայության մեջ լինեի, պարզ է, որ այս ամենը ձեզ չէի պատմի», իր պատմությունը եզրափակել էր նախկին զինվորը:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետի` Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի գլխավորած զորամասն առավել աչքի ընկավ վերջին շրջանում այնտեղ կատարված սկանդալային բացահայտումներով: Ռոժ մականունով հրամանատարը՝ Վարդան Մարտիրոսյանը, բնական է, ոչ առանց իր հրամանատարի իմացության, ստիպել է պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնելով գումարի չափը:
Սակայն առավել ցնցող է պատմությունը, թե ինչպես են այդ անձինք ստիպել ստորադաս զինվորականներին, որ Ակբա բանկից 3 հարյուր հազար դրամից մինչեւ 1,5 միլիոն դրամ վարկ վերցնեն՝ խոստանալով, որ իրենք կփակեն այդ գումարները, սակայն թողել են վարկառուների վրա: Բնականաբար, աշխատավարձով ապրող պայմանագրային զինծառայողները չեն կարողացել մարել ու փաստի առջև են կանգնել:
Գուցե, վերջին այս իրադարձությունները` Ռոժին կալանքից ազատելը, պետք է դիտել գերագույն գլխավոր հրամանատարի վերջին հրապարակային ելույթի համատեքստում, ինչպես պնդում էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Նա իր գնահատականներով վերստին հաստատեց մեր այն մտահոգությունը, որ իշխանությունները որևէ կամք չեն դրսևորում իրավիճակը փոխելու համար: Նրա ելույթն ուղղակիորեն կարելի է գնահատել այսպես. որևէ օբյեկտիվ, համակողմանի քննության հույս այս դեպքերով չունենաք: Այսինքն, գնալու են հանցագործությունները կոծկելու ճանապարհով և բոլոր հնարավոր տարբերակներով, և այն գնահատականները, որ հնչեցին մինչև այժմ եղած հրապարակումների վերաբերյալ, ապացուցում են, որ նրանք հակված են տեղի ունեցող մահացության դեպքերի և թերությունների մասին չահազանգել»: