Փաստաբանն ու քննիչը կեղծել են
00:00, October 1, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ18 ամիս հանիրավի պատիժ կրելուց հետո 2010 թվականի ապրիլի 17-ին կալանավայրից ազատ է արձակվել Նորիկ Պողոսյանը, ում գործով մինչ օրս վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի:
Ամեն ինչ սկսվել է 2008 թվականի օգոստոսի 23-ին, երբ Լոռու մարզային քննչական բաժնի Թումանյանի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով, որին Նորիկ Պողոսյանը կանչվել եւ հարցաքննվել է որպես վկա: Այնուհետեւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` թմրամիջոցների ապօրինի իրացնելը:
«Իրացնելը», ըստ մեղադրանքի, կայանում է նրանում, որ Նորիկ Պողոսյանը Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող իր հոր տան տնամերձ հողամասում, ապօրինի աճեցված կանեփ տեսակի բույսից, Ալավերդի քաղաքի բնակիչ` Արթուր Լալայանի խնդրանքով, թույլատրել է քաղել տերևներ:
Նորիկ Պողոսյանը անգրագետ է` գրել եւ կարդալ չգիտի, այդ պատճառով նախաքննության ընթացքում նրա ցուցմունքները գրի է առել քննիչ Սամվել Թանդիլյանը: Նորիկ Պողոսյանն իր ցուցմունքների տակ ստորագրելու փոխարեն «խաչ» է դրել: Նրա ցուցմունքներն օրինականացնելու նպատակով քննիչ Սամվել Թանդիլյանի առաջարկով գործին ներգրավվել է փաստաբան Աննա Թամազյանը, որը եւս ստորագրել է Նորիկի տված ցուցմունքների տակ` հաստատելով, որ դրանք գրված են վերջինիս խոսքերից: Նորիկ Պողոսյանը հետագայում դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը թույլ չի տվել Արթուր Լալայանին իր հոր տան հողամասից տերեւներ պոկել եւ նման ցուցմունքներ չի տվել:
«Մեղադրյալի հարցաքննության վերաբերյալ արձանագրության մեջ ներառված տեղեկությունները չեն գրառվել Նորիկ Պողոսյանի ասածներից և բառերից: Քննիչը արձանագրությունը կազմել է իր ձեռքով և արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ»,- համոզված են Նորիկի դատապաշտպանները:
Նշենք, որ քննիչ Սամվել Թանդիլյանը դատապարտվել է կաշառք վերցնելու մեղադրանքով: 2008 թվականին նա 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել Արծրուն Ամիրջանյանից` նրան չկալանավորելու, դատի չտալու եւ քրեական գործի վարույթը կարճելու համար:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ փաստաբան Աննա Թամազյանը ներգրավվել է քրեական գործի նախաքննությանն առանց Նորիկ Պողոսյանի ցանկության եւ համաձայնության:
«Փաստաբանի մասնակցությունը քննիչին պետք էր նրա համար, որպեսզի օրինականացվի իր կողմից կազմած արձանագրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Պողոսյանի ներկայիս դատապաշտպան Էդմոն Մարուքյանը:
2009 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբան Աննա Թամազյանին ճանաչել է մեղավոր «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտման համար, իսկ որոշման 2-րդ կետով Աննա Թամազյանի նկատմամբ որպես տույժ նշանակվել է նկատողություն: Սակայն Փաստաբանների պալատի այս որոշումն այլեւս չէր կարող օգնել Նորիկ Պողոսյանին ազատվելու քրեական հետապնդումից, քանի որ նախաքննությունն ավարտված էր, եւ գործն ուղարկվել էր դատարան:
Իսկ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին Նորիկ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Բաղդասարյանի կողմից: Նույն դատավորը, քննելով Նորիկ Պողոսյանի գործը, նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել է 3 տարվա ազատազրկման, այն դեպքում, երբ Արթուր Լալայանը դատարանում պնդել է, որ նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ Նորիկ Պողոսյանի թույլատրությամբ է քաղել բույսը, կեղծ է, և ինքն այդ ցուցմունքը տվել է քննիչի պահանջով և քննիչի կողմից բռնությունների և խորթ մեթոդների (խոշտանգումներ) կիրառման արդյունքում:
«Արթուր Լալայանի նշված պնդումը` նախաքննության և դատաքննության ժամանակ կատարված հայտարարությունները պատշաճ և արժանի ուշադրության չեն արժանացել ոչ դատարանի, ոչ էլ մեղադրող դատախազի կողմից»,- ասում է դատապաշտպան Էդմոն Մարուքյանը:
Նորիկի դատապաշտպանները բողոքարկել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը պատժաչափը կրճատել է` Նորիկ Պողոսյանին դատապարտելով 18 ամսվա ազատազրկման: Մինչ գործը կքննվեր Վճռաբեկ դատարանում, Նորիկը 18 ամիս անցկացնում է կալանավայրում, ապա նոր ազատ է արձակվում` «կրելով իր պատիժը», որի վերաբերյալ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի, քանի որ Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը, եւ Նորիկ Պողոսյանի գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության:
«Այն ապացույցները, որի հիման վրա Նորիկ Պողոսյանի նկատմամբ մեղադրանք են առաջադրել, լիովին անհիմն են, «թմրամիջոցի իրացում» արարքը մտացածին է»,- մեզ հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրան հասած տեղեկություններով` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մարդկանց ազատազրկելու վերաբերյալ կա դատախազության հրահանգ:
«Իբր թե պայքարում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, սակայն պատժիչ մեղանիզմն ուղղվում է ոչ թե նպատակին, երբ կա թմրամիջոցների լուրջ շրջանառություն, այլ ցանկացած անմեղ անձի դեմ»,- ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով` Նորիկ Պողոսյանը ոչ ճիշտ ժամանակին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտոնում եւ անհիմն մեղադրանքի հիման վրա մեկ ու կես տարի գտնվել ազատազրկման մեջ:
«Աբսուրդն այն է, որ ինքն իր «պատիժը» կրել է եւ դուրս է եկել, բայց դատական գործի քննությունը դեռ շարունակվում է»,- նշում է իրավապաշտպանը եւ հարցնում, թե ով է պատասխան տալու Նորիկ Պողոսյանի` հանիրավի կրած պատժի համար:
Հոկտեմբերի 1-ին կշարունակվի գործը քննությունը, իսկ Նորիկ Պողոսյանն արդեն տանն է` ընտանիքի գրկում և մտորում է իր հանիրավի կրած պատժի և դրա դիմաց փոխհատուցում ստանալու մասին:
«Մենք կդիմենք Եվրոպական դատարան, որի միջոցով կարող ենք ապօրինի կալանավայրում գտնվելու ամեն օրվա դիմաց 40 եվրո փոխհատուցում ստանալ պետությունից», ասում է Նորիկ Պողոսյանի դատապաշտպան Էդմոն Մարուքյանը:
Փաստորեն, եթե այս գործով տարիներ անց Եվրոպական դատարանը կայացնի «ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւս մեկ որոշում, դրա արդյունքում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի քաղաքացիների հարկերից գոյացող պետական բյուջեից Նորիկ Պողոսյանին փոխհատուցել մոտ 21 հազար եվրո:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country39064.html
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ