Սպանվել է Լոռու մարզի դատախազը
00:00, August 28, 2007 | Հայտարարություններ2007 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում, անհայտ անձի կողմից սպանվել է Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Կարուշի Ղազարյանը:
Ա.Ղազարյանի ուղղությամբ արձակվել է 4 կրակոց, որոնց հետեւանքով մարզի դատախազը ստացել է 3 միջանցիկ եւ 1 կույր վնասվածք՝ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարովե տեսակի ատրճանակի 4 պարկուճ:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սարգսյանի եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի գլխավորությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ոստիկանության եւ ազգային անվտանգության փորձառու աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
http://www.genproc.am/print/am/50/2481