Վանաձորի քաղաքապետարանը պատասխանել է
00:00, January 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Տեղական ժողովրդավարություն2011 թ. հունվարի 25-ին Վանաձորի քաղաքապետարանը պատասխան է ուղարկել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր՝ Վանաձորի համայնքի ավագանու որոշմամբ նվիրված գույքի օրինականությունը հիմնավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր՝ Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Որոշման համաձայն` Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը և Տարոն 4 թաղամասում մոտ 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն անվարձահատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիային:
Կազմակերպությունը որոշումը բողոքարկել էր, այն հիմնավորմամբ, որ ավագանին համայնքին պատկանող գույքը նվիրաբերելու լիազորությամբ օժտված չէ: Այն կարող է միայն օտարվել վաճառքի ձեւով: Ուստի, նվիրատվության վերաբերյալ որոշումն օրինական չի կարող համարվել:
Վանաձորի քաղաքապետարանն իր պատասխան հայցադիմումում հիմնավորել է նվիրատվության վերաբերյալ որոշման օրինականությունը: Մասնավորապես՝ հայցադիմումի պատասխանում նշել է, որ սեփականության իրավունքի վկայականով տարածքը հանդիսանում է համայնքի սեփականությունը եւ հղում է կատարել քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածին, որով սահմանվում է. «Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»:
Մինչդեռ կազմակերպությունը գտել է, որ տվյալ պարագայում, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի վիճարկվող որոշմամբ խախտվել է Վանաձորի համայնքի բնակիչների համայնքային սեփականության իրավունքը. նրանք ապօրինաբար զրկվել են իրենց համայնքային մարզադաշտից, այդ իսկ պատճառով դիմել է դատարան:
Դատարանը կորոշի, թե արդյոք իրավաչափ է եղել ավագանու որոշումը:
Կից ներկայացվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի պատասխանը: