Վերադարձածներին են օգնում
00:00, November 12, 2010 | Մամլո հաղորդագրություններՈրոնք չեն հարմարվում մեր միջավայրին
Արդեն մեկ տարուց ավելի է՝ հանրապետության մի շարք մարզերում սկսել են գործել միգրացիոն տեղեկատվական կենտրոններ, որոնք իրենց վրա են վերցրել այն խնդիրը, թե ինչպես օգնել մեր երկիր հետ եկածներին:
Պարզվում է, որ վերադարձածները բավականին մեծ խնդիրներ են ունենում՝ իրավաբանական, տնտեսական, սոցիալական եւ այլն: Այս մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակագրող Արայիկ Զալյանը:
Նրա խոսքերով, իրենք գործ են ունենում այն քաղաքացիների հետ, որոնք մեկնել են եւ հետ գալով՝ չեն հարմարվում միջավայրին, աշխատանք չեն կարողանում գտնել, կամ էլ առանց փաստաթղթերի են վերադարձել Հայաստան. «Ասենք՝ չունեն հայկական անձնագիր: Օրինակ, մեզ դիմել է քաղաքացի՝ Վրաստանից վերադարձած, որն ընդհանրապես ինքնությունը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, նրա հարցը մեծ դժվարությամբ է լուծվել, բայց արդեն մոտ 2 ամիս է՝ նա ունի անձնագիր: Մեկն էլ վերադարձել էր ԱՄՆ-ից, նա փաստաթուղթ էր ներկայացրել նոտարական գրասենյակ, ըստ որի՝ ինքը սովորել էր ինչ-որ բուհում, սակայն նոտարական գրասենյակը դա չէր թարգմանել: Փորձում ենք օգնել այս քաղաքացիներին, որ այսպիսի խնդիրները կարողանան լուծել:
Ընդհանրապես մենք փորձում ենք միգրանտներին աշխատանքի տեղավորել եւ աշխատում ենք զբաղվածության կենտրոնի եւ նոր գործատուների հետ: Հետ եկածներին մենք տալիս ենք նաեւ փոքրիկ դրամաշնորհներ, բայց ապրանքի տեսքով, ոչ թե գումարի, որն օգնում է այդ մարդկանց՝ ինչ-որ գործ սկսել: Դրա հետ կապված ասեմ, որ մեր մարզում դեռ դրամաշնորհներ չեն տրամադրվել: Ունենք 3 ծրագիր: Մի ծրագրի հեղինակը՝ Գայանե Ղեւոնդյանը, նախատեսում է կոմպլեքս ծառայությունների մատուցման կենտրոն բացել, որի մեջ մտնելու են իրավաբանական, սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական ծառայությունները: Նա վերադարձել է Ռուսաստանից, մասնագիտությամբ հոգեբան է եւ ցանկանում է բացել այդ կենտրոնը, որպեսզի ինքն էլ կարողանա այդտեղ աշխատել: Մենք նրա եւ եւս 3 քաղաքացիների համար կազմակերպել ենք հայոց լեզվի դասընթաց: 2-րդ ծրագրի հեղինակը մտադիր է հարսանիքներ եւ այլ միջոցառումներ նկարահանելու կենտրոն բացել: Մյուսն էլ ծրագրել է համերգների, հարսանիքների եւ այլ շուների կազմակերպմամբ զբաղվել: Մեր շահառուների համար մենք կազմակերպում ենք բիզնես-դասընթաց, որի ժամանակ բացատրվում է, թե ինչպես պետք է բիզնեսը վարել, դրանից հետո ներկայացնում են իրենց բիզնես- ծրագիրը՝ մեր հաստատմանը»:
Մեր հարցին, թե կա՞ն չափորոշիչներ, որոնք պետք է պահպանեն շահառուներ ընտրելիս, պարոն Զալյանն ասաց. «Երբ անձը գալիս է մեր կենտրոն, նա պետք է համապատասխանի մեր չափանիշներին: Առաջինն այն է, որ պետք է 2 տարուց ավելի բնակված լինի որեւէ եվրոպական երկրում, պետք է վերադարձած լինի ամենաշատը մեզ դիմելուց 1 տարի առաջ, քանի որ, եթե նա մեկ տարուց ավելի բնակվել է Հայաստանում, արդեն հարմարվել է միջավայրին: Այժմ ունենք 19 շահառու, որոնց համար պետք է բիզնես-դասընթացներ կազմակերպենք»: Հարցին էլ, թե ավելի շատ կանա՞յք են իրենց դիմում, թե՞ տղամարդիկ, նա պատասխանեց՝ տղամարդիկ:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/am/articles/society/85477/view