Վկաները հաստատեցին Աշոտ Հարությունյանի ցուցմունքները
00:00, September 30, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՎահան Խալաֆյանի «ինքնասպանության» գործով երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք են տվել երեք վկաներ` շտապօգնության կանչով ոստիկանություն ժամանած բժիշկը, բուժքույրը, ոստիկանության Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանը, Չարենցավանի բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր) պետ Հովհաննես Կարապետյանը:
Նրանք դատարան էին հրավիրվել «ինքնասպանության հասցնելու» մեջ մեղադրվող նույն բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի եւ նրա պաշտպանի միջնորդությամբ:
Դատարանը, սակայն, հետաձգեց ռուսախոս բժշկի հարցաքննությունը` նրան թարգմանիչով ապահովելու համար: Իսկ բուժքույրն իր ցուցմունքում նշեց, որ շտապօգնության կանչով եւ Աշոտ Հարությունյանի ուղեկցությամբ եկել է ոստիկանություն, տեսել Վահան Խալաֆյանին` գետնին պառկած վիճակում, անգիտակից, նրա զարկերակի աշխատանքը չի զգացել, ցանկացել է` սրսկել, սակայն դա աննպատակահարմար է եղել: Նրա վրա վնասվածքներ չի տեսել, քանի որ հագուստները ծածկել են մարմինը, դեմքին ոչ վնասվածք է տեսել եւ ոչ էլ արյուն: Դրանից անմիջապես հետո Վահանին տեղափոխել են հիվանդանոց:
Արման Զարգարյանն էլ իր ցուցմունքում նշեց, որ ճաշից հետո է եկել բաժին, Աշոտ Հարությունյանին տեսել է 16.30-17-ի հատվածում: Աշոտը նրան ասել է` գնանք սուրճ խմելու եւ միասին գնացել են Աշոտի աշխատասենյակ, որտեղ սուրճ խմելուց հետո Աշոտը գնացել է գործավարության սենյակ: Հիշեցնենք, որ Աշոտը հենց այնտեղ գտնվելու ժամանակ էր դմփդմփոց լսել, մի քանի րոպեով մտել տվյալ սենյակ, վիճել Մորիս Հայրապետյանի հետ ու դուրս եկել, որից հետո էլ տեղի էր ունեցել «ինքնասպանությունը», եւ կրկին այդ սենյակ մտնելուց հետո Մորիսի ձեռքին տեսել սպանության գործիք դանակը:
Վկա Հովիկ Կարապետյանն էլ ասաց, որ Աշոտ Հարությունյանը Էջմիածնից վերադառնալուց հետո քննչական խումբ է կազմել եւ 17-ից 20 պակաս ուղարկել Էջմիածին: Կարապետյանը եւս այդ խմբի հետ գնացել է Էջմիածին: Կարճ ասած` նրանց ցուցմունքները համընկնում են Աշոտ Հարությունյանի ցուցմունքներին եւ հակասում սույն գործով անցնող մյուս երեք ամբաստանյալների տված ցուցմունքներին: Ի դեպ, դատարանը չէր բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը` գործավարության սենյակի աղջիկներին հարցաքննելու վերաբերյալ:
Հաջորդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, հավանաբար ցուցմունք կտան տուժող կողմի հրավիրած վկաները` ոստիկանության օպեր Գարիկ Հալեյանը եւ Նորայր Գրիգորյանը: Վերջինս եւս, ըստ Աշոտ Հարությունյանի ցուցմունքի, իր հետ գնացել է Էջմիածին` գողոնը բերելու:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/16141/