“Վնասի նվազեցումը և մարդու իրավունքները” թեմայով երրորդ դասընթացը
00:00, December 17, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Թմրամիջոցներ գործածողներ“Եթե գործածում ես թմրամիջոցներ, ապա դա արա հնարավորինս անվտանգ ձևով’’,-վնասի նվազեցման ծրագրերի հիմնական փիլիփոսափայությունը ներկայացրեց փորձագետ Արթուր Պոտոսյանը:
2009 թ-ի դեկտեմբերի 15-ին Վանաձորի ՀԿ կենտրոնում կազմակերպվել էր “Վնասի նվազեցումը և մարդու իրավունքները” թեմայով հերթական դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի, հոգենյարդաբանական դիսպանսերի բուժաշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ:
Դասընթացի ժամանակ ”Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք” կազմակերպության նախագահ Ա. Պոտոսյանը ներկայացրեց ՄԻԱՎ վարակի տարածման աշխարհագրությունը: Ըստ Ա. Պոտոսյանի՝ վարակի նոր դեպքերի ավելի քան 96%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներով երկրներում: Ներկայացվեց վարակի տարածման տեսակետից իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում, որտեղ կալանավորվածների և բանտարկյալների 70%-ը գիտելիքներ չունի ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին:
Դասընթացի մասնակիցները տեղեկացան ներարկային թմրամիջոցների պատճառած վնասների և վնասի նվազեցման ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանց ներկայացվեց նաև թե ինչ են մարդու իրավունքները և ինչով են դրանք առնչվում թմրամիջոց գործածողների և վնասի նվազեցման ծրագրերի հետ:
Դասընթացի մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով սովորեցին կողմնորոշվել, թե կոնկրետ իրավիճակներում մարդու որ իրավունքներն են ոտնահարվել: Փորձեցին ներկայացնել և հիմնավորել իրենց տեսակետը վնասի նվազեցման ծրագրերին կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ”Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: