Սպանությունը գրեթե բացահայտվել է
00:00, September 3, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին սպանված 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը կարծես թե հասել է կրիտիկական կետի:
Գործով ամբաստանյալ, տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, որը մեղադրվում է Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության, վերջին դատական նիստի ժամանակ որոշ խաղաքարտեր էր բացել: Նա հայտարարել էր, որ իրականում ինքնասպանություն չի եղել: Հարությունյանը, սակայն, չէր ասել, թե ով է Խալաֆյանին սպանողը, այլ ընդամենը որոշ ակնարկներ էր արել` նշելով, թե գործով մեկ այլ ամբաստանյալ, տեղի ոստիկանության նախկին օպերլիազոր Մորիս Հայրապետյանն «իր գործողություններով մահ է պատճառել Վահան Խալաֆյանին»:
«Ես ասում եմ` անզգուշությամբ մահ է պատճառել ոստիկանը քաղաքացուն իր անփույթ գործողությունների հետեւանքով»,- ասել էր Հարությունյանը: Իրականում, սակայն, ինչպես երեկ մեզ հետ զրույցում ասաց դատավարության ընթացքին հետեւող իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Հարությունյանը նշել է ընդամենը սպանության գործիքի անունը: Իսկ գործիքը տվյալ դեպքում Մորիս Հայրապետյանն է: «Հարությունյանը համարձակվում է այս պահին գործիքին դիպչել, բայց Մորիսը ո՞ւմ գործիքն է, դրան ռիսկ չի անում դիպչի: Նա ուղղակի ուզում է սրանով հասկացնել, որ կարող է բացահայտել սպանողին, եթե իրեն զոհաբերեն: Իսկ նա հասկացել է, որ իրեն փորձում են զոհաբերել»,- ասում էր իրավապաշտպանը, որը մանրակրկիտ ծանոթ է Խալաֆյանի գործին սպանության իսկ օրվանից: Ոստիկանությունում սպանված երիտասարդի հորեղբայրը` Համիկ Խալաֆյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Հարությունյանի ասածն առայժմ ընդունում է որպես ինքնապաշտպանություն: «Բայց այսպես, թե այնպես, նա ինչ-որ ինֆորմացիաների է տիրապետում, որը, խնդրեմ, թող հրապարակի, թող շեշտի, թե ոնց է կատարվել` դրվագներով, անձերով եւ այլն»,- ասաց սպանվածի հորեղբայրը` հատուկ ուշադրություն հրավիրելով նաեւ այն փաստի վրա, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանը, որը բաժնում հիմնական դերակատարն է, շարունակում է պաշտոնավարել: «Այսօր նա դեռ վկայի կարգավիճակով է հարցաքննվում, բայց հիմնական դերակատարը ինքն է եղել, ուղղակի ուրիշի ձեռքերով փորձում է շագանակներ հանել եւ հաստատ ակնհայտ ճնշումներ է գործադրում իր աշխատողների վրա»,- ասաց Համիկ Խալաֆյանը:
Այն, որ Տոնոյանը մանրակրկիտ տեղյակ է սպանության հանգամանքներին եւ ներկա է եղել սենյակում ու լուրջ դերակատարում ունեցել գործի մեջ, ասում են տեղի ոստիկանության բաժնի շատ աշխատակիցներ: Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ ասում էր,- «Վերջին նիստի ժամանակ Խալաֆյանների փաստաբանը հարց տվեց Հարությունյանին` կա՞ բան, որ դու գտնում ես, որ պետք է ասվի ու չի ասվել: Ինքը մի պահ հապաղեց ու ասաց` ոչ, բայց ժպտալով: Այսինքն, սա միանշանակ ապացույց է, որ էլի ասելու բաներ կան: Ի՞նչ պետք է ասի Աշոտ Հարությունյանը, պետք է ասի իրականությունը, որ իրական բռնություններ կատարողը Խալաֆյանի նկատմամբ եղել է Սամվել Տոնոյանը: Այդ գողությունը, որ արվել էր, դրա մեջ մեղադրվող Դավիթ Գյուլումյանի հարազատները հայտարարեցին, որ իրենց երեխայի նկատմամբ բռնություններ եւ պարբերաբար շանտաժներ իրականացնողը Սամվել Տոնոյանն է: Այդ ո՞նց եղավ, որ բռնությունների մասին ահազանգի վերաբերյալ նախաքննության մարմինը` ՀՔԾ-ն որեւիցե քննություն չի իրականացվում: Նախաքննության մարմինը բացարձակ ուշադրություն չի դարձրել Սամվել Տոնոյանի` օպերգծով տեղակալի մասնակցությանը: Ոստիկանության բաժնում առանց օպերգծով տեղակալի քրեական բաժնի պետը չի կարող որեւէ գործողություն անել: Իրական քննությունը կոորդինացնում է օպերգծով տեղակալը: Իսկ քրեականի պետը կոորդինացնում է օպերների աշխատանքը: Այսինքն, Տոնոյանը անմիջական պատասխանատուն է: Բայց այդ մասով նախաքննության մարմինը այնպես է գործը տարել, որ Տոնոյանը ընդհանրապես գոյություն չունի»: Ըստ Սաքունցի, Հարությունյանը այլ ելք չունի, քան ասել ճշմարտությունը, բացել բոլոր խաղաքարտերը, բայց մյուս կողմից էլ հասկանում է, որ դա իր եւ իր ընտանիքի ֆիզիկական անվտանգության առումով մեծ ռիսկ է ներկայացնում: Հարությունյանի հարազատները եւս այս կապակցությամբ լուրջ մտավախություններ ունեն:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/16068
Լուսինե Բարսեղյան