Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի կիրառումը իրավականորեն հիմնավորված չէ, նրան պատժեցին իր գործունեության համար. կարծիքներ
11:50, November 11, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրկու մահվան ելքով տեղի ունեցած ավտովթարի գործով դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը իրավապաշտպան, Հելսինկյան Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համարում է իրավականորեն ոչ հիմնավորված և պատժի կիրառում հենց դերասանի գործունեության համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում իրենց դիրքորոշումները հայտնեցին նաև արվեստագետներ, որոնք նույնպես ցավում են կատարվածի համար, բայց համաձայն չեն դատարանի որոշման հետ:
«Խափանման միջոցի ընտրության հարցը պետք է տարանջատել անձի նկատմամբ մեղադրանքից: Այստեղ կանխամտածված շփոթության մեջ են գցում, որ խափանման միջոցն ուղղակի կապ ունի հանցանքի հետ, որում անձին մեղադրում են: Վարդան Պետրոսյանի անձով պայմանավորված չէ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ունի պատժողական բնույթ, այսինքն՝ կիրառվում է ոչ թե օրենսդրության տրամաբանությունից, այլ պատժի տրամաբանությունից: Դատարանը պարտավոր է ելնել այն հանգամանքից, որ դա ծայրահեղ միջոցը պետք է հանդիսանա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե անձը կարող է կամ խուսափել, կամ թաքնվել նախաքննության մարմնից, կամ վտանգ է ներկայացնում նախաքննության համար, նոր պետք է կիրառվի կալանքը:
Իսկ կոնկրետ Վարդան Պետրոսյանի դեպքում, ըստ նրա, պատգարակին գամված առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կիրառելը որևէ տրամաբանությամբ հիմնավորված չէ, և հաստատ նա չէր կարող փախչել: Նա հանրաճանաչ անձ է, որին ճանաչում են ամեն տեղ: «Տվյալ դեպքում կիրառումը ակնհայտորեն իրավական տեսակետից հիմնավոր չէ, բայց, հաշվի առնելով նրա գործունեության բնույթը, ավելի շատ հակված եմ գնահատելու, որ նրան պատժեցին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, թե վերստին հաստատվեց, որ դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունները նոտարական վավերացնողի դիրքում է:
Նրա խոսքով՝ տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում, որն ունի նրան պատժելու նպատակ՝ ելնելով նրա գործունեությունից, և դատական ատյանն ընդամենը մեխանիկական գործունեություն իրականացրեց:
«Ակնհայտ է, որ նա կտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց, և այդ դեպքում ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է դրանից շահում նախաքննության մարմինը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
«Անկասկած, ցավակցում եմ մահացած երիտասարդների հարազատներին, դա մի մեծ ողբերգություն է, բայց այդ ողբերգության մի մասն էլ, անկասկած, Վարդան Պետրոսյանն է կազմում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Նարեկ Դուրյանը և ավելացրեց. «Ես համաձայն չեմ, ես Վարդանին շատ լավ իմանալով, նրա խելքը գլխին տղա լինելն իմանալով՝ ես չեմ կասկածում, որ Վարդանը երբեք իր պատասխանատվությունից կխուսափի: Եվ այս վիճակում տղային ձերբակալելու հետ համաձայն չեմ, Վարդանը չի փախչի, ես երաշխավորում եմ, որ իր պատասխանը կտա»:
Ռեժիսորի խոսքով՝ հատկապես եթե իրավական հիմք չկա, ինքը համաձայն չէ, որ դերասանին այդ վիճակով կալանավորեն։ «էդ տղան էդ վիճակում, կես լյարդով, առանց փայծաղի, և լիներ Վարդանը, թե մեկ ուրիշը, էլեմենտար մարդկային մոտեցման հարց է, որ իրեն տանեն բանտ… ես համոզված եմ, որ ինքը չէր փախչի: Նա այդ տղան չէ»,- ասաց նա
Նարեկ Դուրյանը զերծ մնաց դատարանի որոշումը դերասանի գործունեության հետ կապելուց: «Ես չեմ ուզում մտածել, որ իր գործունեությամբ է դա պայմանավորված, ես չեմ ուզում դրան հավատալ, ես չեմ կարող 100%-ով ասել, որ այդպես է, և չեմ կարող նաև ասել, որ այդպես չէ»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն էլ ընդգծեց. «Եթե օրենք է, ի՞նչ կարող ես ասել, պարզ է, դա շատ ցավալի բան է, նա իմ կոլեգան է, տաղանդավոր տղա ու ցավալի կլինի, եթե կալանք կամ դատապարտում լինի նրա նկատմամբ»:
Երաժիշտ Դավիթ Ամալյանը նույնպես կարծիք հայտնեց, թե Վարդան Պետրոսյանն այդ մարդը չէ, որ հետ կանգնի իր արարքից. «Ես համոզված եմ, որ ինքը տեսակով այն մարդը չէ, որ չարին չարով պատասխանի»:
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանն էլ ավելացրեց, որ, իհարկե, սխալ են վարվել նրա հանդեպ: «Իհարկե, բոլոր դեպքերում օրենքը պետք է աշխատի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մարդկային և այլն: Շատ ցավալի է, շատ համարձակ մարդ է Վարդանը, և ինքն էլ էր գտնում, որ իր նկատմամբ օրենքը պետք է աշխատի»,- ասաց նա:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/11/11/vardanpetrosyan/