Վերաքննիչ դատարանը սկսեց Խալաֆյանի գործով 4 բողոքների քննությունը
00:00, February 4, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | ՈստիկանությունՎերաքննիչ քրեական դատարանը հինգշաբթի օրը սկսեց Վահան Խալաֆյանի գործով միանգամից 4 վերաքննիչ բողոքների քննությունը:
2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին հրավիրված, ապա, հարազատների պնդմամբ, սպանված, իսկ պաշտոնական վարկածով` ինքնասպան եղած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով առաջին ատյանի դատարանի վճռից դժգոհ են բոլոր կողմերը:
Գործով տուժող կողմը` Վահան Խալաֆյանի իրավահաջորդը, Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ Չարենցավանի ոստիկանության Քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, 8 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանին դատապարտել ոչ թե Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու, այլ նրա նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Տուժող կողմը պահանջում է նաեւ խստացնել օպերլիազոր Մորես Հայրապետյանի պատիժը` պայմանական ազատազրկումը փոխարինելով ազատազրկմամբ, եւ չեղյալ համարել օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին արդարացնող որոշումը:
Վերջիններիս արդարացնող վճիռը բեկանելու պահանջով Վերաքննիչին է դիմել նաեւ գործով մեղադրող կողմը:
Աշոտ Հարությունյանն իր հերթին պահանջում է քրեական գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան եւ քննել նոր կազմով: Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքով` «մինչեւ Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները հստակորեն չորոշվեն, Աշոտ Հարությունյանին նման հոդվածով դատապարտելը ուղղակի անհեթեթություն է»:
Վերաքննիչ դատարանին պահանջներ է ներկայացրել նաեւ օպերլիազոր Մորես Հայրապետյանը: Նա պահանջում է կարճել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, թե Մորես Հայրապետյանը անզգուշորեն մահ է պատճառել Վահան Խալաֆյանին: Նա նաեւ ասել էր, որ տեսել է դանակ` Մորես Հայրապետյանի ձեռքին:
Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի` 4 բողոքները միասին պետք է քննել վճռաբեկության կարգով, այսինքն` առանց ապացույցները մանրամասն հետազոտելու: Այդ որոշման մեջ նաեւ նշված է, թե նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ չեն եղել:
Մինչդեռ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով, իրենք միջնորդել են Վերաքննիչ դատարանում հետազոտել նոր ապացույցներ, մասնավորապես` հարցաքննել ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետին եւ նրա տեղակալին` մինչ օրս պաշտոնավարող Սամվել Տոնոյանին, բացի այդ` կատարել քննչական փորձարարություն եւ ստուգել վարկածը, թե ինչպես կարող էր Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժնում վերցնել դանակը, ապա ոստիկանների ներկայությամբ դանակով երկու անգամ հարվածել ինքն իրեն:
Դատարանում տուժող կողմը այս միջնորդությունները համադրեց Վերաքննիչ դատարանի որոշմանը եւ հայտարարեց, թե դատավորներ Աիդա Հովհաննիսյանը, Եվա Դարբինյանը եւ Սերգեյ Չիչոյանը կողմնակալ են` այսպիսով բացարկ հայտնելով դատավորներին: Աշոտ Հարությունյանը եւ նրա պաշտպանը միացան տուժողի միջնորդությանը:
Մեղադրող Հարություն Հարությունյանը խնդրեց չընդունել բացարկը: Մեղադրողների հետ համամիտ էր Մորես Հայրապետյանը, նա նույնպես խնդրեց մերժել բացարկի միջնորդությունը:
Դատարանը մերժեց դատավորներին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը:
Ապա տուժող կողմը բացարկ հայտնեց նաեւ մեղադրողներին` դատախազներ Կորյուն Փիլոյանին եւ Հարություն Հարությունյանին` նշելով, որ նախաքննություն իրականացնող մարմինը հաշվի է առել միայն Վահան Խալաֆյանի ինքնասպան լինելու վարկածը, ինչը տուժող կողմը արժանահավատ չի համարում:
Դատարանը մերժեց նաեւ դատախազներին ներկայացված բացարկը, այնուհետեւ նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 22-ը:
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/2296823.html