Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն` արտակարգ դատարան
12:23, June 24, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նստավայրը Ստեփանակերտ, ՀՀ օրենսդրությամբ համարում եմ արտակարգ դատարան: Այն սպասարկում է Սյունիքի մարզի վարչական տարածքը, որի մեջ չի մտնում զորամասի հրաձգարանի տարածքը: Այս առումով այն արտակարգ եմ համարում», դատական նիստի ժամանակ հայտարարել է Արթուր Սաքունցը` միջնորդելով այն ճանաչել որպես այդպիսին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նստավայրը Ստեփանակերտ, հունիսի 20-ին մեկնարկել է զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատաքննությունը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պահանջով: Նախաքննության ավարտից հետո տուժող կողմին չէր տրամադրվել քրեական գործի նյութերի պատճենը և Կալեյանների ընտանիքը հնարավորություն չէր ունեցել մինչ դատական նիստը ծանոթանալ և պատշաձ պաշտպանություն իրականացնել:
Նախաքննական մարմինը զինծառայողի մահվան այս դեպքը որակել է որպես ինքնասպանություն: Ըստ այդ վարկածի, իբր, Հայկ Կալեյանն իրեն ամրակցված գնդացիրից ինքնասպանության նպատակով որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել և Մարտունու զինվորական հոսպիտալ տեղափոխելուց հետո մահացել:
Քրեկան գործով Հայկ Կալեյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են 5 զինծառայողներ, որոնցից 3-ը պաշտպաններ չեն ունեցել: Դատական նիստի ընթացքում նրանցից մեկը հրաժարվել է դատարանի կողմից իրենց տրամադրված պաշտպանից, իսկ մյուս երկուսը ցանկություն են հայտնել առանց պաշտպանի մասնակցել: Դատավորը 3 մեղադրյալներին հնարավորություն է տվել մինչև հաջորդ նիստը փաստաբան ներգրավել:
Մեղադրյալներից երկուսի պաշտպանները եղել են ԼՂՀ փաստաբանակի պալատի անդամներ, ինչն ըստ Սաքունցի հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ այլ երկրի փաստաբանական պալատի ներկայացուցիչները ՀՀ դատական գործընթացին մասնակցելու համար պետք է ունենան ՀՀ փաստաբանական պալատի կողմից տրամադրված հավաստագրեր:
“Բնականաբար դատավորը մերժեց միջնորդությունը` ասելով, որ կարևորը պաշտպանությունն է”, նշեց Արթուր սաքունցը` տեղեկացնելով, որ դատական մյուս նիստին` հուլիսի 3-ին, անդրադարձ կլինի ընթացակարգային հարցերին:
Հիշեցնենք, 18 ամյա Հայկ Կալեյանը ՀՀ Զինված ուժերում հասցրեց ծառայել ընդամենը 74 օր: Նա բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածքային զինկոմիսարիատից 2012թ հունիսի 25-ին, ծառայությունն անցկացրել է ԼՂՀ Մարտունի 3 զորամասում: Հիշեցնենք նաև, որ մահվան այս դեպքը տեղ չի գտել Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում:
Զինծառայողի ընտանիքը մերժում է նախաքննության կողմից առաջ քաշած վարկածը:
Աղբյուրը՝ http://jfhr.am/?ln=1&id_=10&page_id=86