Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկու բողոքները
13:57, January 11, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2012 թ. դեկտեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հետ վերադարձնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված 2 բողոքները:
Առաջին բողոքում ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարանից պահանջում է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին և կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հօգուտ Կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա։
Երկրորդ դեպքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Նարեկ Ափինյանի գործով` խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքները հետ վերադարձնելու մասին որոշումներ է կայացրել՝ նշելով, որ բողոքներում բացակայում են վարույթ ընդունելու հիմքերը և դրանց հիմնավորումները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկու դեպքում էլ պատրաստվում է դիմել ՀՀ սահմանադրական դատարան: