Սերժ Սարգսյանի այցը Լոռու մարզ
00:00, February 12, 2007 | Մամլո հաղորդագրություններ | Զինված ուժեր«Հայոց ազգային բանակում կոռուպցիա չկա»
Այսօր Վանաձորում էր պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի գրասենյակում ունեցած հանդիպման ընթացքում կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ նա քննարկեց ներկուսակցական հարցեր:
«Լոռի TV» հեռուստաընկերությունում ունեցած հարցազրույցից հետո Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ զինծառայողների ծնողների, հարազատների, վանաձորցիների հետ: Մշակույթի պալատի սրահներից մեկում կազմակերպվել էր «Մեր բանակը» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Բանակի 15-ամյակի առթիվ ցուցադրվում էին Լոռու մարզի գեղարվեստի և հանրակրթական դպրոցների սաների աշխատանքները: Մշակույթի պալատում էր անցկացվում նաև Լոռու մարզի դպրոցականների շախմատային օլիմպիադայի մարզային փուլը:
Սերժ Սարգսյանը նախ ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ, այնուհետեւ ասաց, որ Վանաձոր է եկել՝ նպատակ ունենալով առաջին հերթին հանդիպելու զինվորների ծնողների հետ, լսելու նրանց հուզող խնդիրները: «Բնականաբար, մշտապես զեկույցներ ենք ստանում նախարարության համապատասխան կառույցներից, հասարակական կազմակերպություններից, որոնց հետ համագործակցում ենք: Նրանք առանց որևէ խոչընդոտի այցելում են զորամասեր, ծանոթանում զինվորների կենցաղին, խնդիրներին: Բայց լրիվ այլ է, երբ լսում ենք ծնողին»,- ասաց պաշտպանության նախարարը:
Նախարարը պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ցանկացած հարցի, հորդորեց անկաշկանդ, առանց տարակեւսելու տալ հարցեր, անգամ՝ եթե մտավախություն կա, թե հարցը կարող է ոչ տեղին կամ անպատեհ հնչել: Վանաձորցիները, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի ընդարձակ դահլիճում տեղադրված մի քանի բարձրախոսներով հնարավորություն
ունեցան անձամբ դիմելու պաշտպանության նախարարին, դիմումն անձամբ հանձնել նրան կամ օգնականին: Հարցին, թե արդյո՞ք բանակում «կրճատումներ» են սպասվում, նախարարը պատասխանեց. «Նման բան չկա: Իրականում` մեր բանակն, իրոք, շատ մեծ է Հայաստանի նման պետության համար` բնակչության թվի և իր չափերի հարաբերակցությամբ: Բայց մենք պարտադրված ենք մեծ բանակ ունենալու, և բանակի «կրճատման» մասին խոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ռազմական անմիջական վտանգ չենք ունենա: Միգուցե կրճատվի զորակոչիկների թիվը` կապված զորակոչի տարիք ունեցողների թվի հետ: Բայց դա բանակի թիվը չի նվազեցնի, որովհետև փոխարենը պայմանագրային զինծառայողներ ենք վերցնելու: Բանակը նաև աշխատատեղ է: Այսօր մեր բանակում ծառայում են 3,5 հազար կանայք և զուտ պայմանագրային կարգով` 10 հազարից ավելի շարքային է ծառայում»:
Վանաձորցիների մի ստվար մասին հուզում էր զորակոչիկ որդիների բանակից զորացրվելուց հետո զբաղվածության, աշխատատեղ ունենալու խնդիրը:
«Այսօր հանրապետությունում ամենամեծ հիմնահարցն աշխատատեղերի հիմնահարցն է: Կոնկրետ Վանաձորի հետ կապված` կարող եմ կրկնել այն, ինչ արդեն լսել եք իշխանություններից. արդեն վերագործարկման ընթացքում է քիմգործարանը: Կարծում եմ` ամենամեծ լուծելիք խնդիրն է դա,- ասաց նախարարը:- Երբ 2006-ի հոկտեմբերին Վանաձորում էի, ասացի, որ հաջորդ այցելության ժամանակ կհայտնեմ այն ժամկետները, որոնց ընթացքում գործարկվելու է քիմգործարանը: Այդ հանդիպումից հետո, բնականաբար, հարցի մասին զեկուցել եմ հանրապետության նախագահին, ով առանց այդ էլ զբաղվում էր այդ խնդրով, և դա լրացուցիչ խթան է հանդիսացել նոր ձևեր փնտրելու: Ձևը գտել ենք հետևյալում. քիմգործարանը վերցվել է կառավարման` հանձնվելով էներգետիկայի նախարարությանը: Այդպիսի փորձ ունենք` կապված «Նաիրիտի» հետ…»:
Հանրությանը տեղեկացրեց, որ քիմհամալիրի աշխատողների աշխատավարձերի պարտքերի մի մասը վճարվել է, մի մասը վճարվում է այս օրերին և մինչև մայիս հարյուր տոկոսով մարվելու են աշխատավարձերի պարտքերը:
Նախարարը նշեց կոնկրետ ժամկետներ, համաձայն որոնց` սույն թվականի մարտ ամսին վերագործարկվելու է կարբիդի արտադրությունը` 15 հազար տոննա տարեկան հզորությամբ. մինչև տարեվերջ գործարկվելու է երկրորդ հերթը` ևս 15 հազար տոննա հզորությամբ: «Եվ տարեվերջին ունենալու ենք այդ հզորությունը` 30 հազար տոննա»:
Այս տարվա մայիսից, ինչպես նշեց նախարարը, «գործարկվելու է կորունդի արտադրությունը. մինչև տարեվերջ այն հասնելու է 50 տոկոս հզորության: Գիտեք, որ արտադրվում է 80 տոննա, և տարեվերջին ունենալու ենք 40 տոննա, իսկ հաջորդ տարի հասնելու ենք հզորության պիկին»:
Ապրիլից մինչև հունիս ժամանակահատվածում վերագործարկվելու է ամոնիակի արտադրությունը, մայիս-հուլիսին՝ մելամինի արտադրությունը` տեղական ամոնիակի հումքով:
Մինչև տարեվերջ վերականգնվելու է պարարտանյութերի արտադրությունը` տարեկան 25 հազար տոննա հզորությամբ: Այսպես հավաստիացրեց նախարարը` միաժամանակ նշելով. «Մյուս հզորությունների մասով ուսումնասիրություն է տարվում, որպեսզի իմանանք, թե ինչպիսի ներդրումներ են անհրաժեշտ` ամբողջությամբ քիմգործարանը վերագործարկելու համար:
Կարծում եմ` Քիմպրոմի վերագործարկումից հետո աշխատատեղերի խնդիրը Վանաձորում, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կլուծվի»:
Որքանո՞վ է նպատակահարմար պայմանագրային զինծառայությունը և ինչպիսի՞ ժամկետներում: Այս հարցին նախարարը պատասխանեց. «Դա ամենից նպատակահարմարն է, որովհետև մարդը կատարում է մասնագիտական աշխատանք, այսինքն` պրոֆեսիոնալիզմը շատ բարձր է: Բայց նույնիսկ շատ հարուստ ու զարգացած ո°չ բոլոր երկրներում կա պրոֆեսիոնալ ծառայություն: Չեմ կարծում, թե մոտակա գոնե տասը տարիների ընթացքում, եթե մեր բանակի թվաքանակն ու խնդիրները մնան այսօրվանը, ի վիճակի ենք լինելու անցնելու պայմանագրային ծառայության: Այլ խնդիր` եթե կարողանանք չեզոքացնել մեր երկրին սպառնացող արտաքին վտանգները և մեր բանակը կրճատել, ենթադրենք, մինչև 10-12-15 հազարի հասցնելով, այն ժամանակ ի վիճակի կլինենք…»:
Խոսելով զինծառայողների, ազատամարտիկների բնակարանային պայմանների խնդիրների մասին` Սերժ Սարգսյանը հայտնեց, որ այս տարի նախատեսված է բարելավել 150 զոհված ազատամարտիկի ընտանիքների բնակարանային պայմանները: «Հանրապետությունում 450 զոհված ազատամարտիկների ընտանիքներ կան, այս տարի բարելավվելու են 150-ի բնակարանային պայմանները,- ասաց նա:- Մենք գրեթե լուծել ենք մեր բոլոր զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքների հարցը: Անցյալ տարի մեզ թվում էր, թե ամբողջովին ենք հարցը լուծել, բայց 2006 թվականի ընթացքում տեղեկացանք, որ ևս 48 ընտանիքի խնդիր չի լուծվել, այնպես որ` դա էլ պիտի լուծենք: Եվ, ինչպես ասացի, բարելավման խնդիրն ենք լուծելու: Այս տարի լուծելու ենք նաև անօթևան` 2-րդ կարգի հաշմանդամների ընտանիքների բնակարանի խնդիրը և լուծելու ենք նաև բնակարանային բարելավման կարիք ունեցող 1-ին կարգի հաշմանդամների խնդիրը, իսկ 2-րդ կարգի հաշմանդամների բնակարանային պայմանների բարելավման խնդրին անդրադառնալու ենք հաջորդ տարի: Բնակարանային պայմանների լավացման համար այս տարի մենք 3 մլրդ դրամ ենք ծախսելու՝ 500 ընտանիքի հիմնախնդիրը լուծելու համար: Եթե այս գործն սկսեինք 1995 թվականից, հիմա արդեն շատ բան արված կլիներ, 2 տարի հետո հիմնախնդիրը լուծված կլինի: Այլ հարց է, որ տրված փոխհատուցումները ոչ միշտ են բնակարան գնելու համար օգտագործվում՝ կապված, թեկուզ միայն, ներընտանեկան տարաձայնությունների հետ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ կապված ինչ-ինչ արտոնություններ վերացվել են, նախարարը պատասխանեց, որ նման բան չկա. որևէ արտոնություն չի վերացվել:
Սերժ Սարգսյանը պատասխանեց ինչպես զինծառայողների ծնողների, այնպես էլ ազատամարտիկների, այլ անձանց տարաբնույթ հարցերին, իսկ ովքեր ունեին խնդիրներ, խոստացավ հարցն ուսումնասիրել և համապատասխան լուծում տալ` ընդունելով նրանց դիմում-խնդրանքները:
Քիչ չէին նաև նախարարին շնորհակալություն հայտնող անձինք, ովքեր իրենց գոհունակությունն էին հայտնում բանակում հետզհետե ամրապնդվող կարգուկանոնի, զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:
Խնդիրների, որոնց լուծումը կապված էր մարզային ու քաղաքային իշխանությունների հետ, լուծմամբ խոստացան զբաղվել մարզպետ Արամ Քոչարյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
ՀՀ նախարարի այցելության հաջորդ նպատակակետը Լեռնային ուսումնավարժական կենտրոնն էր. այստեղ նա շրջեց զորամասում, հետեւեց ուսումնավարժական գործընթացին, մարտիկների զինավարժանքներին, որից հետո զորամասի նորակառույց մասնաշենքի լսարանում հանդիպում ունեցավ վանաձորյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը, պատասխանելով հկ-ների ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին: «Նոր սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մատինյանի «… հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, բանակի՝ ամենամեծ երիտասարդական կազմակերպության եւ երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը», մասնավորապես, կարեւորեց հասարակական սեկտոր-բանակ համագործակցությունը, նշելով, որ, օրինակ, հկ-ների կողմից իրականացվող կրթական-մշակութային ծրագրերի համար ոչ մի խոչընդոտ լինել չի կարող, հարկ է պարզապես պայմանավորվածություն ձերք բերել զորամասի ղեկավարության հետ. «Մի բան է, երբ զինվորին սպան է ասում, մեկ այլ բան՝ երբ քաղաքացիական հագուստով իր հասակակակիցը: Բացի այդ, սպան առավոտից իրիկուն զբաղված է, բանակում ստիպված ես ամեն օր նույն բանն անել, անընդհատ: Իսկ մեր նորակոչիկների 20 տոկոսը, ցավոք, դերեւս այն կարծիքին է, որ ծառայության այդ 2 տարին իր կյանքից կտրում են: Աշխատել է պետք, նաեւ ձեր օգնությամբ, որ հասկանա, որ դա իր պարտքն է Հայրենիքի հանդեպ: ՊՆ մակարդակով 30-ից ավելի հասարակական կազմակերպությունների հետ ենք համագործակցում»,- ասաց Ս. Սարգսյանը: Իսկ տարբեր կուսակցությունների քարոզարշավների համար բանակը փակ է, նախ, քանի որ բանակը ապակուսակցականացված է, նաեւ, մասնակցում է միայն համամասնական քվեարկությանը, ապա՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերին զինվորներն ազատորեն կարող են ծանոթանալ մամուլից (յուրաքանչյուր զորամասում այդ հնարավորությունը կա) եւ հեռուստատեսությամբ: Իսկ անմիջական հանդիպումների կազմակերպումը Սերժ Սարգսյանը անհնար եւ, նաեւ, ոչ ճիշտ համարեց, իսկ հանդիպումներ կազմակերպելը որեւէ զորամասի զինվորների մի փոքր մասի համար, այն դեպքում, երբ մյուսները գտնվում են դիրքերում՝ աննպատակահարմար: Ազգային բանակում մահացության, կոռուպցիայի երեւույթների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցին ի պատասխան, Ս. Սարգսյանը նշեց, որ մահվան դեպքերը բանակում գնալով քչանում են, նախորդ տարի արձանագրված 33 դեպքի քննությունները վարում են համապատասխան կառույցները: Չժխտելով, որ որոշ դեպքերում հնարավոր են ոչ բարեխիղճ հրամանատարների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր, նախարարը, սակայն, հավելեց, որ բանակում կոռուպցիա, որպես այդպիսին, գոյություն չունի: Իսկ զորակոչային գործընթացին քաղաքացիական վերահսկողության ապահովումն, ըստ նախարարի, բավարար հիմքերի վրա է դրված. բժշկական հանձնաժողովներում ոչ զինվորական բժիշկներ են, տեղական ինքնակառավարման մարմինները վերահսկում են, մարզպետարանները՝ եւս պատասխանատու են այդ գործընթացի համար. մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահը երբեք զինվորական չէ, մարզպետն է: «Առաջին շահագռգրված մարդը ես եմ, որպեսզի բանակ չզորակոչվի հիվանդ երիտասարդ, հիվանդ զինվորը պրոբլեմ է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ: Առավել նպատակահարմար է հիվանդ զինվորի փոխարեն պայմանագրային զինծառայող ընդունանեք բանակ: Բացի այդ, այն զինկոմիսարիատից, որտեղից ժամկետային զինծառայության համար ակնհայտ ոչ պիտանի զինվոր է զորակոչվել, որը մինչեւ 6 ամիս ծառայելը զորացրվում է բանակից, հագուստի, կոշիկի արժեքը, որը պետությունը ծախսել է այդ զորակոչիկի վրա՝ գանձվում է: Դա՝ առաջին անգամ, իսկ երկրորդ, երրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ աշխատանքից ազատում»: Իսկ առավել կոռումպացված են, ըստ նախարարի, քաղաքական կուսակցությունները. «…կարո՞ղ եք ասել, որ կուսակցությունն է Հայաստանում այժմ գոյատեւում միմիայն անդամավճարների հաշվին…»:
Օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ նրան ուղեկցող սպայական կազմը, պաշտոնատար անձինք մեկնեցին Երեւան:
8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան):