Րաֆֆիին այսօր կհուղարկավորեն. որքա՞ն են հանդուրժելու այս ամենը զոհվածների ծնողները
06:55, April 22, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱպրիլի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից տեղում մահացած 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր կեսօրին: Այս մասին 168.am-ին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նաև իր կարծիքը հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ:
«Անկախ մահվան պատճառից` ինքնասպանություն է, թե ինքնասպանության հասցնել, թե սպանություն, բանակում հերթական մահվան փաստն ենք ստիպված արձանագրում… Եվ հերթական անգամ ստիպված ենք քննություն իրականացնել` պատճառները գտնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ջանքեր գործադրելու… հերթական անգամ ԶՈւ ղեկավարությունը պետք է փաստը ներկայացնի որպես բացառություն, պետք է կապի կոնկրետ իրավիճակի, կոնկրետ հրամանատարների հետ… բայց հերթական անգամ մենք ամրագրում ենք, որ մահացության դեպքերին հանգեցնող պատճառները վերացված չեն Զինված ուժերից… Դրանք են` կոռուպցիա, անպատժելիություն, հովանավորչություն, ոչ որակյալ սպայական կադրեր, բողոքարկման արդյունավետ մեխանիզմների բացակայություն, հասարակական, քաղաքացիական և ժողովրդավարական հսկողության արդյունավետ մեխանիզմների բացակայություն, և այլն:
Նշված և այլ նմանատիպ խնդիրների չլուծված լինելու հանգամանքը բերում է և բերելու է, ցավոք սրտի, մահացությունների, խեղումների հերթական դեպքերի, և այս ամենի պատասխանատվությունը անմիջապես կրում է պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որոնք շարունակում են պաշտոնավարել, իսկ Սերժ Սարգսյանն էլ շարունակում է նրանց թողնել պաշտոնավարել: Այսինքն` անմիջական պատասխանատվությունը կրում է հենց Գերագույն գլխավոր հրամանատարը: Որքա՞ն են հանդուրժելու այս ամենը, առաջին հերթին, զոհվածների ծնողները, հասարակությունը: Վերջիվերջո, բավական չի՞ անգործության համար վճարել»,- ասաց Աչթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://168.am/2013/04/22/213620.html