Վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նոր քննության
00:00, December 25, 2009 | Արդար դատաքննության իրավունք | Կոռուպցիայի կանխարգելում2009 թ. դեկտեմբերի 25- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու պարտավորեցնելու պահանջի մասին դիմումը:
Կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն քննիչի կողմից անօրինական գործողությունների, մասնավորապես` քաղաքացու բնակարանում առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնելու համար: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, անձի բնակարանում խուզարկելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:
Ներկայացված հաղորդման հիման վրա, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատախազությունը պարտավոր էր կայացնել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Հակառակ դրան, դատախազությունը կազմակերպությանն է ներկայացրել ոչ թե որոշում, այլ բացատրություն` քննիչի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ:
Փաստորեն, կազմակերպությունը այդպես էլ տեղեկատվություն չստացավ դատախազության կողմից քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ:
Նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչ, դատախազ Ստեփանյանը դատախազության այս գործողությունը բացատրում է նրանով, որ օրենքով Լոռու մարզի դատախազությունը համապատասխան իրավասություն չունի: Ըստ Ստեփանյանի` քննիչների թույլ տված անօրինական գործողությունների քննության և դրա հիման վրա համապատասխան որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է Հատուկ քննչական ծառայությունը:
Դատախազ Ստեփանյանը հաշվի չի առնում օրենքի այն դրույթը, որ դատախազը նման դեպքում ևս պարտավորվում է որոշում կայացնել գործը ըստ ենթակայության հանձնելու վերաբերյալ և այդ որոշման պատճենը հանձնելու հաղորդումը ներկայացրած անձին:
Փաստորեն, օրենքը բոլոր դեպքերի համար էլ դատախազությանը պարտավորեցնում է որոշում կայացնել:
Այս հանգամանքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Հովակիմյան/ հաշվի չառավ և այդպես էլ դատախազությանը չպարտավորեցրեց: Այս դիրքորոշումը պատճառաբանվեց քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով` իբր կազմակերպությունը պարտավոր էր Լոռու մարզի դատախազության գործողությունները բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ապա մերժումից հետո միայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
2009 թ. դեկտեմբերի 7-ից ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմամբ 290 հոդվածի հենց այդ հատվածը ”…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից” ճանաչվել է հակասահմանադրական, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չկիրառեց այդ որոշումը և մերժեց: Սահմանադրական դատարանը գտել է, որ նման դրույթը սահմանափակում է մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այդ պահանջը չկատարեց:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը` գործը ուղարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության: Միաժամանակ վերաքննիչ դատարանը անդրադարձել է Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկին, որտեղ Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ քրեական դատավարական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը չպահպանելը այդ դեպքում հավասարազոր է անգործության: Դատարանը գտել է, որ տվյալ որոշման մեջ առկա մեկնաբանության իմաստով Լոռու մարզի դատախազությունը, հաղորդմանը գրությամբ պատասխանելով, դրսևորել է անգործություն: